Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԽԱԲՎԵՔ ՈՒ ՉԹՈՒՆԱՎՈՐՎԵՔ»

Հոկտեմբեր 08,2009 00:00

Ժողովրդին կոչ է անում Արմեն Ռուստամյանը

Երեկ Գյումրիում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գյումրեցիներին մանրամասնորեն բացատրեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների «քողարկված» կետերը: Նրա մեկնաբանություններով՝ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, բայց դարձյալ մեկուսացման մեջ է. ժողովուրդը չգիտի՝ իրականում ինչ է կատարվում: «Մեր աչքի առաջ մեր ճակատագիրն է որոշվում, բայց մենք անհաղորդ ենք, տեղեկատվական շրջափակման մեջ ենք, եւ ՀՅԴ-ն փորձում է ժողովրդին բացատրել, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի կարողանանք ծանր ու թեթեւ անել, եթե հիմա չկարողանանք ոչ մի բան փոխել, վաղը հաստատ չի փոխվելու, մեր ժամանակը հաշված է»,- նախազգուշացրեց պարոն Ռուստամյանը՝ անդրադառնալով «խաբեության, որոգայթի» բուն էությանը: Նա, խոսելով նախապայմանների մասին, շեշտեց, որ արդեն իսկ Հայ Դատի գրասենյակից բազմաթիվ ահազանգեր են հնչում առ այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսը «դեմ է առել պատին», եւ բոլոր երկրները սկսել են կրկնել Օբամայի մտքերը: «Երբեմն սրբապղծության հասնող հայտարարություններ են հնչում, որոնք բարոյական ոչ մի նորմի չեն տեղավորվում, ասում են՝ ի՞նչ օգուտ մեզ ցեղասպանության ճանաչումից, մի 20 երկիր էլ ճանաչեցին, հետո՞: Չեն հասկանում, որ Հոլոքոստը, որ ճանաչվում է, ինչ զենք է հրեաների ձեռքին: Այդ դեպքում Թուրքիան ինչո՞ւ էր աստղաբաշխական գումարներ ծախսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմն առնելու. մենք իրեն էս գլխացավանքից ազատեցինք էս ստորագրությամբ: Պատկերացրեք՝ բանը հասել է նրան, որ Գյուլը Փարիզում հայտարարել է, թե հայերի հետ պետք է հանձնաժողով ստեղծեն, արխիվները քննեն, թե չէ՝ առանց փաստերի խոսում են, թե ցեղասպանություն է եղել: Եվ սա հայտարարում է մի երկրում, որը մի քանի քայլ առաջ է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում, որտեղ ուրացման դեմ պատիժ է սահմանված. նա, ով հրապարակային կասկածի տակ կառնի ցեղասպանության հարցը, կկանգնի դատարանի առջեւ: Թուրքիան դիմելու է ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, որպեսզի վերանայեն իրենց որոշումները, իսկ նրանք, անշուշտ, կկասեցնեն՝ պատճառաբանելով՝ այն, ինչ ձեռնարկվելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, չխանգարենք: Մենք շատ լուրջ նվեր մատուցեցինք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը՝ նա նախեւառաջ իր զայրույթը հայտնեց, որ փորձում էին կոծկել, թե այդպիսի հանձնաժողով չկա: «Եթե պատմաբանների հանձնաժողով չկա, ովքե՞ր են, որ գործելու են պատմության հարթության վրա՝ էկոլոգնե՞րը, թե՞ կոշկակարները: Սրանով թուրքերը առաջ են քաշելու նոր վարկած. եղել է Առաջին համաշխարհային պատերազմ, եւ հայերը մեր տեղանքում գործել են մեր թշնամու համար, մենք էլ նրանց տեղահանել ենք, եւ ով էլ լիներ՝ այդպես կվարվեր, դա ցեղասպանություն չէ»,- կանխատեսեց Արմեն Ռուստամյանը՝ ժողովրդին նախազգուշացնելով՝ քանի շուտ է արձանագրությունների դեմն առնել: «Բոլոր երկրները ողջունում են, ամեն մեկն ունի իր շահը, բացի հայ ժողովրդից: Եթե մարդուն ուզում են թունավորել, բաժակի վրա թույն չեն գրում, մեզ տվել են մի բաժակ, որը թունավոր է, եկեք չխմենք, եթե այսօր չկարողացանք սրա դեմն առնել, վաղը փաստի առաջ ենք կանգնելու, շարժվելու ենք Թուրքիայի մշակած սցենարին համապատասխան: Իշխանությունները այսօր կան, վաղը չկան, եւ իշխանությունները չեն, որ սրա համար վճարելու են, ժողովուրդն է վճարելու, նրանք սա անում են դրսին հաճոյանալու, լեգիտիմության հարցերը լուծելու, եւ այս ամենի համար պատասխան են տալու մեր սերունդները: Շատ հեռու չգնանք՝ էս սերունդը»,- ասաց բանախոսը: Մեկժամյա ելույթից հետո դահլիճը հարցեր ուղղեց պարոն Ռուստամյանին: Դահլիճում նստածներից մեկը հետաքրքրվեց՝ Դաշնակցությունը կպահանջի՞ նախագահի հրաժարականը: «Մենք այս արձանագրությունների դեմն առնելու համար ուզում ենք ստեղծել միասնական ճակատ, ուստիեւ ներկուսակցական, ներքաղաքական հաշվարկներից վեր պիտի լինենք, նախագահին պետք է հնարավորություն տանք, եթե, իհարկե, նրա մտքի ծայրին կա, հրաժարվել արձանագրությունները ստորագրելուց, ինքն է ստորագրողը. նախագահը կհասկանա, կմտնի այս պրոցեսի մեջ՝ լավ, չի մտնի՝ իհարկե, կխոսենք խիստ ու հուժկու»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել