Երեկ ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ է հղել իր կուսակցականներին: Նամակագիրը նախ արձանագրում է, որ «Իշխանության գալով՝ 1990-91թթ., ես՝ որպես վարչապետ, եւ Լ. Տեր-Պետրոսյանը՝ որպես ԳԽ նախագահ, փորձում էինք իրականացնել «Մենք չունենք մշտական թշնամի, մենք չունենք մշտական բարեկամ, մենք ունենք մշտական ազգային շահեր» սկզբունքից բխող քաղաքականությունը», որը, ըստ Մանուկյանի, ինքն է ներկայացրել 1988-ին: «Բայց 1993թ. Թուրքիան, ցանկանալով կասեցնել մեր ռազմական հաղթանակները Ղարաբաղում, ծնկի բերելու համար Հայաստանը եւ Ղարաբաղը, միակողմանի փակեց սահմանը, որը բերեց ծանր տնտեսական հետեւանքների, բայց մենք դիմացանք»,- նկատում է նամակագիրը: Արձանագրություններում առկա Հայաստան-Թուրքիա ներկա սահմանները փոխադարձ ճանաչելու դրույթի մասին պարոն Մանուկյանը գրում է. «Ինչքան էլ գիտակցվի, որ միջազգային իրավունքի տեսակետից դա նորմալ բառակապակցություն է, այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի ներկա սահմանները մեզ պարտադրված են եղել ռազմական գործողություններով: Այդ սահմանները հետագայում ամրագրվել են տարբեր պայմանագրերով, այդ թվում նաեւ Կարսի պայմանագրով (որը, ըստ մասնագետների կարծիքի, պարզ չէ՝ գործո՞ւմ է, թե՞ ոչ), Լոզանի պայմանագրով, Պոտսդամի կոնֆերանսով: Ցեղասպանության հարցը բարձրացնելիս մենք միշտ հույս ենք ունեցել, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ, եւ մի օր մենք նորից կտիրանանք մեր պատմական հողերին: Կան մեկնաբանություններ, որ ընդունելով այդ սահմանները՝ մենք հավերժ զրկում ենք մեզ այդ երազանքից: Ես համաձայն չեմ: Մենք բոլորս հասկանում ենք, որ ռազմական ուժի միջոցով այդ հողերի հետ վերցնելը տեսանելի ապագայում անհնար է, եւ միակ ռեալ ճանապարհն այն է, որ Թուրքիան, ինչպես եւ մյուս պետությունները, ուշ թե շուտ ճանաչեն Ցեղասպանությունը, մեր կառավարությունների միջեւ փոխհատուցման վերաբերյալ բանակցություններ սկսվեն, որոնց մեջ կարող է լինել նաեւ որոշ տարածքների վերադարձ»:
Ինչ վերաբերում է գործընթացի արդյունքում Սփյուռքի օտարմանը, պարոն Մանուկյանն ասում է. «Պետք է հստակ հասկանալ, որ փաստաթղթերը ստորագրվում են Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ եւ ոչ թե աշխարհասփյուռ հայության եւ Թուրքիայի միջեւ, դա նշանակում է, որ Սփյուռքը, ընկալումով վերաբերվելով Հայաստանի դիրքորոշմանը, Հայաստանի անմիջական աջակցությամբ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն Թուրքիայի հետ՝ որպես մեր ժողովրդի այն հատված, որը ցեղասպանության պատճառով զրկվելով իր հայրենիքից եւ ունեցվածքից՝ մինչեւ այժմ գտնվում է վտարանդի վիճակում եւ իր իրավունքների պահանջատերն է Թուրքիայի առջեւ, միջազգային հանրության առջեւ: Այս նուրբ քաղաքականությունը պահանջելու է սերտ համագործակցություն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Ներկա հակասությունների արհեստական սրումը կանցնի Հայաստանի իշխանությունների կողմից ճիշտ քաղաքականություն վարելու եւ Սփյուռքին գրգռող ուժերի հանդարտվելու դեպքում, եւ մենք կմտնենք նոր որակի համագործակցության փուլ»: