Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեստային համակարգով ապուշացրել ենք»

Հոկտեմբեր 08,2009 00:00

Պատգամավորները խոսեցին երեխաների իրավունքների մասին

«Այսօր մենք մեծացնում ենք մի սերունդ, որի ազգային պատկանելությունը հայտնի չէ»,- «Երեխաների իրավունքների մասին» օրենքի քննարկումների ժամանակ երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ «Մեր կրթական համակարգը եւ մեր մասսայական ինֆորմացիայի միջոցները ոչ միայն խախտում են օրենքները, այլ նաեւ նպաստում են, որ մենք մեծացնենք մի սերունդ, որի ազգությունը 20 տարի հետո դժվար է լինելու որոշել՝ նա հա՞յ է, իտալացի՞ է, ֆրանսիացի՞ է, ռումի՞ն է»: Մեղավորը, ըստ պատգամավորի, այսօրվա գործող կրթական համակարգն է. «Այն, ինչ գործում է Հայաստանում, մերժված է բոլոր երկրների կողմից: Դա բոլոնյան համակարգ չի, դա մանկավարժական մեթոդոլոգիա է, որոնք դրվում են այն երկրներում, որտեղ հետախուզությունները գաղափարական դիվերսիա կամ պրոպագանդա են իրականացնում, այսինքն՝ մեծացվում է մի սերունդ, որի ազգային պատկանելությունը հայտնի չէ»: Նախկին մանկավարժը վստահ է նաեւ, որ այսօր «թեստային համակարգով ապուշացրել ենք մեր երեխաներին (սա իմ խոսքը չի, սա ԱՄՆ նախագահ Քենեդու խոսքն է, երբ նա անդրադարձել է ԱՄՆ-ի կրթական համակարգին), եւ այդ հզոր երկրի նախագահը իր կրթական պատասխանատուներին խորհուրդ է տվել եւ պարտադրել, որ ռուսական, սովետական կրթական համակարգը արմատավորվի իրենց դպրոցներում: Մենք ի՞նչ ենք անում: Ես մի անգամ չտեսա, որ մի կրթության պատասխանատու վեր կենա եւ ասի՝ եղբայր, էս ձեւով չենք կարող սերունդ դաստիարակել»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս խոսել է երեխաների դաստիարակության որոշ խնդիրների մասին եւ ասել է. «Այսօր քաղաքական էժան դիվիդենդներ շահելու նպատակով փորձում են ոչ թե տվյալ գործչի տեսակետը քննադատել, նրա դիրքորոշումը քննադատել, այլ անդրադառնում են բարոյական կերպարին, հեշտությամբ փորձում են քաղաքական այս կամ այն գործչին վարկաբեկել: Բայց չէ՞ որ նա մայր է կամ հայր է: Եվ սա շատ լրջորեն անդրադառնում է երեխայի վրա, եւ երեխան կարող է իրեն վատ զգալ, որ իր հորը կամ մորը մամուլում վարկաբեկում են: Կան նաեւ մի շարք հեռուստահաղորդումներ եւ սերիալներ, որոնք երեխայի վրա բարոյական ճնշում են գործում: Կան ֆիլմեր, որոնցից երեխան վատ բաներ է սովորում, իրեն ճնշված է զգում»: Իբրեւ օրինակ բերեց «Որբերը» հեռուստասերիալը եւ մի շարք այլ ֆիլմեր, որոնցում որպես ուժեղ մարդ ներկայացվում է կրակող, խմող, ծխող, «ռազբորկաների» մեջ շարունակ հայտնվող մարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել