Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՅՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՊԱԳԱ»

Հոկտեմբեր 08,2009 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարում տեսնում է մեր տնտեսության ուժեղացումը:

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը երեկ միայն մեկ բանի վերաբերյալ էին հարցեր ուղղում հայրենի կառավարությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների, դրա վնասների եւ օգուտների: Գրեթե բոլոր հարցերին երեկ պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն ուզեց պարզել՝ հաշվարկե՞լ է արդյոք կառավարությունը, թե ինչպիսի տնտեսական խնդիրներ կարող են առաջանալ սահմանի բացման դեպքում, ինչպիսի ռիսկեր են հնարավոր:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «ՀՀ բոլոր նախարարությունները համապատասխան վերլուծություններ իրականացրել են եւ իրականացնում են, ինչպես նաեւ վարչապետին ներկայացրել են ամեն մեկը իր ոլորտին համապատասխան եզրակացություններ, գնահատականներ եւ վերլուծական նյութեր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ նյութերի գերակշիռ մասը ունի նաեւ գաղտնի բնույթ, քանի որ խոսքը ազգային անվտանգության հետ առնչվող խնդիրների մասին է: ՀՀ նախագահի կողմից տրվել է հստակ հանձնարարական, որը եւ իջեցվել է նախարարություններին, եւ նախարարությունները այդ աշխատանքով զբաղվում են»: Ասաց նաեւ, որ օգտագործում են նաեւ կուսակցությունների, մասնավորապես՝ Դաշնակցության կողմից ստացված վերլուծությունները. «Մենք շահագրգիռ ձեւով քննարկել ենք այդ նյութը եւ շնորհակալություն ենք հայտնել մեր գործընկերներին, քանի որ այդ նյութում զետեղված էին շատ արժեքավոր գաղափարներ, հարցադրումներ, որոնց պատասխանները նույնպես օգնում են մեզ»: Ասաց, որ այս աշխատանքների արդյունքում «մեր տնտեսական կարողությունները ուժեղանալու են»: Վարչապետը համամիտ չէր, որ արձանագրություններում թուրքական կողմի պարտադրանքով կան նախապայմաններ. «Մենք համարում ենք, որ որեւիցե նախապայման չկա, որովհետեւ մեր գործընկերները (երեւի նկատի ունի թուրքերին- Մ. Ե.) ներկայացրել են այնպիսի տեսակետ, որ ՀՀ-ին է հաջողվել նախապայմաններ դնել թուրքերի առջեւ»: Վստահեցրեց նաեւ, որ «ՀՀ-ն հաղթանակած է դուրս գալու այս գործընթացից»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս արձանագրություններով «Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող էր մեզանից ակնկալել, եւ նրան մեզանից այլեւս ոչինչ պետք չի, որեւէ երկխոսության կարիք Թուրքիան այլեւս չի զգա»: Հիշեցրեց Գյուլի՝ օրերս Փարիզում արած հայտարարությունն այն մասին, որ ցեղասպանության հարցը կքննարկվի, եւ կհաստատվի իրողությունը, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, այլ տեղի են ունեցել ողբերգական դեպքեր՝ երկկողմանի զոհերով: Տիգրան Սարգսյանը զարմանք հայտնեց, որ թուրքերի ասածները ցիտում են եւ հավատում, իսկ «մեր պաշտոնական հայտարարությունները» չեն հիշատակվում. «Հիմնվելով միայն Թուրքիայի նախագահի հայտարարությունների վրա՝ ենթադրություններ անել, թե ինչպես են զարգանալու այս հարաբերությունները, ճիշտ չէ»: Կրկնեց՝ «ցեղասպանության հարցը մեզ համար քննարկման առարկա չէ, ցեղասպանության հետեւանքների հարցն է քննարկման առարկա: Ինչպես ցույց է տալիս վերջին փորձը, դա կարեւոր խնդիր է, որպեսզի դառնա միջպետական բանակցությունների առարկա, որովհետեւ մենք կարիք ունենք հստակեցնելու հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացիների սեփականության իրավունքների խնդիրը, իսկ մենք գիտենք, որ փակ արխիվներում նման նյութեր կան, եւ եթե այդ նյութերը դառնան մեր ուսումնասիրության առարկա, մենք կարող ենք նաեւ ակնկալել որոշակի արդյունքներ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց հետեւյալը. «Ես, երբ պատիվ ունեի ներկայացնելու ՀՀ-ն արտաքին հարաբերություններում, հատկապես 1992 թվականի հունվարի 31-ին, Պրահայում, Հայաստանը ուզում էր անդամ դառնալ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի, եւ այնտեղ վետոյի սպառնալիք՝ ողջույնի փոխարեն, մեր ուղղությամբ հղեց Թուրքիայի պատվիրակությունը՝ առկա դե-ֆակտո սահմանների ճանաչում որպես դե-յուրե սահմաններ, ցեղասպանության հարցի դուրս հանում օրակարգից եւ երրորդը՝ ահաբեկչության դատապարտում: Այսօր այդ երեքը տեղ են գտել այս արձանագրություններում»: Ուզեց իմանալ, թե այսօր ի՞նչ է դրված սեղանին, այն դեպքում, երբ «մենք կարողացանք հաղթահարել այդ նախապայմանները այդ թվականին եւ դրանից հետո»: Խնդրեց պաշտոնապես ասել, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դե-յուրե սահմանը ո՞ր գծով է անցնում: Տիգրան Սարգսյանն ասաց, որ սահմանների հարցը շատ հստակ է. «Մենք գործ ունենք փաստացի սահմանների հետ, եւ ակնհայտ է, որ գործ ենք ունենալու փաստացի ձեւավորված սահմանների հետ, եւ մեր քաղաքականությունը ելնելու է հենց այս իրողությունից: Մեր սահմանապահները պաշտպանում են կոնկրետ, առարկայական սահմաններ, եւ այդ սահմաններն էլ հենց պետք է բացվեն»: Վարչապետն ասաց, որ «եւ դե-յուրե, եւ դե-ֆակտո մենք ընդունում ենք այն սահմանները, որոնք եղել են Սովետական Միության ժամանակ ձեւավորված, եւ Սովետական Միությունից հետո էլ մենք եղանք Սովետական Հանրապետության իրավահաջորդը, եւ փաստացի ձեւավորված սահմաններն այնպիսին են, ինչպիսին մենք ժառանգեցինք»: Վարչապետի պատասխանը սահմանների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը որակեց այսպես. «Ձեր պատասխանը նշանակում է հայրենազրկում եւ հրաժարական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել