ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսում հայտարարեց. «Սերժ Սարգսյանը իր աննախադեպ քայլով ցույց տվեց, որ Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ընտանիք են: Ճիշտ է, քաղաքական առումով որոշումը պետք է կայացնի Հայաստանի իշխանությունը, բայց նախագահն ապացուցեց, որ ինքը համահայկական առաջնորդ է, գնաց Սփյուռք, լսեց տարբեր մտահոգություններ, տարբեր կարծիքներ»: Պարոն Շարմազանովը ասաց, որ նախագահի այս այցի նպատակներից մեկն էլ հետեւյալն էր. «Մեկ անգամ եւս շեշտենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը մնում է մեր հայեցակարգում, եւ որպեսզի նոր մշակույթ ձեւավորվի, որպեսզի համահայկական կարեւորություն ունեցող խնդիրներին մասնակից դարձնենք նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին»: Անդրադառնալով Հայաստանում եւ Սփյուռքում ընդդեմ նախագահի նախաձեռնության հնչող ելույթներին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ցավալիորեն պետք է նշեմ, որ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում եղան կարծիքներ, որոնք ավելի շատ մեղադրանք էին հիշեցնում, եւ այստեղ ես չեմ կարող չարձագանքել: Օրինակ, քաղաքական գովազդներ կային, որտեղ ասվում էր, որ եթե Քյազիմ Կարաբեքիրը եկավ Հայաստան, գրավեց Իգդիրն ու Կարսը, եթե դու համաձայն ես, ուրեմն՝ ստորագրիր: Ես ընդամենը մեկ բան ասեմ, որ երբ 20 թվականին Քյազիմ Կարաբեքիրի զորքերին հանձնեցին Իգդիրն ու Կարսը, ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ հանրապետականները չեն հանձնել: Ավելին, ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ Հանրապետականը չեն կնքել ոչ Բաթումիի, ոչ Ալեքսանդրապոլի, ոչ Մոսկվայի եւ ոչ էլ Կարսի պայմանագրերը: Սերժ Սարգսյանը իր քաղաքական գործունեության ընթացքում 1994-ի մայիսին ստորագրել է ղարաբաղյան պատերազմի զինադադարի փաստաթղթի տակ, որը արձանագրեց հայ ժողովրդի փառահեղ հաղթանակն այս հերոսամարտում»։