Կարծում է Հմայակ Հովհաննիսյանը, իսկ Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում «որեւէ մեկի հետ շարք կանգնել»:
«Իմ ստորագրությունը չի նշանակում 11-ի շարքերն ընդգրկվել, ես ստորագրել եմ իմ «ոչ»-ը հայ-թուրքական արձանագրություններին, բայց հետագայում 11-ի հետ գործողություններին չեմ մասնակցելու: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ շարք կանգնել: Հա, դեմ եմ, նախագահին էլ եմ ասել: Հիմա անպայման պիտի գնամ էն արիականի՝ Արմեն Ավետիսյանի կողքը կանգնե՞մ, կամ էն «Ժառանգությունը» մի աչքիս լո՞ւսն է՝ գնամ կողքը կանգնեմ: Արմեն Մարտիրոսյանը եկավ կողքս նստեց. առաջ չէին գալիս կողքս նստում, կուսակցությունով վարկաբեկվեցին՝ գալիս կողքս նստում են»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Անդրադառնալով Դաշնակցության նախաձեռնությանը՝ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ «Առավոտին» ասաց, որ այսպիսով ՀՅԴ-ն փորձում է նաեւ ապացուցել, որ միանգամայն հնարավոր է ստեղծել երրորդ բեւեռ՝ ազգային ընդդիմություն, եւ այն միաժամանակ նաեւ հակակշռել ՀԱԿ-ին ու նրա առաջնորդին՝ ակնարկելով, որ՝ «մյուս ընդդիմադիր ճամբարն ազգային չէ իր նպատակներով»: Մեր զրուցակիցն այս ամենը կանխատեսելի եւ տրամաբանական է համարում, մի կողմից՝ նկատի ունենալով ընդդիմադիր ճամբարում կայանալու Դաշնակցության ձգտումները, մյուս կողմից՝ «ՀՅԴ-ն փորձում է ձերբազատվել ընդդիմադիր դաշտում այսօր առանցքային դերակատարում ունեցող ՀԱԿ-ից ու նրա առաջնորդից: Ուստի, միանգամայն սպասելի էր, որ ՀՅԴ-ն նման մի քայլ նախաձեռնելու է՝ առանձնապես հաշվի չառնելով, որ այն կուսակցությունների մի զգալի մասը, որոնք համախմբվել են իրենց շուրջ, գոյություն ունեն ընդամենը թղթի վրա, եւ գործնականում դրանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում աննշան է: Այնպես, ինչպես ժամանակին դա հաշվի չառավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չեմ կարծում, որ այս համախմբման մեջ մտնելով կամ այս ձեւաչափով այդ գործունեության շրջանակներն էապես մեծանալու են եւ հասարակական-քաղաքական կյանքում էական դերակատարություն են ունենալու»:
Իսկ, ընդհանրապես, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մասնագիտական քննարկումների խնդիր է. «Ոչ թե՝ հանրահավաքների, երթերի եւ կուսակցությունների գործունեությունը վավերացնող միջոցառումների: Այդ կուսակցություններն իրականում իրենց գործունեությամբ խանգարում են, քանի որ դրանց մեծ մասը վիրտուալ է, ուստի մեր քաղաքական իրականությունն էլ է վիրտուալ դարձել»: Ըստ մեր զրուցակցի, այսօր չի գործում կուսակցությունների մասին գոյություն ունեցող օրենքը, համաձայն որի՝ գրանցված կուսակցությունները մարզերում պետք է ներկայացված լինեն եւ ռեալ գործունեության շրջանակ ունենան, այլ ոչ թե ընդամենն օգտվեն իրենց գրանցման վկայականից՝ որպես բրենդ: «Առիթից առիթ գնան նախագահի մոտ, այս կամ այն ընդդիմության շուրջ համախմբվեն՝ ապացուցելու իրենց ռեալ գոյությունը: Ըստ իս, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ Դաշնակցությանն այսպիսի վիրտուալ պատկերը որեւէ առավելություն չի տալիս, որպես ռեալ սոցիալական ազդակ»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:
«Առավոտի» դիտարկմանը՝ ակնկալիքները, որ այս կերպ արձանագրությունների վավերացումը կանխելու հնարավորությունը մեծանում է՝ ուտոպիայի ոլորտի՞ց են, Հմայակ Հովհաննիսյանն արձագանքեց. «Իհարկե: Եվ առհասարակ, այս քննարկումը կոնստրուկտիվ չի գնում, քանի որ հասարակական կարծիքն այսօր չեն կարող ներկայացնել ոչ հանրահավաքներն ու երթերը, ոչ էլ շինծու, ռեալ սոցիալական հենք չունեցող, իրենցից միայն պիտակ ներկայացնող կուսակցությունները: Միայն հասարակության մեջ հավատ եւ վստահություն ներշնչող մասնագետներն են ի զորու քննարկումները տեղափոխել գործնական, արդյունավետ բանավեճի փուլ»: Իբրեւ ապացույց ասվածի՝ մեր զրուցակիցը հակադարձում է այն պնդումներին, որ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումից հետո Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը կվերանա. «Այնինչ, ճիշտ հակառակը. Գյումրի-Կարսի վերագործարկումից հետո անմիջապես կհայտնվեն լուրջ ներդրողներ Իրան-Հայաստան երկաթգծի շուտափույթ կառուցման համար, մասնավորաբար՝ Չինաստանը»: Նա պնդում է, որ հայ-թուրքական սահմանի բացման, վերոնշյալ երկաթգծերի վերագործարկման եւ կառուցման ու դրանց «կապելու» դեպքում «սա կդառնա Մետաքսի մեծ ճանապարհի 21-րդ դարի տարբերակը», ու Թուրքիային ցանկացած պահի սահմանը կրկին փակելու կամ պատերազմական գործողություններ իրականացնելու իրավունք չի վերապահվի: «Եթե Հայաստանը դառնա տրանզիտային երկիր, ապա այդ բաց սահմանը դառնալու է Հայաստանի անվտանգության երաշխավորման շատ ավելի կարեւոր կռվան, քան զորքը, զինամթերքը եւ այս տարիների ընթացքում առաջացած մնացյալ գործոնները»: