Պաղեստինյան ինքնավարությունում համընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված էին 2010թ. հունվարի 25-ին, չեղյալ են համարվել եւ տեղափոխվել են հունիսի 25-ին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են պաղեստինյան քաջատեղյակ աղբյուրները, որոնք առնչություններ ունեն Ամմանում տեղի ունեցած Պաղեստին-Հորդանան-Եգիպտոս եռակողմ խորհրդակցություններին: Դրանց մասնակցել են Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբբասը, Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբդուլ Գեյթն ու հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանը:
Աղբյուրի տեղեկություններով, «Համաս» իսլամական շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը համաձայնություն է տվել ընտրությունները տեղափոխելու առաջարկին եւ սկզբունքորեն պաշտպանել է պաղեստինյան հարցում առկա տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված Կահիրեի առաջարկած «ճանապարհային քարտեզը»: Այդ փաստաթղթով նախատեսվում է Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում ձեւավորել կառավարման ժամանակավոր մարմին՝ ընտրությունները նախապատրաստելու նպատակով: Ենթադրվում է, որ հենց այս ընտրություններից է կախված պաղեստինյան երկու խոշորագույն խմբավորումների՝ «Համասի» եւ «Ֆատխի» միջեւ դիմակայության ելքը: Իսկ մինչ այդ, առաջիկա ամիսներին նախատեսվում է, որ Գազայի եւ Ռամալլի բանտերից ազատ կարձակվեն «քաղաքական դրդապատճառներով» կալանավորված բոլոր անձինք: Եգիպտացի նախարար Աբդուլ Գեյթը ասուլիսում հայտարարել է, թե միջպաղեստինյան հաշտության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 26-ին՝ Կահիրեում: