Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի նախարարին Անգլիայում կարող են ձերբակալել

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"Իսրայելցի նախարար, նախկինում երկրի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Մոշե Յաալոնը (նկարում) չեղյալ է հայտարարել Բրիտանիա կատարելիք իր այցը՝ զգուշանալով, որ այդ երկրում իրեն կարող են ձերբակալել «ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքով: «NEWSru Israel»-ը տեղեկացնում է, որ Իսրայելի կառավարության փոխվարչապետ եւ ռազմավարական ծրագրավորման նախարար Յաալոնի այցը Լոնդոն՝ նախատեսվում էր հաջորդ ամիս, ուր նա Հրեական ազգային հիմնադրամի հրավերով մասնակցելու էր իսրայելցի զինվորների համար կազմակերպված հանգանակության միջոցառումներին: Մոշե Յաալոնը համարվում է 2002թ.-ին Գազայի հատվածում պաղեստինցի ահաբեկիչ Սալահա Շհադեի ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունների պատասխանատուներից մեկը: Գործողությունների արդյունքում սպանվել էր ոչ միայն ահաբեկիչը, այլեւ 14 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ամենաքիչը 8 երեխա: 2006թ.-ին Նոր Զելանդիայում Յաալոնը մի կերպ էր խուսափել ձերբակալումից: Նախարարի խորհրդականները վերջինիս խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Անգլիա մեկնելուց՝ հավաստիացնելով, որ Բրիտանիան ոչ մի դեպքում Յաալոնին դիվանագիտական անձեռնմխելիություն չի տրամադրի, որովհետեւ այդ երկրում ռազմական հանցագործությունների գործերով կիրառվում է «ունիվերսալ իրավասության» սկզբունքը, ըստ որի՝ բրիտանական դատարանները նման գործերը քննության են առնում անկախ մեղադրվողի քաղաքացիությունից եւ հանցագործության կատարման վայրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել