Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՍՏԱԿԱՇԻՆԵՐ» ԵՎ «ՆՐԲԱԿԱՇԻՆԵՐ»

Հոկտեմբեր 07,2009 00:00

Ելնելով հոգեբանական առանձնահատկություններից, մարդու բնավորության բազմաթիվ դասակարգումներ կան: Վերջերս ամերիկացի հոգեբան Էրնստ Հարթմանը եւս մեկ դասակարգում է առաջարկել: Նա գիտականորեն հիմնավորել է այն, ինչ կենցաղային մակարդակով հայտնի է «հաստակաշիներ» եւ «նրբակաշիներ» անվանումով: Հարթմանը «հոգեկանի սահմաններ» հասկացությունն է մտցնում: Դրանք այն սահմաններն են, որոնք մարդուն արտաքին աշխարհից բաժանում են եւ կարող են լինել նուրբ կամ կոպիտ: Այլ մարդկանց հետ մեր ամենօրյա հարաբերություններում մենք մշտապես մեր սահմանները տեղաշարժում ենք, պահելով մեր զուգընկերոջը որոշակի տարածության վրա կամ թույլ տալով մեզ մոտենալ: Ստեղծելով հատուկ հարցաթերթիկ, Հարթմանը այն 2000 մարդկանց վրա է փորձարկել եւ որոշ ընդհանուր եզրակացությունների հանգել: Մարդիկ իրենց սահմանների հաստությամբ բավական տարբերվում են: Ոմանց մոտ դրանք շատ զգայուն են, իսկ մյուսների մոտ կարծես մի հաստ պատ լինեն: Այն մարդիկ, որոնք նուրբ հոգեբանական սահմաններ ունեն, բարձր ձայններից ու վառ լույսերից ավելի շատ են տառապում: Նուրբ սահմաններով մարդիկ ավելի կասկածամիտ են, նրանց մոտ ավելի հաճախ են լինում հետաքրքիր, վառ եւ հիշվող երազներ: Կոպիտ սահմաններով մարդիկ ավելի հեշտ են ամուսնանում, բայց մարմնական ուրախություններից առավել քիչ ուրախություն են ապրում: Նուրբ սահմաններով մարդիկ ավելի հաճախ մշակութային անհատներ են լինում, նրանց մոտ առանց լուրջ պատճառների տրամադրությունը կարող է փոխվել, պարտադիր չէ, որ նրանք հոգեպես անկայուն մարդիկ լինեն: Կոպիտ սահմաններով մարդիկ շրջապատի հետ շփվելիս դժվարություններ են ունենում: Նուրբ սահմաններով բազմաթիվ մարդիկ ասում են, որ դա իրենց մոտ ի ծնե է: Հետազոտությունները վկայում են, որ նմանատիպ առանձնահատկությունները կարելի է 3-4 տարեկանում ի հայտ բերել: Իհարկե, շատ բան նաեւ կյանքի փորձից է կախված: Նուրբ սահմաններով մարդը ժամանակի ընթացքում կարող է իր սահմանները ամրացնել եւ պաշտպանվել արտաքին ազդեցությունից: Փորձեք Հարթմանի թեստը, որը կազմված է 18 պնդումներից. դուք պետք է գնահատեք ամեն պնդման իսկությունը ձեզ վրա 5 միավորով՝ սկսած 1՝ բացարձակ սխալ է, մինչեւ 5՝ ամբողջությամբ ինձ է վերաբերում: Երկուսը նշանակում է ավելի ճիշտ՝ սխալ է, քան ճիշտ, երեքը, երբեմն՝ չորսը ճիշտ է, քան սխալ:

1. Իմ զգացմունքները աննկատելիորեն մեկից մյուսն են անցնում:

2. Ես հեշտությամբ եմ մանկության զգացմունքները հիշում:

3. Ինձ վիրավորելը շատ հեշտ է:

4. Երազանքներին ու երեւակայելուն շատ ժամանակ է գնում:

5. Գեղարվեստական գրականության մեջ, թատրոնում եւ կինոյում ես հստակ սյուժեներն եմ նախընտրում:

6. Լավ կարելի է այն կազմակերպությանն անվանել, որտեղ իրենց պարտականությունները հստակ գիտեն:

7. Ամեն ինչ իր տեղն ունի եւ ամեն ինչ իր տեղում պետք է գտնվի:

8. Այլ մարդկանց հետ ավելորդ մտերմությունն ինձ վախեցնում է:

9. Լավ ծնողները միշտ էլ մի քիչ երեխա են լինում:

10. Ինձ շատ հեշտությամբ որեւէ կենդանի կարող եմ պատկերացնել:

11. Եթե մտերիմ մարդու հետ ինչ-որ բան է տեղի ունենում, այնպես եմ ինձ զգում, կարծես ինձ հետ եղած լինի:

12. Եթե որոշում եմ ինչ-որ բան անել, ինտուիցիայով եմ շարժվում:

13. Իմ երազների հերոսները հաճախ են մեկը մյուսին փոխարինում եւ դառնում այլ մարդիկ:

14. Ինձ հաճախ է թվում, որ ինչ-որ օտար ուժեր ազդում են ինձ վրա:

15. Նորմալ ու հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց միջեւ սահման անհնար է անցկացնել:

16. Ես երկրային, գործնական, իրատես մարդ եմ:

17. Իմ բնավորությամբ ես կարող էի պոետ, նկարիչ, արտիստ լինել:

18. Երբեմն ինձ թվում է, որ ինչ-որ մեկն ինձ անունով կանչում է, բայց շրջվելով՝ ոչ ոքի չեմ տեսնում:

Որպեսզի ձեր հոգեկանի ամրությունը ստուգեք, ոչ բարդ հաշվարկներ կատարեք. բոլոր միավորները, բացի 5,6,7, եւ 16-ից, մնացած 18 կետերին միացրեք: Այս չորս հարցերի միավորները հակառակ պետք է հաշվել. 1-ը՝ 5, 2-ը՝ 4, 4-ը՝ 2, 5-ը՝ 1:

Արդյունքները: Միջին մարդը սովորաբար 35 միավոր է հավաքում, եթե 50 եւ ավելի միավոր ունեք, ուրեմն ձեր սահմանները բավական նուրբ են, իսկ 20 եւ ավելի պակասի դեպքում՝ բավական հաստ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել