Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու CD-ների շնորհանդես

Հոկտեմբեր 07,2009 00:00

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հրանտ Պետրոսյանի «Սերենադ» եւ Կոնստանտին Պետրոսյանի «Կոնցերտ ձայնի եւ ջազ նվագախմբի համար» ձայնասկավառակների շնորհանդեսը: Երեկոյին մասնակցում է «New Quintet»-ը՝ Արթուր Գրիգորյան (սաքսոֆոն), Տիգրան Սուչյան (շեփոր), Մանուկ Ղազարյան (դաշնամուր), Արտյոմ Մանուկյան (բաս), Պերճ Նահապետյան (հարվածային գործիքներ): Հավելենք, որ ճանաչված շեփորահար Հրանտ Պետրոսյանը 1947-1963 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի դիրիժորն ու մենակատարը: Հետագայում նա աշխատել է Մոսկվայում, եղել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային նվագախմբի, Հայաստանի փողային նվագախմբի, ինչպես նաեւ «Հայհամերգի» մենակատար:

Հատուկ Հրանտ Պետրոսյան երաժշտի համար ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Արտեմի Այվազյանը, Առնո Բաբաջանյանը, Գրիգոր Հախինյանը եւ ուրիշներ: Որպես շեփորի մենակատար, Հ. Պետրոսյանը հանդես է եկել նաեւ տարբեր նվագախմբերի կազմում, կատարել բազմաթիվ ձայնագրություններ, որոնք ընդգրկվել են հայ կատարողական արվեստի ոսկե ֆոնդում:

Կոնստանտին Պետրոսյանի «Կոնցերտ ձայնի եւ ջազ նվագախմբի համար» ստեղծագործությունը նվիրված է հայկական ջազի լեդի Տաթեւիկ Հովհաննիսյանին: Երեւանում Կոնցերտը երբեւէ չի կատարվել…

2007թ. ԱՄՆ-ում լույս է տեսել Կոնցերտի լազերային ձայնասկավառակը, որի ձայնագրությունը հարստացված է նոր հնչողական երանգներով: Նույն տարվա սեպտեմբերին այն առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ-ում՛ Բոստոնում եւ Նյու Յորքում՝ Տաթեւիկի մենահամերգների ժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել