Լեզուների շփումից սրտի զարկերը հասնում են մինչեւ 150-ի. ապացուցել են գիտնականները
Բոլոր ժամանակներում սիրո արտահայտման ձեւերից ամենա-ամենան համբույրն է: Ասում են՝ զույգերի համբուրվելուց կարելի է կռահել, թե ինչքան են միմյանց սիրում: Բոլորն անխտիր՝ անկախ տարիքից, սեռից եւ մաշկի գույնից սիրում են համբուրվել: Նույնիսկ սահմանվել է համաշխարհային ռեկորդ, որը պատկանում է ամերիկաբնակ մի զույգի: Դժվար է պատկերացնել անգամ, թե ինչպես է զույգին հաջողվել համբուրվել 17 օր 10 ժամ 30 րոպե: Նշենք, որ ռեկորդակիրներին ժամում մեկ անգամ 5 րոպե դադար էր տրվում եւ օրվա մեջ 2 ժամ՝ հանգստի ու սնվելու համար:
Մեր երկրում դժվար թե համբույրի նման ռեկորդներ սահմանվեն: Բայց դե մեզնից էլ այնքան հեռու չէ: Աջ ու ձախ՝ զբոսայգիներում, պուրակներում, նույնիսկ խաղահրապարակներում կարող ենք տեսնել համբուրվող զույգերի: Բայց արդյո՞ք մեր երկրում դա ընդունելի է, չէ՞ որ մեր ավագ սերնդակիցները, մեղմ ասած, դրան այնքան էլ լավ աչքով չեն նայում: Օրինակ, մեր զրուցակից Լաուրա տատիկը տարբերվում է իր սերնդակիցներից՝ նա լավ է վերաբերվում համբուրվող զույգերին. «Նայելով ջահելներին՝ հիշում եմ երիտասարդ տարիներս: Բայց մի բան չեմ հասկանում, թե տղա-տղա, աղջիկ-աղջիկ ինչո՞ւ են բարեւելիս այդքան երկար համբուրվում…»:
19-ամյա համալսարանական Կարինեն ասում է, որ որեւէ խնդիր չի տեսնում զուսպ համբույրի մեջ՝ շրթունքը շրթունքի, բայց փողոցում՝ հասարակության աչքի առջեւ «ֆրանսիական» համբույրը չի ընդունում. «Փողոցում սիրահար զույգեր տեսնելիս, որոնք քնքշորեն համբուրվում են, կամա-ակամա ժպիտ է առաջանում, իսկ ֆրանսիական ոճով համբուրվելը մեր քաղաքացիներին դեռ զարմանք է պատճառում, ուստի համբույրի այս տեսակը փողոցներում, թեկուզ եւ այգիներում այնքան էլ խրախուսելի չեմ համարում»:
Այլ կարծիքի է 23-ամյա Անին, նա ասում է. «Չեմ թաքցնում ու ասում եմ, որ մեծ հաճույքով հանրային վայրերում կհամբուրվեի, եթե, իհարկե, ընկերս դեմ չլիներ: Նա նմանօրինակ հարցերում շատ է կոմպլեքսավորվում»:
Համալսարանական Նարեկն էլ նշում է, որ տուն տանելու աղջկան հանրային վայրերում չի համբուրի, որքան էլ մեծ լինի ցանկությունը: «Համբուրվելու համար այսօր հատուկ բարեր եւ ոչ մարդաշատ վայրեր կան, բայց դե, եթե աղջիկը «ժամանակավոր» ա, էլ ինչի՞ ավելորդ փող ծախսեմ»,- նշում է Նարեկը:
Նարեկը, ինչպես եւ տղաների մեծ մասը, սիրում է համբուրվել ֆրանսիական ձեւով, ու ամենեւին կարեւոր չէ՝ դա կլինի բարում, աղջկա շքամուտքի մոտ, թե մեկ այլ վայրում: Իսկ աղջիկների մի մասը ֆրանսիական համբույրի մեջ ռոմանտիկա չի տեսնում, բայց դա էլ հարաբերական է:
Իսկ ի՞նչ է ֆրանսիական համբույրը, հավանաբար կհարցնեն շատերիս տատիկ-պապիկների սերնդակիցները: Ռոմանտիկ երիտասարդները կպատասխանեին՝ ֆրանսիական համբույրը հրաշք է, դա համբույր է, որի ժամանակ սիրահարների հոգիները միանում են իրար: Իսկ ավելի ռեալիստները կասեին՝ ֆրանսիական համբույրը ամենահայտնի համբույրն է ամբողջ աշխարհում։ Իսկ իրականում՝ ֆրանսիական համբույր ասելով հասկանում ենք լեզուների շփումը եւ ինչպես ուտելու ժամանակ՝ այստեղ չկա ճիշտ եւ սխալ։ Երբեմն համբուրվողները երկուսով էլ աշխատում են լեզուներով, երբեմն էլ՝ միայն մեկը։ Պատահում է, որ սկսում է աղջիկը, պատահում է, որ տղան։ Բոլորն էլ գիտեն, որ ուտելը հաճույք է։ Նույնպիսի հաճույք է նաեւ ֆրանսիական համբույրը: Ֆրանսիայում այս համբույրը կոչում են «հոգիների համբույր»։ Բայց չմոռանանք, որ համբույրը, առավել եւս ֆրանսիականը, սեքսի նախադուռն է: Այդ պատճառով էլ, եթե չեք ցանկանում պահի ազդեցության տակ «կորցնել ձեր գլուխը», ավելի լավ է բավարարվեք սովորական համբույրով՝ առանց «լեզվաբանական» էֆեկտների: Հավելենք նաեւ, որ ոմանք գտնում են, թե համբույրի համար շատ խելք պետք չէ: Բայց՝ իզուր: Այդ գործողությունն արժանացել է գիտական հետազոտման: Այս հանելուկային երեւույթը դիտարկում են թե բժիշկները, թե սոցիոլոգները եւ թե բակերում նստած բամբասկոտ հարեւանները: Ահա թե ինչ են իրազեկում այդ խոսք ու զրույցները: Ֆրանսիական համբույրի ժամանակ աշխատում է 30 մկան, որոնցից 12-ը գործում են շրթունքների շարժման համար, իսկ 11-ը՝ լեզվի, իսկ մնացածն էլ դեմքի մյուս հատվածների շարժումների համար: Այս գործողության ընթացքում սովորաբար սրտի զարկերը 70-ից հասնում են 150-ի:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է. «Մեր օրերում համբույրների նման դրսեւորումներին կարելի է մի քանի երանգներ տալ: Օրինակ՝ մի դեպքում երիտասարդները սիրում են մարտահրավեր նետել, հերոսական կեցվածք ընդունել, թե՝ կանենք այն, ինչ ուզում ենք: Սովորաբար վերջիններս ընդունված կարգերին հակառակ են գնում: Մյուս դեպքում էլ տղամարդու եւ կնոջ զգացմունքները գաղտնիություն են սիրում, հմայք կա, երբ ամեն ինչ գաղտնի է, բայց երիտասարդների մեջ կա ցուցադրական տարր, որ բոլորը տեսնեն»: Հոգեբանը անդրադարձավ նաեւ երիտասարդների եւ ավագ սերնդի ներկայացուցիչների բախումներին՝ այս հարցի շուրջ: «Կոնֆլիկտի տարրը սերունդների միջեւ միշտ էլ եղել է: Ազատ պահվածքը միշտ չէ, որ խրախուսելի է: Պարզապես խնդիրն ավելի է ծանրացնում հենց միայն այն հանգամանքը, որ յուրաքանչյուր սերունդ իր դիտակետից է նայում հարցին: Պարզ է, երբ տատիկը զբոսայգում շրջում է թոռնիկի հետ, չի ցանկանա տեսնել համբուրվող զույգերի: Բայց մի բան էլ կա՝ բա երիտասարդներն էլ որտե՞ղ պետք է համբուրվեն»,- երկմտում է հոգեբանը:
Հավելենք, որ աշխարհում «ամենաշահագործվող» համբույրը ֆրանսիականն է, որը, ըստ գիտնականների տարիների փորձի, ապացուցում է, որ այն եւ առողջությանն է օգտակար, եւ գերագույն հաճույք է պատճառում: