Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքականները պատրաստվում են

Հոկտեմբեր 07,2009 00:00

Ընդամենը մեկ շաբաթ անց ավարտվում են Աշխարհի 2010թ. առաջնության նախընտրական փուլի եվրոպական գոտու հանդիպումները:

\"\"Իհարկե, դեռ ութ երջանիկ թիմեր կվիճարկեն եւս 4 ուղեգիր, սակայն այդ ուրախությանը հերթական անգամ մենք ստիպված ենք դիտորդի կարգավիճակով հետեւել: Մեր ազգային թիմի համար այս մրցաշարը նոր չէ, որ պիտի ավարտվի, թեեւ ֆորմալ վերջաբանի համար Հայաստանի ընտրանին դեռ երկու հանդիպում ունի՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի, ինչպես նաեւ՝ Թուրքիայի հետ: Երեք հավաքականների մարզիչներն էլ արդեն հրապարակել են իրենց թիմերի կազմերը, որոնցում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Ըստ Վիսենտե դել Բոսկեի հրապարակած ցուցակի, իսպանացները Հայաստան են ժամանելու ուժեղագույն կազմով, սակայն, ի տարբերություն նախնական կազմի, Եվրոպայի չեմպիոնի կազմում «Վալենսիայի» հարձակվող Դավիդ Վիլյան բաց կթողնի երեւանյան շաբաթօրյա հանդիպումը՝ անցած հանգստյան օրերին «Ռասինգ»-«Վալենսիա» խաղում ստացած վնասվածքի պատճառով: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ հարձակվողի վերականգնմանը անհրաժեշտ է 3 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի նաեւ Բոսնիայի հավաքականի հետ հանդիպմանը: Իսպանական մամուլն արդեն իսկ քննարկում է, թե ո՞վ կարող է փոխարինել Վիլյային առաջիկա հանդիպումներում: Առավել հավանական է համարվում «Սեւիլիայի» ֆուտբոլիստ Ալվարո Նեգրեդոյի թեկնածությունը: Վերջինս, ի դեպ, հավաքականի կազմում հանդես գալու փորձ դեռ չունի:

Եվս մեկ փոփոխություն կարող է լինել՝ կապված արդեն հետվնասվածքային ապաքինման հետ: Կատալոնական «Բարսելոնան» չի ցանկանում հավաքական թողնել իր առաջատար ֆուտբոլիստներից Անդրես Ինյեստային: Ինչպես հայտնի է, Ինյեստան նոր է վերականգնվել վնասվածքից, եւ Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը հույս ունի համոզել Վիսենտե դել Բոսկեին՝ չհրավիրել կիսապաշտպանին ազգային թիմ: Ակումբում կարծում են, որ Ինյեստային անհրաժեշտ է որոշ ժամանակ տալ վերականգնվելու համար, քանի որ վերջինս միայն երկու շաբաթ է, ինչ վերադարձել է մարզումների: Մինչդեռ ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցել ազգային թիմի առաջիկա հանդիպումներին:

Իսպանացիները Երեւան են ժամանելու հոկտեմբերի 8-ին: Հետաքրքրական է, սակայն, մեկ այլ փաստ. դել Բոսկեի թիմը հոկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպումից հետո Բոսնիա կմեկնի միայն հոկտեմբերի 13-ին՝ այդ երկրի ազգային թիմի հետ մրցավեճին նախապատրաստվելով Երեւանում:

Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆատիհ Թերիմն իր թիմի կազմը հրապարակեց հոկտեմբերի 3-ին, սակայն վերջինիս ճամբարից դեռեւս նորություններ չկան: Հավելենք միայն, որ Թուրքիայի հավաքականը նախապատրաստվում է իր մարտական կազմով:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, վերջինիս կազմին նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձ կատարել էինք: Սակայն մեկ շաբաթ առաջ հրապարակված թիմի ընդլայնված կազմը փոփոխությունների է ենթարկվել: Արդեն իսկ հայտնի է, որ հոլանդական «Հարլեմի» հարձակվող Էդգար Մանուչարյանը չի կարողանա օգնել մեր ազգային հավաքականին՝ իր ակումբի կազմում վերջին հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Բացի դա, հավաքականի մարզչական շտաբը հրաժարվել է նաեւ «Ուլիսի» կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանի ծառայություններից: Այսպիսով, մարզումները դեռ շարունակում է 21 ֆուտբոլիստ:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը, Վարդան Մինասյանի թիմը մարզումներն անցկացնում է «Փյունիկ» մարզադաշտում, իսկ հոկտեմբերի 8-ին «Հանրապետականում» ստուգողական հանդիպում կունենա Մ-21 հավաքականի հետ, որն այս օրերին նույնպես ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 13-ին կայանալիք 2011թ. Եվրոպայի առաջնության Թուրքիա-Հայաստան ընտրական հանդիպմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել