Հոկտեմբերի 11-18-ը Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում առաջին անգամ անցկացվելու է ծանրամարտի երիտասարդների առաջնություն՝ միայն 23 տարեկանների մասնակցությամբ:
Մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներն այդպիսի որոշում կայացրել են ծանրամարտի մասսայականությունն աշխարհում ավելի մեծացնելու, մարզիկներին՝ երիտասարդականից մեծահասակների տարիքային խումբ անցնելու այդ բարդ շրջանում արդեն կատարած աշխատանքի պտուղները քաղելու եւս մեկ հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ մարզիչներին՝ այդ ճամփաբաժանում հետագայի համար ավելի ճիշտ ընտրություն կատարելու նպատակով:
Հայաստանի երիտասարդ ծանրորդներն այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Աբովյան քաղաքում: Մեր ֆեդերացիայում նպատակահարմար են գտել Վլադիսլավովո մեկնել միայն տղաների թիմով: Երեկ ծանրամարտի ֆեդերացիայում հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ է վստահվել հանդես գալ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում: Պատասխանը հետեւյալն էր. մարզչական խորհուրդը ներկայիս դրությամբ ամենահավանական թեկնածուներ համարում է հետեւյալ ծանրորդներին:
62 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 69 կգ՝ Դավիթ Մուրադյան, 77 կգ՝ Արայիկ Միրզոյան եւ Աղասի Աղասյան, 85 կգ՝ Արամ Անդրիկյան եւ Աղվան Մելիքյան, 94 կգ՝ Վարդան Դավթյան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան:
Սակայն ֆեդերացիայում հատուկ ընդգծեցին, որ սա դեռ հավաքականի նախնական կազմն է: Վերջնականը կորոշվի մրցավայր մեկնելուց մեկ-երկու օր առաջ:
Հասկանալի է, որ հայ մարզասերին հետաքրքրում է, թե ի՞նչ սպասելիքներ կան Լեհաստանից: Եվ չնայած այս անգամ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ այս թեմայով դեռ չենք զրուցել, բայց դատելով անգամ նախնական կազմից, Հայաստանի հավաքականը բավականին ուժեղ է, նրա անդամներից շատերը մեկ անգամ չէ, որ առաջնային տեղեր են նվաճել ամենաբարձր մակարդակի մրցումներում: Այնպես որ, այս անգամ էլ չի բացառվում, որ հայ ծանրորդները տուն կվերադառնան նոր մեդալներով: