Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում շարունակվում են շախմատի տղամարդկանց 25-րդ եւ կանանց 14-րդ ակումբային առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարում Երեւանի «Միկան» ոչ հեշտ պայքարում 3,5:2,5 հաշվով կոտրեց «ՇՍՄ-64 Մոսկվա» թիմի դիմադրությունը: Այս հակամարտությունում մեր թիմին հաղթական միավոր պարգեւեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը միավորը բաժանեցին մրցակիցների հետ:
Երկու տուրից հետո 14 ակումբներ տարել են միայն հաղթանակներ, սակայն վաստակած թիմային միավորների հաշվարկով «Միկան» եզրափակում է միավոր չկորցրած թիմերի ցուցակը:
Երեկ երրորդ տուրում մեր տղաների մրցակիցը առաջատարի դերն ստանձնած «PVK-Kievchess»-ն էր:
Թեեւ Եվրոպայի ակումբային առաջնությունը նոր է մեկնարկել, հայաստանցի շախմատասերներն արդեն սպասում են կանանց մրցապայքարին մասնակցող մեր «Միկայի» խոսքին: Մեկնարկային տուրում «չոր» հաշվով պարտություն կրելուց հետո մեր աղջիկները երկրորդում թիմային ոչ-ոքի՝ 2:2 խաղացին «Կոտնարի Պոլիտեխնիկայի» հետ: Մեր աղջիկներից միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը: Հարիկա Դրոնովալլին եւ Նինո Խուրցիձեն վաստակեցին կես միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց:
Երկու տուրից հետո «Միկա» աղջիկների թիմը 11 ակումբների մեջ ընթանում է նախավերջին տեղում: Երեկ «Միկայի» մրցակիցը Լեհաստանի «Polonia Votum Wroclaw»-ն էր: