Հոկտեմբերի 5-ին Ֆիլիպ Ժանտիի մատների, իրերի եւ տիկնիկների թատրոնը «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց «Զիգմունդ Ֆոլի» ներկայացումը: Երեկ Տիկնիկային թատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացման դերասանները՝ Ֆիլիպ Ռիշարն ու Էրիկ Դե Սարիան խոստովանեցին… որ իրենց հիացրել է հատկապես հանդիսատեսի լսելու ունակությունն ու համբերատարությունը. «Մենք հասկանում ենք, որ հայ հանդիսատեսի համար դժվար էր ֆրանսերեն տեքստն ընկալելը, բայց, միեւնույն ժամանակ, նկատելի էր համակ ուշադրությունն ու հետաքրքրությունը»: «Զիգմունդ Ֆոլին» պատմում է, թե ինչպես է հեղինակը հանկարծակի ահով արթնանում եւ տեսնում…որ իր ձախ ձեռքը քչփորում է գրպանները, իր դրամապանակը, բացում իր նամակները, պահարանները: Տեղի է ունենում մի խելահեղ հետապնդում՝ հեղինակի եւ իր ձախ ձեռքի միջեւ: «Այս ներկայացման մեջ տեսնում ենք մարդու ներքին կոնֆլիկտն ու պայքարը, անհատի երկատումը, եւ նույն անձի 2 եսի միացումն ու խաղաղ կյանք վարելը»,- այսպես համառոտ ներկայացրեց իրենց բեմադրությունը Էրիկ Դե Սարիան՝ հույս հայտնելով, որ հանդիսատեսը զգաց ու ընկալեց այն, ինչ իրենք փորձում էին ներկայացնել: Ներկայացումը դիտելուց հետո հայաստանցի որոշ արվեստագետներ կարծիք էին հայտնել, թե «Զիգմունդ Ֆոլին» թույլ բեմադրություն էր: Այս կարծիքին համամիտ չէին դերասանները, նշելով, որ այն ներկայացնում են արդեն 9 տարի եւ մոտ 500 անգամ տարբեր փառատոներում հասցրել են հիացնել հանդիսատեսին: «Եթե թույլ կամ անհաջող աշխատանք լիներ, չեմ կարծում՝ այդքան ցուցադրվեր»,- ասաց Էրիկ Դե Սարիան: