Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներից վարպետներ պետք է սարքենք»

Հոկտեմբեր 07,2009 00:00

Ռուդոլֆ Խառատյանը 2 տարի «կմարզի» բալետի հայ պարողներին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրված գլխավոր բալետմայստեր ունի: Խոսքը մեր ամերիկաբնակ ճանաչված հայրենակից Ռուդոլֆ Խառատյանի մասին է, որը 2 տարվա պայմանագիր ունի թատրոնի հետ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Խառատյանը պատմեց, որ ՀՀ-ում աշխատելու առաջարկությունը մշակույթի նախարարից ստացել էր դեռեւս նախորդ տարի, երբ Հայաստան եկավ ու բեմադրեց «Տանգո» եւ «Վարդանանք» բալետները: Հատկապես «Տանգոն» նորություն էր հայկական բալետում, դասական բալետի հիման վրա ստեղծված՝ ժամանակակից ներկայացում:

Մոտ 13 տարի Վաշինգտոնի բալետային թատրոնում աշխատելուց հետո եւ հայկական բալետի թատրոնը ղեկավարելուց առաջ պարոն Խառատյանը խոստովանեց, որ հայկական բալետը վերջին տասը տարիներին չի զարգացել: «Ցավոք, առաջընթաց չնկատեցի: Միայն պետք է արձանագրեմ, որ հայկական բալետի պատմության մեջ մեծ հաջողություն էր «Սպարտակի» բեմադրությունը: Անցած դարի 60-ականներին մեծ ճանաչում գտած «Սպարտակի» բեմադրությունից հետո այն նորից ներկայացնելը լավ գաղափար էր, մեր բալետն այնքան հետ էր գնացել, որ անհրաժեշտ էր վերադառնալ անցած դար եւ այնտեղից գալ նոր ժամանակներ»,- ասաց Ռ. Խառատյանը՝ նշելով, որ հայկական բալետը զարգացնելու լավագույն տարբերակը անցյալը այսօրվա աչքերով, նոր մոտեցումներով ու ժամանակակից ռիթմով ներկայացնելն է: Հրավիրված բալետմայստերն ասաց, որ առաջիկայում աշխատելու է մի քանի հիմնական ուղղություններով. «Բալետի հետ աշխատելու մեթոդները բարդ են ու միաժամանակ հարուստ: Նախ պետք է բարձր ֆիզիկական պատրաստվածություն, դրա հետ մեկտեղ էլ՝ տեխնիկական հնարքներ… Հենց այդ հնարքներին տիրապետելն է նպաստում համապատասխան զգացմունքային իրավիճակներ ստեղծելուն: Ոչ պակաս կարեւոր են նոր գաղափարները»: Պարոն Խառատյանի փաստմամբ, այս բոլոր կարեւոր հատկանիշներից հայկական բալետը կարեւորում է միայն ֆիզիկական պատրաստվածությունը, ինչը բավարար չէ հաջողություն ունենալու համար. «Արդեն մի քանի փորձերի ժամանակ նկատել եմ, որ կոլեկտիվը լավ է աշխատում, ջանասիրաբար, բայց դեռեւս չկա այն բազան, որի վրա կարելի է կառուցել խորը մտքեր, փիլիսոփայություն…»:

Ռ. Խառատյանի խոսքով, իր խնդիրը հայկական բալետը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է. «Աշխարհում հայկական բալետ հասկացություն գոյություն չունի, իսկ ստեղծելու համար շատ աշխատանք պետք է տարվի: Մենք ունենք հրաշալի պարողներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո»: Պարոն Խառատյանը նաեւ ասաց, որ առաջիկայում արտերկրի գործընկերների հետ համագործակցության ծրագրեր ունի. «Նախատեսել եմ Վաշինգտոնի «City Dance» թատրոնի հետ առաջիկայում համատեղ ներկայացում բեմադրել, հայկական բալետը կներկայացվի նաեւ Վաշինգտոնի «Montegomery College performing Arts Centre»-ում»: Նախքան մեծ երկրների մեծ բեմերում հանդես գալը, պարոն Խառատյանի խոսքով, դեռ շատ անելիքներ կան. «Երեխաներից վարպետներ պետք է սարքենք ու, կոպիտ ասած, վաճառքի հանենք, բացի այդ, կարեւոր է խաղացանկ ստեղծելը, խմբին խաղացանկով են ճանաչում: Առաջիկայում վարպետության դասեր են կազմակերպվելու, որոնք անցկացնելու են արտերկրից հրավիրված փորձառու խորեոգրաֆները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել