«Հայֆեստի» բացօթյա ներկայացումները դուր եկան հատկապես երեխաներին
«Հայֆեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում արտերկրից ժամանած թատերախմբերը հայ հանդիսատեսին ներկայանում են նաեւ բացօթյա ներկայացումներով: Օրերս Շարլ Ազնավուրի անվան հրապարակում «Ոսկյա ավանակը» ներկայացումով հանդես եկավ Սլովենիայի Անա Մոնրո թատրոնը եւ «Փուչիկստան-2» մանկական շոու ծրագրով՝ հայտնի Շոն Ռունին (Միացյալ թագավորություն-Կանադա):
«Ոսկյա ավանակը» սլովենական ժողովրդական հեքիաթ է, դերասանները Հայաստանում էին առաջին անգամ, բայց ներկայացումը հայ հանդիսատեսին հասկանալի դարձնելու համար նույնիսկ հայերեն էին սովորել: Բացօթյա բեմադրության մեջ դերասանները ընդգրկեցին նաեւ հավաքվածներին: Էդիտ Սողոմոնյանը, որ ներկայացման մեջ ակամա դարձավ հերոսուհի, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Շատ եմ սիրում street theatre՝ փողոցային թատրոն կոչվածը, այն կարող է մարդկանց գրավել իրենց գործի մեջ, դերասանները տրամադրող էին եւ հեշտությամբ կարողացան ինձ ընդգրկել խաղի մեջ: Այսպիսի միջոցառումները անհրաժեշտ են, ժողովուրդը ակտիվորեն մասնակցում է, մոռանում խնդիրների մասին, ինչ-որ տեղ նաեւ ազատվում կոմպլեքսներից»: «Ոսկյա ավանակում» ավազակների խմբի, ապա նաեւ ընտանիքի անդամ ներկայացնող, առաջին անգամ Հայաստանում գտնվող Քրեյգ Վեսթանը «Առավոտին» խոստովանեց, որ շատ է հավանել մեր երկիրը. «Կցանկանայի մեկ անգամ էլ գալ Հայաստան, այցելել տեսարժան ու պատմական վայրեր, ցավոք՝ հնարավոր չէ երկար մնալ: Ներկայացումը հաջողվեց, կարեւոր էր միմիկան, որը, իմ կարծիքով, հիանալի կատարեցինք: Հայերը շատ լավն են, հուսամ՝ նրանք ամեն ինչ հասկացել են»: Դերասան, ռեժիսոր Ստեփան Շահինյանի կարծիքով՝ բացօթյա ներկայացումները շատ կարեւոր են. «Այժմ հանդիսատեսը դժվարությամբ է գնում թատրոն, դրա համար էլ թատրոնն է դուրս եկել մարդկանց մեջ»:
«Փուչիկստան 2»-ը հիացրել էր հատկապես մանուկներին. շոուից հետո երեխաների հերթ էր գոյացել, ու յուրաքանչյուրը Հայաստան ժամանած հյուրին խնդրում էր փուչիկից պատրաստել իր նախընտրած կենդանին: Շոն Ռունին, որ Հայաստանում է արդեն երկրորդ անգամ, «Առավոտին» պատմեց, որ 22 տարեկան էր, երբ Կանադայում ընկերները սովորեցրին փուչիկից հետաքրքիր պատկերներ ստանալ, իսկ հետո սկսեց ինքնուրույն ստեղծագործել ու այժմ հպարտանում է, որ շոուների մեծ մասը իր հորինածներն են. «Կան մարդիկ, որ այս ասպարեզում իրենց մակարդակով համապատասխանում են ու ապշեցնում, բայց ես առաջինն էի, որ այս ամենը վերածեցի շոուի»,- ասաց Ռունին ու հավելեց, որ տարբեր երկրներում հանդիսատեսի վերաբերմունքը տարբեր է. «Օրինակ՝ մեծ Նյու Յորքում ռեակցիան այդքան մեծ չի լինում, բայց այնտեղ էլ մարդիկ ուզում են փորձել, սովորել պատրաստել գոնե հասարակ կենդանիներ»: Հետաքրքրվեցինք՝ կա՞ այնպիսի դպրոց, որտեղ կարելի է սովորել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դրանք հիմնականում կրկեսի դպրոցներն են կամ հավաքույթները, որտեղ մասնագետները սովորեցնում են. «Յուրաքանչյուր ոք կարող է, օրինակ՝ շուն պատրաստել, բայց, ենթադրենք՝ փուչիկով կիթառ նվագել կամ մեծ չափերի կոկորդիլոս, մարդ պատրաստելը դժվար է, անհրաժեշտ է ֆիզիկական ուժ, ձեռքերի ամրություն»: Շոն Ռունիից հարցրինք՝ այս տարվա «Փուչիկստան-2»-ը տարբերվու՞մ է նախորդ տարվա շոուից: Նա պատասխանեց. «Ամեն շոու միաժամանակ ե՛ւ նույնն է, ե՛ւ շատ տարբեր: Նյու Յորքում, Տորոնտոյում, Լոնդոնում մեծ ցուցահանդեսներ եմ ունեցել, 4-5 մետր բարձրությամբ մեծ աշխատանքներ ներկայացրել: Հայաստանում, ցավոք, այդպիսի թիմ չկար, բայց փոխարենը երեխաների ծիծաղ կար»: Հայերի ու Հայաստանի մասին մեր զրուցակցի տպավորություններն այսպիսին էին. «Բոլոր հայերին հետաքրքրում է, թե աշխարհն ինչպիսին է տեսնում իրենց: Հետաքրքիր երկիր է, տարբեր խավերի մարդիկ կան՝ աղքատ, շատ հարուստ, ծիծաղելի: Մարդիկ շատ լավն են, շենքերը՝ «նորմալ»: Հիասքանչ բնություն է, մի քանի օր կմնամ՝ վայելելու ձեր տեսարժան վայրերը»: