Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ԱՅՆՏԵՂ

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"Ֆրանսիական հայտնի Paris Match հանդեսը իր հոկտեմբերի առաջին համարում, մեկուկես միլիոն տպաքանակով 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին: «Հայաստանի վերազարթոնքը» (Le Renouveau de l’Armenie) խորագրով ներդիրը բացառիկ լուսանկարների եւ տեքստերի միջոցով ներկայացնում է վերաշենացող այսօրվա Հայաստանը, վաղվա նրա ձգտումները, նրա կշիռը տարածաշրջանում եւ տեղը ժամանակակից աշխարհում: ԱԳՆ-ից տեղեկանում ենք, որ ներդիրը բացվում է ֆրանսիական հասարակության երեք հանրաճանաչ դեմքերի խոսքերով, որոնք պատմում են իրենց հայկական արմատների եւ Հայաստանի հետ հոգեկան կապի մասին: «Իմ երեխաների երակներով հայկական արյուն է հոսում, նրանք դաստիարակվել են հայկական ոգով եւ գիտեն իրենց նախնիների պատմությունը»,- ասում է Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Ալեն Պրոստը: Հայտնի երգչուհի Էլեն Սեգարան պատմում է իր մանկական հուշերի, Շարլ Ազնավուրի հետ երեք տարի առաջ Հայաստանում տված բացառիկ համերգի եւ հայկական մեղեդիների անկրկնելի հուզականության մասին: «Ինձ համար հայկականությունն առաջին հերթին հիշողության առջեւ պարտքն է»,- ասում է հանրահայտ հեռուստալրագրող, «Պարի-Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Շարլ Վիլնյովը:

Ներդիրը, հենվելով Paris Match-ի սեփական թղթակիցների եւ լուսանկարիչների ռեպորտաժների վրա, նոր տեսանկյուններից է դիտում երեւանյան պատկերներն ու երիտասարդության առօրյան: Ներդիրում ներառված է հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդեսի ղեկավարության կարծիքով, Հայաստանին նվիրված ներդիրը, որի վրա աշխատանքներն սկսվել էին դեռեւս մեկ տարի առաջ, ամենահաջողվածներից է եւ մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել