Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարական դիպլոմ՝ ՀՀ-ում

Հոկտեմբեր 07,2009 00:00

Հոկտեմբերի 8-ին առաջին անգամ իրենց ուսումնական գործընթացը կսկսեն Շվեյցարական բիզնես-դպրոցի հայաստանցի ունկնդիրները: Ունկնդիրների առաջին խմբում ներառված է 20 մարդ, որոնց թվում են Հայաստանի առաջատար բանկային եւ առեւտրային կառույցների ղեկավարներ:

Երեկ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում տեղի ունեցավ ծրագրի բացումը: Շվեյցարական բիզնես-դպրոցը կսկսի Master of Business Administration (MBA) ծրագրի իրագործումը Հայաստանում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) բիզնես-դպրոցի բազայի վրա: ՌՀՀ բիզնես-դպրոցի ղեկավար, ՌՀՀ պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը երեկ ասաց, որ MBA ծրագրի իրագործումը եզակի հնարավորություն է ընձեռում՝ ստանալու աշխարհում բարձր գնահատվող MBA գիտելիքներ եւ դիպլոմ՝ առանց Հայաստանից մեկնելու:

Ծրագրի ադմինիստրացիայի ղեկավար Մարիանա Կարանֆիլոսկան ներկայացրեց Շվեյցարական բիզնես-դպրոցի պատմությունն ու այն մեխանիզմները, որոնցով այն կգործի: Իսկ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանն իրենց 6-րդ գործընկերն է: Այնուհետեւ շեշտեց. «Մենք հիմնականում հիմնվում ենք ռուսալեզու երկրների վրա, օրինակ՝ այսպիսի բիզնես-դպրոցներ ունենք Ղազախստանում, Մոսկվայում: Ինչպես Երեւանում՝ Սլավոնական համալսարանում, այնպես էլ Բաքվում նոր-նոր ենք բացում բիզնես-դպրոց»: Անդրադառնալով ունկնդիրների դասապրոցեսի կազմակերպմանը, Մ. Կարանֆիլոսկան նշեց. «Մեր՝ Ցյուրիխի բիզնես-դպրոցի ունկնդիրները կարող են դասընթացներ ունենալ նաեւ երեկոյան ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին: Մենք չենք հիմնվում միայն տեսական գիտելիքների վրա, այլեւ նրանց տալիս ենք գործնական կոնկրետ հմտություններ»: Իսկ հայաստանյան կողմից ծրագրի ղեկավար Արթուր Յավրույանից հետաքրքրվեցինք՝ թե ովքե՞ր կարող են դիմել ծրագրին եւ ի՞նչ պայմաններով: Նա նշեց. «Սա հետբուհական ուսուցում է տարբեր ոլորտներում՝ շուկայագիտություն, մարկետինգ: Պարզ ասած, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ցանկացած անձ, որն ավարտել է բուհի բակալավրիատը կամ մագիստրատուրան, կարող է դիմել ծրագրին: Կան հիմնական եւ բազային կուրսեր՝ նեղ մասնագիտական: Կլինեն 10 հիմնական եւ 5 նեղ մասնագիտական կուրսեր, որոնցից երկուսը կարդալու են հայաստանցի մասնագետները, 3-ը՝ դրսից ժամանած: Մեր ծրագիրը ռուսերեն է, մենք չենք ձգտում պարտադիր անգլերենին: Ո՞վ է ասել, որ առանց անգլերենի լավ իմացության՝ անձը չի կարող լավ մենեջեր լինել: Բայց կլինեն նաեւ անգլերեն խմբեր: Ցանկացողների փաստաթղթերը կուսումնասիրվեն Շվեյցարիայում, այնուհետեւ նրանք կանցնեն հարցազրույց: Արդյունքում կարող են ստանալ երկու դիպլոմ՝ հայկական եւ շվեյցարական»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե որքա՞ն կարժենա առաջին հայացքից գրավիչ թվացող այդ ծրագիրը: Պարոն Յավրույանն ասաց, որ ուսուցման ողջ ընթացքի՝ 1 տարի 5 ամսվա համար ունկնդիրները պետք է վճարեն 6000 եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել