Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՆԱԵՎ ԿՐԹՈՒՄ Է

Հոկտեմբեր 07,2009 00:00

Դա կկատարվի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի արդյունքում

\"\"
Հայաստանցի նախկին կրթաթոշակակիրները՝ գերմանական պատվիրակության հետ:

Աշխատել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի աշխատասենյակում, նրա հետ մասնակցել պաշտոնական հանդիպումների. մինչեւ 30 տարեկան երիտասարդներին կրթական եւ մասնագիտական հմտությունների բարելավման այսպիսի հնարավորություն է տալիս Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը:

Երեկ ԵՊՀ-ում Բունդեսթագի պատգամավոր Լիդիա Վեստրիխը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի պրոռեկտոր Ուվե Հենս Նագելը եւ Գերմանիայից ժամանած այլ հյուրեր հանդիպեցին լրագրողների եւ հայաստանցի նախկին կրթաթոշակառուների հետ: Արդեն 20 տարի գործող ծրագրում ՀՀ-ն ներգրավվել է 2007-ից, ունենք 9 շրջանավարտ: 2010-ի մարտի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը տեւող կրթաթոշակին աշխարհի 28 երկրի 120 ներկայացուցիչների հետ ՀՀ-ից կմասնակցեն 3 հոգի: Թեեւ ինչպես տեղեկացրեց Լիդիա Վեստրիխը, հնարավոր է, գնալով Գերմանիա, որոշում կայացնեն եւս մեկ տեղ հատկացնել ՀՀ-ին, քանի որ մեր երկրի դիմորդների կրթական մակարդակը բավականին բարձր է: Գերմանիայի խորհրդարանի կողմից հովանավորվող ծրագրի մասնակիցները, ծանոթանալով Բունդեսթագի աշխատանքներին, համեմատելով Գերմանիայի խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի աշխատանքները, կարող են մասնակցել նաեւ դասախոսությունների Բեռլինի որեւէ համալսարանում:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթաթոշակի մասնակիցները: Լ. Վեստրիխը պատասխանեց. «Տվյալ երկրին տրամադրվող տեղերի քանակը որոշում ենք ըստ դրա բնակչության թվի: Չափանիշ է այն, որ տվյալ անձը ավարտած լինի որեւէ բարձրագույն ուսումնական հաստատություն: Մասնագիտությունների միջեւ որեւէ խտրականություն չի դրվում: Մեզ անհրաժեշտ են այնպիսի անձինք, որոնք նվիրված են ժողովրդավարության եւ հանդուրժողականության սկզբունքներին»: Նկատենք, որ ծրագրին տարածաշրջանից մասնակցում են Վրաստանն ու Ադրբեջանը, Թուրքիան դուրս է մնացել ծրագրից: Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ երաշխիքներ է ապահովում ծրագիրը, որ Գերմանիա մեկնած երիտասարդն անպայման կրթաթոշակի ավարտից հետո վերադառնա իր երկիր: Նա պատասխանեց. «Երաշխիքներ չկան: Օրինակ՝ իմ գրասենյակում աշխատում էր ԱՄՆ-ից ժամանած մի կրթաթոշակակիր, որը սիրահարվեց մեր աշխատակցուհուն եւ մնաց Գերմանիայում: Շատ բան է կախված նաեւ նրանից, թե կրթաթոշակակրին ինչպես են ընդունում իր երկրում, քանի որ կրթաթոշակը որոշ երկրների մասնակիցների համար դառնում է «պատիժ»:

Նախորդ տարվա կրթաթոշակակիրներ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ շրջանավարտ Զարինե Առաքելյանն ու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս Ստելա Ֆալաքյանն «Առավոտին» փոխանցեցին, որ իրենք վերադարձել են, քանի որ ունեին պատասխանատվության զգացում՝ վերադառնալ հայրենիք եւ աշխատել այստեղ: Ս. Ֆալաքյանը նշեց, որ կրթաթոշակին մասնակցելուց հետո իր պաշտոնը նույնիսկ բարձրացել է:

«Առավոտը» զրուցեց Բունդեսթագի պատգամավորի եւ Հումբոլդի համալսարանի պրոռեկտորի հետ: Տիկին Լ. Վեստրիխի հետ խոսեցինք բուհ-օրենսդիր մարմին հարաբերությունների մասին: Նա նկատեց. «Բունդեսթագում կան բազում ուսանող-աշխատակիցներ. չէ՞ որ ուսանողն էլ ունի օրվա հաց հոգալու խնդիր: Բայց կան կանոններ, որոնց պետք է հետեւեն Բունդեսթագում աշխատող ուսանողները՝ պահպանեն գաղտնիություն, հատկապես պաշտպանական բնագավառում»: Երկու զրուցակիցներիցս հետաքրքրվեցի՝ կո՞ղմ են, թե՞ դեմ այն երեւույթին, որ բուհի ռեկտորը պատկանում է այս կամ այն կուսակցությանը, կամ դասախոսը լսարանում երբեմն զբաղվում է քաղաքական քարոզչությամբ: Պարոն Ուվե Հենս Նագելն այս կապակցությամբ ասաց. «Այդպիսի բան Գերմանիայում անհնար է: Եթե մի դասախոս լսարանում դասախոսության ժամանակ զբաղվի քարոզչությամբ, մեծ աղմուկ կբարձրանա: Այս կամ այն կուսակցությանը պատկանելը յուրաքանչյուր մարդու գործն է, բայց Գերմանիայում այդպիսի բաների մասին չի խոսվում: Օրինակ՝ չգիտեմ, թե մեր բուհի նախագահը ինչ կուսակցության է պատկանում: Այդ հարցերը ոչ ոքի չեն հետաքրքրում»: Տիկին Լիդիա Վեստրիխն էլ հավելեց. «Բայց մյուս կողմից ոչ ոք չի կարող որեւէ բուհի աշխատողի արգելել անդամակցել այս կամ այն կուսակցությանը»: Բուհական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի մասին խոսելիս էլ Հուբոլդի համալսարանի պրոռեկտորն ասաց. «Մեզ մոտ կոռուպցիոն ռիսկեր գրեթե գոյություն չունեն: Միայն վերջերս մի դեպք արձանագրվեց, երբ վճարվել էր դոկտորական աշխատանքների ղեկավար դառնալոււ համար, մեծ սկանդալ բարձրացավ: Կոռուպցիան ակտուալ խնդիր չէ Գերմանիայի կրթական համակարգում, մենք շատ ուրիշ խնդիրներ ունենք: Ոչ մի բուհի աշխատակից անգամ փորձ չի անի մի շիշ կոնյակ վերցնել, դա բացառված է»: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են պրոռեկտորի նշած «այլ» խնդիրները: Նա պատասխանեց. «Ունենք ֆինանսական դժվարություններ, չնայած դրան Գերմանիայի շատ երկրամասերում կրթությունն անվճար է: Բայց դա էլ ունի մեկ այլ թերություն, ինչի արդյունքում դասախոս-ուսանող հարաբերակցությունը տարբերվում է ԱՄՆ-ից: Օրինակ՝ եթե այնտեղ այդ հարաբերակցությունը 1-ը 10-ի է, ապա մեզ մոտ՝ 1-ը 100-ի: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ բավականին քիչ ուսանողներ ունենք մաթեմատիկա, ինֆորմատիկա, բնագիտություն եւ տեխնոլոգիաներ բնագավառներում, հատկապես քիչ են կին դիմորդները: Այդ հարցին լուծում տալու համար համագործակցում ենք դպրոցների հետ. հենց այդտեղից պիտի սկսել, այլապես հետո ուշ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել