Վերադարձ վիրտուալ իրականությունից ռեալ իրականություն
Գտնվելով ԽՍՀՄ կազմում եւ նրա պաշտպանական հովանու ներքո՝ արեւելահայ հասարակությունն ու նրա պատմագիտական միտքը (քաղաքական անկախ միտք, որպես այդպիսին, գոյություն չուներ) աղոտ պատկերացում ուներ ժամանակակից Թուրքիայի մասին: Լինելով նախ Ցարական Ռուսաստանի, ապա եւ խորհրդային կայսրության մեծապետական շովինիզմի եւ գաղափարական ու պատմագիտական հզոր քարոզչության ազդեցության տակ՝ մենք Թուրքիան ընկալում էինք որպես բոլոր առումներով թույլ եւ հետամնաց մի երկիր, որը գոյատեւում էր միմիայն Արեւմուտքի ցուցաբերած բազմակողմանի օգնության շնորհիվ՝ մոռանալով այն փաստը, որ իր հռչակումից մինչեւ Երկրորդ աշխարհամարտի սկիզբը այս երկրի գլխավոր դաշնակիցը եղել է հենց Խորհրդային Միությունը:
Անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց մինչ այդ իր համար անծանոթ մարտահրավերների առաջ, որոնցից ամենադաժանը գուցե «անծայրածիր վիրտուալ հայրենիքի» սահմանների նեղացումն էր մինչեւ իրական հայրենիք՝ մոտ երեսուն հազար քառ. կմ տարածքով, որը միջպետական սահմաններ ուներ չորս հարեւանների հետ, որոնցից առնվազն երկուսի հետ անչափ բարդ՝ «տաք» եւ «սառը» պատերազմներին բնորոշ հարաբերություններ: Եվ այս պայմաններում երկրի անվտանգությունն ու ժողովրդի բարեկեցությունը պիտի կարողանար ապահովել՝ ապավինելով միայն սեփական ուժերին, ինչը դիվանագիտական հսկայական ջանքեր էր պահանջում՝ այն դեպքում, երբ նման ավանդույթներ Հայաստանը չէր ունեցել: Բնականաբար, այս ջանքերի առյուծի բաժինն ուղղվելու էր Ադրբեջանի եւ հանրային գիտակցության մեջ դարավոր թշնամու կերպարով հանդես եկող Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հենց այստեղ ի հայտ եկավ խորհրդային ժառանգության ավերիչ ուժի ողջ հզորությունը՝ ի դեմս դեռեւս վիրտուալ աշխարհում ապրող «մտավորականների» բանակի (նախկին կուսակցական գործիչներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ եւ այլն), որոնք միավորեցին իրենց ջանքերը ավանդական կուսակցությունների հետ՝ հակաթուրքիզմի միասնական ճակատը ձեւավորելու նպատակով, շահագործելով այդ կուսակցությունների թեպետ իդեալական, սակայն իրոք ազգայնական զգացմունքները:
Բարեբախտաբար, արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժի կորիզը շատ ավելի իրատես գտնվեց ու որոշեց անկախ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցել հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման սկզբունքի վրա, ինչի շնորհիվ խափանվեց հարեւանների միասնական ճակատի հետ ընդհարվելու վտանգը (իսկ այն միանգամայն իրական էր՝ հիշենք, թեկուզ, 1918-1920 թթ. դասերը): Նորաստեղծ պետականության հետագա գոյատեւումն ապահովելու համար առաջնահերթ խնդիրը հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր թե՛ արտաքին աշխարհի հետ կայուն կապի ապահովման, թե՛ երկրի տնտեսության շուկայական հիմքերի վրա զարգացման եւ թե՛ ազգային անվտանգության տեսակետից:
Այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների նախաձեռնած առաջին քայլերը Անկարային ստիպեցին համեմատական չեզոքություն պահպանել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում եւ 1991-ից անմիջական շփումներ սկսել Երեւանի հետ: Չկարողանալով մերժել Հայաստանի նախաձեռնությունը՝ Թուրքիան որոշեց հարաբերությունների հաստատումը կապել մի շարք նախապայմաններով, որոնց ընդունման դեպքում նա լուծելու էր երկու խնդիր. ա) բարձրացնելու էր իր վարկը միջազգային ասպարեզում, բ) չեզոքացնելու էր հետագայում ՀՀ-ի կողմից հայտնի պահանջներ ներկայացնելու հնարավորությունը:
Այդ նախապայմանները թուրքերն առաջին անգամ ներկայացրին 1992թ. ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ կայացած շփումների ժամանակ, որը Ստամբուլում մասնակցում էր ՍԾՏՀ հիմնադիր ժողովին: Զբաղեցնելով 1991-93 թթ. ԱԳՆ նախ՝ Թուրքիայի պատասխանատու, ապա՝ Թուրքիայի բաժնի վարիչի պաշտոնները, ես անձամբ մասնակցել եմ թուրք դիվանագետների հետ կայացած համարյա բոլոր հանդիպումներին, ուստի այդ նախապայմանները ներկայացվում են առաջին ձեռքից: Դրանք չորսն էին.
ա) Թուրքիայի համար անհասկանալի է, թե ինչու անկախության հռչակագրում տեղ է գտել ցեղասպանության մասին հիշատակում, եթե Երեւանի օրակարգում նման հարց չկա: Անկարան կցանկանար, որ այդ հիշատակումը տեքստից հանվեր:
բ) Եթե Երեւանն անկեղծ է հարաբերությունները կարգավորելու ձգտման մեջ, թող ստիպի Սփյուռքի կազմակերպություններին դադարեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերը:
գ) Թող ՀՀ իշխանությունները հատուկ հայտարարությամբ ճանաչեն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը (իմա՝ վերահաստատեն 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով հաստատված միջպետական սահմանի օրինականությունը):
դ) Դատապարտեն միջազգային ահաբեկչության բոլոր տեսակի դրսեւորումները, այդ թվում՝ ԱՍԱԼԱ-ի եւ ՀՅԴ գործողությունները:
Հետագա շփումների ընթացքում հայկական կողմը կտրականապես մերժել է այս նախապայմանները, պարզաբանելով, որ՝
ա) Անկախության հռչակագիրը բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ ընդունված փաստաթուղթ է եւ փոփոխման ենթակա չէ:
բ) Հայկական Սփյուռքը ցեղասպանության եւ արեւմտահայության բռնի տեղահանման արդյունքում առաջացած երեւույթ է՝ իր կազմակերպություններով եւ պայքարի իր որդեգրած ձեւերով: ՀՀ-ն ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ, առավել եւս, բարոյական իրավունք ունի նրան թելադրելու իր կամքը:
գ) Հենց անկախության հռչակագրում նշված է, որ ՀՀ-ն իր անկախությունը հռչակել է Խորհրդային Հայաստանի տարածքում՝ դրանով իսկ ճանաչելով առկա միջպետական սահմանների օրինականությունը, ուստի նպատակահարմար չի գտնում լրացուցիչ անդրադառնալ այդ հարցին:
դ) ՀՀ-ն դեմ է ահաբեկչության բոլոր դրսեւորումներին, սակայն դեմ է այս խնդրի մասնավորեցմանը, քանի որ այդ դեպքում անհրաժեշտություն կծագի գնահատական տալ կոնկրետ դեպքերի հետեւում թաքնված պատմական իրադարձություններին, ինչը կխոչընդոտի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հայ-թուրքական միջպետական առաջին շփումների օրակարգում արցախյան հակամարտության վերաբերյալ հստակ ձեւակերպված որեւէ նախապայման չկար, քանի որ ռազմական ընդհարումները դեռեւս դուրս չէին եկել ԼՂՀ վարչական տարածքից, եւ ՀՀ-ն պաշտոնապես հակամարտող կողմ չէր: Չկար նաեւ սահմանի բացման խնդիր, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ Գյումրին Կարսին կապող երկաթգիծն անխափան աշխատում էր, եւ քննարկվում էր միայն նոր սահմանային անցակետերի (Ալիջան-Մարգարա, Ախուրյան-Դողուքափ ավտոճանապարհային անցակետերի) շահագործման հարցը: Ավելին, սահմանը շարունակում էր գործել նույնիսկ Շուշիի ազատագրումից եւ Լաչինի միջոցով ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ կայուն ցամաքային կապ հաստատվելուց հետո: Այն բաց էր նույնիսկ այն ամիսներին, երբ ռազմական գործողությունները դուրս եկան ԼՂՀ վարչական տարածքից եւ սկսվեց ձեւավորվել անվտանգության գոտին (1992 թ. դեկտեմբեր-1993 թ. մարտ)։ Հենց այս թեժ ամիսներին Թուրքիայից երկաթգծով Հայաստան ներկրվեց ավելի քան 50 հազար տոննա ցորեն (պայմանագրով նախատեսված 100 հազարի կեսից ավելին) եւ 5 հազար տոննա սիրիական ցորեն (Մարգարայի կամրջով)՝ կանխելով մեր ազգաբնակչությանը սպառնացող սովը եւ հացով ապահովելով ճակատում կռվող հայ զինվորներին։ Այս փայլուն դիվանագիտական կոմբինացիան (որի գլխավոր դերակատարներից մեկը եղել եմ ես, ինչի մասին կարող է վկայել թե այդ ժամանակվա ղեկավարության եւ թե համապատասխան պայմանագրի տակ դրված իմ ստորագրությունը) հնարավոր դարձավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իբր ռազմական գործողությունների ընթացքից անտեղյակ լինելու եւ դրանք վերահսկել չկարողանալու մասին հավաստիացումների շնորհիվ, որոնց ոչ գերտերությունները, ոչ էլ Թուրքիան չէին հավատում, բայց ստիպված հաշվի էին նստում։
Սակայն ինչ-որ պահի, երբ հայկական ուժերի վերահսկողության տակ անցան հարակից ադրբեջանաբնակ տարածքները, Թուրքիան պաշտոնապես հրաժարվեց (թեկուզ եւ ձեւականորեն) չեզոքություն պահպանել քաղաքականությունից, 1993-ի մարտի վերջերին պաշտոնապես փակեց միջպետական սահմանը՝ դադարեցնելով ցորենի հետագա առաքումը։ Հենց այս պահից արցախյան հակամարտության կարգավորումը դառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջնահերթ նախապայմաններից մեկը։
Այս պահանջն առաջին անգամ ներկայացրեց Թուրքիայի այդ ժամանակ դեռեւս վարչապետ Ս. Դեմիրելը՝ 1993 թ. ապրիլին Թ. Օզալի թաղման արարողությանը մասնակցելու համար Անկարա ժամանած նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ (պատվիրակության կազմում էին նաեւ Ժ. Լիպարիտյանը, Վ. Փափազյանը եւ ես)։ Սեղանի վրա փռված քարտեզի վրա Արցախը ցույց տալով՝ Դեմիրելն ասաց (մեջբերում եմ նրա ուղղակի խոսքերը). «Դուք պնդում եք, թե սա հայկական հող է։ Չնայած այդպես չէ, բայց ընդունենք, որ դուք ճիշտ եք։ Սակայն ի՞նչ գործ ունեն հայկական ուժերը այս տարածքում,- հարցրեց նա՝ մատնանշելով ազատագրված տարածքները։- Այս բանը ես իմ ժողովրդին չեմ կարող բացատրել»։ Հարազատ մնալով իր որդեգրած քաղաքական գծին՝ ՀՀ նախագահը ընդհանուր գծերով բացատրեց, որ պատերազմը սկսել են ազերիները, եւ ստեղծված իրավիճակը դեռեւս չավարտված ռազմական գործողությունների հետեւանք է, որոնք իրականացվում են Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից։
Այնուհետեւ սկսվեց դիվանագիտական քաշքշուկների երկարատեւ մի գործընթաց, որի ընթացքում՝ հայկական ուժերի գործողություններին զուգընթաց, Թուրքիայի իշխանությունները խոստանում էին սահմանը բացել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, եթե հայերը ետ հանձնեն գոնե մեկ շրջան, գոնե մեկ գյուղ կամ, ինչպես սիրում էր կրկնել Դեմիրելը՝ «գոնե մի քանի զինվոր ետ քաշեք»։ Գուցե այսօր շատերին անհավանական թվա, սակայն այդ թվերին Թուրքիան պատրաստ էր հրաժարվել իր բոլոր նախապայմաններից, եթե իր միջնորդության շնորհիվ Հայաստանը նվազագույն զիջման գնար արցախյան հիմնախնդրում։
1998-ի իշխանափոխությունից հետո Ռ. Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի անհեռատես քաղաքականության հետեւանքով ՀՀ-ն վերածվեց հակամարտության անմիջական կողմի՝ այստեղից բխող բացասական հետեւանքներով, եւ կամա թե ակամա նպաստեց Ադրբեջանի դիրքերի ուժեղացմանը միջազգային ատյաններում։ Անմիջապես կոշտացավ նաեւ Անկարայի կեցվածքը։ Կրկին օրակարգ մտան համարյա արդեն մոռացվող նախապայմանները եւ դրանց ավելացավ արցախյան հակամարտության՝ Ադրբեջանի օգտին հանգուցալուծման պայմանը։ Եվ այս բոլորը՝ բացահայտ թե քողարկված, տեղ գտավ օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրություններում, բացի Արցախի խնդրից, ինչը բնական էր, քանի որ դրանք կարգավորում են երկու երկրների փոխհարաբերությունները, եւ փաստաթղթերում երրորդ երկրի հիշատակումը դիվանագիտական կանոններից դուրս կլիներ։ Եվ դրա կարիքն էլ չկար, քանի որ «զուգահեռ գործընթացներ» են տեղի ունենում եւ մեկի հաջողությունը պայմանավորված է երկրորդի ճակատագրից։
Այժմ հակիրճ՝ բուն արձանագրությունների մասին։ Դրանց շուրջ տեղի-անտեղի այնքան կարծիքներ են արտահայտվել, որ ավելորդ եմ համարում անդրադառնալ դրանց բովանդակությանը։ Այն, որ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, երկու կարծիք լինել չի կարող։ Պարզապես պետք է ընդունել, որ այդ փաստաթղթերը վերջին տասը տարիների հարաբերություններում արձանագրված բացասական «էվոլյուցիայի» արդյունք են եւ արտահայտում են ուժերի այսօրվա հարաբերակցությունը։ Եթե հայկական հասարակությունն իր պետական ինստիտուտներով շարունակի գահավիժել սույն տեմպերով, հաջորդ փուլում մեզ ներկայացվելիք նախապայմանները շատ ավելի դաժան կարող են լինել։
Իմ կարծիքով, տվյալ պահին ամենավտանգավորը արձանագրությունների ստորագրումը չէ, այլ նրանց վավերացումը Ազգային ժողովում, քանի որ դրանից հետո դրանք դառնալու են ՀՀ-ի ապագա ցանկացած իշխանությանը պարտավորեցնող միջազգային փաստաթուղթ։ Փաստաթուղթ, որի մեջ Թուրքիային հաջողվել է ներդնել 1992-ից ի վեր առաջ քաշած բոլոր նախապայմանները, որոնք փոփոխության ենթակա չեն լինի։ Վստահորեն կարող եմ պնդել, որ Թուրքիայի կառավարությունն այն ստորագրելու է, սակայն խորհրդարանում չի վավերացնելու։ Նա իր ձեռքին ունենալու է մի զենք, ՀՀ Ազգային ժողովում վավերացված մի փաստաթուղթ, սակայն սահմանը չի բացելու եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ձգձգելու է այնքան ժամանակ, քանի չի հասել իր առաջ դրված բոլոր նպատակներին։
Միակ ելքը՝ անկախ այսօրվա կազմից, Ազգային ժողովի սկզբունքային կեցվածքը կարող է լինել. չվավերացնել փաստաթղթերը կամ ձգձգել դրանց վավերացումը։ Կամա թե ակամա, նրանից է կախված Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։
ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆ
ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի
նախկին վարիչ, ՀՀ նախկին
նախագահի ավագ թարգմանիչ, թուրքագետ