Լրահոս
Օրվա լրահոսը

Տերս գաղտնի թող մնա

Հոկտեմբեր 07,2009 00:00

 Տավուշում խաղողի մթերումը նոր է սկսվում

Սեպտեմբերի 28-ից Երեւանի կոնյակի գործարանի՝ Բերդի ընդունման կետը խաղող է մթերում: Առաջին երկու օրերին հանձնվել է շուրջ 50 տոննա բերք: Բերդի ընդունման կետը շուրջ 4000 տոննա խաղող կմթերի: Ընդունման գինը 120 դրամ է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի վկայությամբ՝ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը, հոկտեմբերի 2-ից սկսած, ընդհանուր քանակով 1000-1500 տոննա հումք կընդունի: Բերդավանի գինու գործարանն էլ նախատեսում է 500-1000 տոննա խաղող ընդունել: Այստեղ բերքի ընդունումը նախատեսվում է հոկտեմբերի 5-ից: Ակնկալվում է, որ այս գործում Բերդավանի գինու գործարանի սեփականատերը կհամագործակցի Երեւանի գինու, օղու, կոնյակի կոմբինատի հետ: Ռազմիկ Մելիքջանյանին հարցրինք Աչաջուր, Այգեհովիտ, Դիտավան, Վազաշեն, Պառավաքար եւ Վարագավան գյուղերի՝ վերջերս կարկտահարված խաղողի այգիների ճակատագրի մասին: Գյուղվարչության պետն ասաց, որ կարկտից քիչ վնասված խաղողը Բերդի ընդունման կետը ընդունում է, իսկ առավել կարկտահարված խաղողից գյուղացիներն օղի են թորում:

Իջեւանի գինու գործարանի տնօրեն Անդրեյ Սարգսյանից էլ տեղեկացանք, որ գործարանը Տավուշի մարզում մթերումը սկսել է հոկտեմբերի 3-ից, ընդհանուր առմամբ կընդունվի 500-600 տոննա, կգ-ն՝ 90-140 դրամով: 140 դրամով կընդունվի «Սապերավի» տեսակի խաղողը, 110 դրամով՝ կարմիր եւ սեւ խաղողը, 90 դրամով՝ սպիտակ՝ «Բանանց», «Ռիկացիթելի», «Լալվար» տեսակները: 90 դրամը ցածր չէ՞ խաղողի նախապես հայտարարված ընդունման գներից մեր հարցին ի պատասխան՝ Անդրեյ Սարգսյանը հակադարձեց՝ տեղյա՞կ եք, որ Արարատյան դաշտում 80-100 դրամով խաղող է ընդունվում: Իջեւանի գինու գործարանը Արարատյան դաշտում կգ-ը 100 դրամով արդեն 50 տոննա կարմիր խաղող է ընդունել, եւս 100 տոննա էլ կընդունի: Այս տարվա սկզբին Իջեւանի գինու գործարանի սեփականատերը փոխվել է: Հիմա ո՞ւմ ձեռքին է գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Այս հարցին գործարանի տնօրենը չցանկացավ պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել