Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքը շահավետ չէ՞

Հոկտեմբեր 07,2009 00:00

Շահագործող ընկերությունը հանքը վերադարձնում է պետությանը, ինչը սոցիալական խնդիրներ է առաջացնելու:

Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման նախագիծն առաջիկա օրերին փորձաքննության համար կուղարկվի ՀՀ բնապահպանության նախարարություն: Ընկերությունը լիցենզիա ստանալուց հետո 2006 թվականից սկսել է շահագործել հանքը: 2007-ից սկսել են հանքարդյունահանման աշխատանքները, սակայն 2008 թվականի օգոստոսին հանքավայրի աշխատանքները դադարեցվել են: Ըստ ընկերության պատասխանատուների՝ հանքավայրի շահագործումը դադարեցնելու հիմնական պատճառը հանքի՝ ընկերության համար ոչ շահավետ լինելն էր: 2007 թվականի ընթացքում այս հանքից արդյունահանվել է 50 838 տոննա հանքաքար, իսկ 2008-ին՝ 28 504 տոննա: Ընդհանուր առմամբ՝ 79 348 տոննա: «Հանքի պաշարները սպառված չեն, կենտրոնական հանքը շահագործման ենթակա է, ուղղակի ընկերությունը որոշեց, որ այլեւս չի ցանկանում այն շահագործել եւ կոնսերվացումից հետո կհրաժարվի լիցենզիայից, ու հանքը կհանձնվի պետությանը»,- ասում է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը: Ներկայումս հանքավայրում միայն տարածքի եւ մեխանիզմների վրա է հսկողություն իրականացվում: Իսկ Կենտրոնական հանքավայրը փակ հանք է, գտնվում է Կապանի հյուսիսային մասում՝ 3.5 կմ հեռավորության վրա: Հանքավայրի տարածքով է հոսում Ողջի գետի Կավարտ-ջուր վտակը:

Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման նախագծի հետ կապված Կապանի «Օրհուս» կենտրոնում կազմակերպված հասարակական լսման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նախագծի վերաբերյալ հարցեր եւ առաջարկներ հնչեցնելուց բացի, նաեւ արեցին որոշ դիտողություններ՝ կոնսերվացման աշխատանքներից հետո հետագա բնապահպանական եւ այլ աղետներից զերծ մնալու համար: «Դինո Գոլդ Մայնինգի» ներկայացուցիչները պնդում են, որ կոնսերվացումը կարվի չոր եղանակով, ինչը բնապահպանական տեսակետից պակաս վտանգավոր է եւ առավել ընդունելի:

Իսկ թե ինչպե՞ս կլուծվի ընկերությանը պատկանող շենք-շինությունների հարցը, քննարկման կազմակերպիչները խուսափեցին պատասխանել: Ամենայն հավանականությամբ, այն Կապան համայնքի տնօրինությանը կանցնի, քանի որ համայնքապետարանն այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր է ձեռնարկել:

Հանքի շահագործման դադարեցումը եւ այն պետությանը հանձնելու գաղափարը ներկաներից շատերին ենթատեքստեր փնտրելու տեղիք տվեց:

Այն, որ Կենտրոնական հանքավայրի կոնսերվացումը նաեւ սոցիալական խնդիրների է հանգեցնելու՝ անժխտելի է, սակայն որքան էլ ցավալի է՝ հասարակական լսման ժամանակ այս հարցին տեղ չէր տրվել: Բայց կան մարդիկ, որ հարցի սոցիալական կողմը ամենակարեւորներից էին համարում եւ հիմնավորում. «Հանքավայրի կոնսերվացման հետ անմիջական առնչություն ունեցող սոցիալական խնդրի վերաբերյալ առանձին քննարկում է անհրաժեշտ կազմակերպել: Հանքավայրի 120 աշխատակիցներն այսօր աշխատանք չունեն, 100-ից ավելի գործազուրկ ունենալը դա ինքնին սոցիալական մեծ աղետ է»: Իսկ թե որքա՞ն աշխատող ուներ հանքավայրը, նրանցից քանի՞սն աշխատանք ունի այսօր, այդ հարցերի հստակ պատասխանները առայսօր չեն հնչել: Նույնկերպ անպատասխան է հարցը, թե խնդրի սոցիալական մասին վերաբերող առանձին քննարկում նախատեսվու՞մ է, թե՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել