Զինկոմը աղջիկներին կոչ է անում արհամարհել բանակից խուսափող եւ ինքնավնասման դիմող տղաներին
Էջմիածնի զինվորական կոմիսար, գնդապետ Գառնիկ Փայտյանը խիստ մտահոգված է հայ պատանիների առողջական խնդիրներով: Սեպտեմբերի 7-ից մեկնարկել է բժշկական հանձնաժողովի աշխատանքը եւ 1991 թվականին ծնված եւ այս օրերին բանակ զորակոչվող 418 զորակոչիկներից 300-ին տարբեր հիվանդությունների պատճառով կրկնակի բուժզննության է ուղարկել: «Հիմնականում նկատվում է կրծքավանդակի դեֆորմացիա, որն ազդում է սրտի կանոնավոր աշխատանքի վրա: Այս հարցում մեղավոր են եւ ծնողները, որոնք դեռ մանկուց երեխային ճիշտ նստել եւ ուղիղ քայլել չեն սովորեցրել, եւ ուսուցիչները, որոնք թույլ են տալիս, որ աշակերտները աթոռին փռված կամ, ընդհակառակը՝ կծկված նստեն: Ֆիզկուլտուրայի դասերի մասին էլ չեմ խոսում. դրանք կարծես ձեւական պարապմունքներ լինեն, որոնց նկատմամբ մեր դպրոցներում լուրջ վերաբերմունք չկա: Սրանք են պատճառները, որ մեր երեխաների մոտ 90%-ը ողնաշարի ծռվածություն ունի»,- իր մտահոգությունն արտահայտեց Էջմիածնի զինկոմը:
Անհանգստություն հարուցող ֆիզիկական մյուս արատը, որ նկատվում է յուրաքանչյուր հինգից երկուսի մոտ՝ հարթաթաթությունն է: Պարզվում է՝ այս հարցում էլ մեղավորներ կան: Ըստ գնդապետ Փայտյանի՝ առաջին մեղավորը նորածնի մայրն է, ով անտեսում է երեխայի ոտքերի պարբերաբար մերսումները, ինչն էլ նպաստում է հարթաթաթության առաջացմանը: Իսկ ավելի ուշ սխալը շարունակում են իրենք՝ երեխաները, երբ կոշիկ ընտրելիս տուրք են տալիս ոչ թե հարմար, այլ «գերնորաձեւ» ու անհարմար կոշիկներին: «Այս խնդիրը միայն Էջմիածնում չէ. սա լուրջ մտահոգություն է ողջ հանրապետության մասշտաբով»,- ասաց զինկոմը:
Մեր զրուցակիցը աշխատանքային կենսագրության ընթացքում հաճախ ցավալի մի իրողության էլ է հանդիպել. զինծառայությունից խուսափելու համար տղաները ինքնավնասումով են «զբաղվում»: «Հաճախակի նկատվող երեւույթ է, որին դիմում են հիմնականում 8-10-րդ դասարանցիները: Ես միշտ կոչ եմ անում աղջիկներին, որ արհամարհեն, չնկատեն նման թուլամորթներին»,- ասաց գնդապետ Գառնիկ Փայտյանը:
Զինկոմ Փայտյանի փոխանցմամբ՝ որքան շատ են ինքնավնասման փաստերը, այնքան քիչ են դրանց առիթով դատական գործընթացները. «Չնայած իրավապահներին հասցեագրած իմ բազմաթիվ գրավոր դիմումներին, առայսօր որեւէ զինակոչիկ դեռ պատասխանատվության չի ենթարկվել երակները կտրելու մեղադրանքով: Ոստիկանական բաժնից հիմնականում պատասխանում են, թե՝ երեխային ուղարկել են հոգեբուժական հետազոտման»: Էջմիածնում զինակոչիկի ինքնավնասման վերջին դեպքն արձանագրվել է 2008 թվականին: Զինկոմն այդ մասին նույնպես հայտնել է իրավապահներին, գործի քննությունը դեռ ընթացքի մեջ է: Բարեբախտաբար, ընթացիկ տարում դեռ որեւէ զինակոչիկ ինքնախարազանմամբ աչքի չի ընկել:
Փայտյանի ասելով, եթե 90-ականների սկզբներին Հայաստանից գնացած ընտանիքներն ամեն ինչ անում էին իրենց երեխաներին հայոց բանակից «փախցնելու» համար, հիմա հակառակ միտումն է նկատվում: «Նախկինում չհաշվառված զորակոչիկները, լսելով հայոց բանակի մարտունակության եւ հզորության մասին, չեն ցանկանում ծառայել այլ պետությունների զինված ուժերում եւ գիտակցաբար ներկայանում են ազգային բանակում ծառայելու համար»,- վստահ է Գառնիկ Փայտյանը: Զինկոմը, այնուամենայնիվ, մտահոգվելու առիթ ունի: Ասաց, որ 1988-ից սկսած, տարեցտարի զինակոչիկների թվի անկում է նկատվում. «Ետերկրաշարժյան, այնուհետեւ՝ պատերազմյան տարիներն էին, որոնք էականորեն ազդեցին ծնելիության մակարդակի վրա: Ոչ միայն ծնելիության տոկոսն իջավ, այլեւ՝ առողջ նորածինների, ինչի դառը պտուղները քաղում ենք այսօր»:
Անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքին, համաձայն որի՝ բանակից խուսափածը կարող է որոշակի գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, գնդապետ Փայտյանն ասաց, որ այդ հինգ տարիների ընթացքում իրենց է դիմել ծառայությունից խուսափած 154 քաղաքացի, որոնց՝ պետական գանձարան մուտքագրած գումարը կազմել է շուրջ 154 միլիոն դրամ: