Երեկ «Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվեց Արեգ Մալխասյանի հոր՝ Աշոտ Մալխասյանի նամակը: Հիշեցնենք, որ Սլավոնական համալսարանի ուսանող Արեգը հասցրեց Արցախում ծառայել ընդամենը մի քանի օր եւ մահացավ: Նա բանակ էր զորակոչվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքի զինկոմիսարիատից:
Աշոտ Մալխասյանը գրում է. «Մեջբերում եմ օգոստոսի 25-ին տպագրած «Զինկոմների «փայլուն» աշխատանքի շնորհիվ» հոդվածի վերջին պարբերությունը. «Մեր աղբյուրի պնդմամբ, օրեր առաջ մեկ զինկոմ է ազատվել աշխատանքից. Արաբկիրի զինկոմ Արմեն Ուրիխանյանը»: Հետաքրքիր է իմանալ, թե այդ ո՞ր աղբյուրի պնդմամբ եք թյուրիմացության մեջ գցում ընթերցողներին, միգուցե մի կլորիկ գումարի դիմա՞ց: Մի՞թե այդքան դժվար էր ստուգել այդ ինֆորմացիան, որի համար ընդամենը մի քանի րոպե էր հարկավոր: Իսկ ձեր նշած անձը մինչեւ այժմ նստած իր աթոռին, իրեն հատուկ մեթոդներով արդեն աշնանային զորակոչն է անցկացնում, դժբախտացնելով նոր երիտասարդների ու նրանց ընտանիքներին: Եթե դա այդպես չէ, հերքեք ձեր հաղորդագրությունը եւ ես իմ խոսքերի համար ներողություն կխնդրեմ ձեզանից»:
Հասկանալով որդեկորույս հոր վիճակը, փորձենք պատասխանել նրան: Օգոստոսի 25-ի «Առավոտի» այդ տեղեկատվությունը մինչեւ այսօր չի հերքվել ու չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Անգամ՝ զինկոմի կողմից: Առհասարակ՝ որեւէ մեկի կողմից: Պաշտպանության նախարարությունը, եթե անգամ այսօր՝ հոկտեմբերի 7-ին պաշտոնապես փորձի հերքել այդ լուրը, մենք հանուն հանրային հետաքրքրությունների՝ պատրաստ ենք խախտել «Զանգվածային լրատվության մասին» գործող օրենքը՝ ուշացած հերքում տպագրելու համար: Մանավանդ որ, մեզ հայտնի է, թե նախարարությունը այդօրինակ հրապարակումների նկատմամբ որքան «զգայուն» է:
Երբ մենք հղում ենք անում «մեր աղբյուրի պնդմամբ», դա նշանակում է, որ լրատվամիջոցն այդ ժամանակ չի ունեցել պաշտոնական աղբյուրի պատասխանը եւ հրապարակել է իր աղբյուրի՝ իր լրաբերի հաղորդածը: Նշենք հրապարակված լուրի հիմքերից միայն մեկը. «Աղբյուրը» (դարձյալ առաջնորդվեմ ԶԼՄ օրենքի՝ աղբյուրի գաղտնիության եւ պաշտպանության սկզբունքից, չնշելով նրա անձը) եղել է Արաբկիրի զինկոմիսարիատում, Ձեր որդու աղմկահարույց մահվան հետ կապված՝ զրուցելու զինկոմի հետ: Այնտեղ ասվել է, որ զինկոմը առողջության հետ կապված՝ աշխատանքի չի ներկայանում, անգամ դիմում է գրել ազատման համար: Դա ձայնագրվել է այնպես, ինչպես ձայնագրվել էր (դրանք մինչ օրս պահպանվում են) Ձեր մերձավորների խոսքը կատարվածի առթիվ, ինչից հետագայում խուսափեցին նրանք…
Իսկ թե զինկոմն ինչո՞ւ է աշխատում, ինչո՞ւ է զորակոչ իրականացնում, հավանաբար այն բանի համար, որ տուժող զինվորների հարազատները, մերձավորները լրագրողի վրա ճնշում են գործադրում՝ հրաժարվելու բարեխղճորեն ձեռք բերած լրատվությունը հանրությանը տրամադրելուց: Այդ հանունը որոշեք ինքներդ: