Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղը չեք բերում՝ ում ավտոն ա»

Հոկտեմբեր 07,2009 00:00

\"\"
Գլխավոր դատախազության «շքերթը»՝ Խանջյան փողոցում:

\"\"
ԱԱԾ-ի դիմաց՝ կանգառում:

\"\"
Մանվել Բադեյանի
«ամենազորության» դրսեւորումը:

Վերջին ժամանակներս ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը ասում էր, թե ոչ մի արտոնյալ չի լինելու: Այն վարորդներն ու հետիոտները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, լինեն նրանք ԱԺ պատգամավոր, կառավարության անդամ, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ ու դատական համակարգի պետական չինովնիկ, եթե չեն հարգի ճանապարհային երթեւեկության կանոնները, իրենց կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանն ավելի հեռուն էր գնում՝ խոստանում էր կարճ ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակը «լցնել» օրինախախտ պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաներով՝ լինեն դրանք ծառայողական, թե անձնական: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 124 հոդվածի 31-րդ մասը նախատեսում է տուգանք՝ 20 000 դրամի չափով: Եթե վարորդը ավտոմեքենան կայանել է ճանապարհի այն հատվածում, որի հետեւանքով առաջացել է խոչընդոտ հասարակական տրանսպորտի նորմալ անցուդարձին, մուտքին եւ ելքին, ապա դա համարվում է ՃՏՊ կոպիտ խախտում: Այսինքն, օրինախախտ վարորդի գործողությունների արդյունքում տրանսպորտային միջոցները չեն կարողանում նշված հատվածում կանգառ կատարել:

Օրերս մեր ֆոտոխցիկը պատկերել է, թե ինչ է կատարվում Երեւանի մի քանի կանգառներում: Խանջյան փողոցի ԱԱԾ վարչական շենքի դիմացի կանգառն ասես գրոհած լինեին ԱԱԾ-ականները. իրենց ավտոմեքենաները կայանելով արգելված վայրում՝ խոչընդոտներ էին ստեղծել քաղաքային տրանսպորտային միջոցների համար:

Նույն Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժի» դիմացի կանգառը գրոհել էին ՀՀ գլխավոր դատախազության մի քանի «Ֆոլցվագեն» մակնիշի ծառայողական ավտոմեքենաներ: Այնտեղ էին կայանված 006 SO 01, 032 SO 01, 019 SO 01, 099 SO 01, 008 SO 01, 005 SO 01 համարանիշներով ավտոմեքենաները:

Իսկ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանն իր «Մերսեդես» մակնիշի 22 SS 211 համարանիշով ավտոմեքենան կայանել էր Թամանյանի արձանի դիմացի կանգառում: Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը փորձեց խախտում կատարելու համար վարչական արձանագրություն կազմել, պատգամավորը հոխորտաց տեսուչի վրա՝ «արա, էս տեղը չե՞ք բերում, ում ավտոն ա», տեսուչն էլ, հավանաբար, տեղը բերելով՝ չարձանագրեց խախտումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել