Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄԸ՝ ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին է դիմել Մարտակերտի Ազատամարտիկների փ. 9 հասցեի բնակիչ Արմիկ Շախմալիի Ավագյանը:

Նամակագիրն «Առավոտին» տեղեկացնում է, որ ծնվել է 1956 թ. փետրվարի 15-ին՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Մինչեւ 1992 թ. սեպտեմբերը ապրել է Մոխրաթաղ գյուղում, թուրք-ազերիների ներխուժումից հետո գաղթել է Ռուսաստանի Դաշնություն եւ բնակություն հաստատել Բրյանսկի մարզի Ժիրյատինսկի շրջանի Կոլոդնյա գյուղում։ Այնտեղ նա եւ իր ընտանիքի անդամները ստացել են ՌԴ քաղաքացիություն (1998 թ.)։

Նույն 1998 թ. նոյեմբերին ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ կրկին բնակվել իր հայրական տանը՝ Մոխրաթաղ գյուղում։ ՌԴ բնակավայրից եւ զինվորական հաշվառումից դուրս է գրվել 1999 թ. հունիսին։ Այդ նույն ժամանակահատվածում հաշվառման է վերցվել Մարտակերտի զինկոմիսարիատում՝ որպես պահեստային։ Մասնակցել է Մարտակերտի շրջանում անցկացվող զինվորական հավաքներին։ Արդեն տասնմեկ տարուց ավելի ապրում եւ գրանցված է Մարտակերտի Ազատամարտիկների փ. բն. 9-ում։

«Առավոտի» նամակագիրը 2004 թ. երկրորդ կարգի հաշմանդամ է, ինչպես տեղեկացնում է՝ իրեն նշանակվել է հաշմանդամության կենսաթոշակ, որը ստացել է մինչեւ այս տարվա սեպտեմբերը։ «Սակայն ինձ թույլ չտվեցին մասնակցելու նոր փորձաքննությանը՝ այն պատճառաբանությամբ, որ ես ԼՂՀ քաղաքացի չեմ հանդիսանում ու չունեմ ՀՀ անձնագիր։ Իմ կենսաթոշակը դադարեցվել է, մինչդեռ այն մեր ընտանիքի ապրուստի կարեւոր աղբյուրն է։

Ես եւ իմ ընտանիքի բոլոր անդամներն ունենք ԼՂՀ սոցիալական քարտ։

ՀՀ քաղաքացիություն եւ անձնագիր ստանալու խնդիրը ծառացել է նաեւ իմ երեխաների՝ Արտուշ Արմենի Ավագյանի (ծնվ. 1982 թ.) եւ Ալվարդ Արմենի Ավագյանի (ծնվ. 1984 թ.) առջեւ։ Ավելորդ չեմ համարում նշել, որ որդիս՝ Արտուշ Ավագյանը, ծառայել է ԼՂՀ բանակում, գտնվում է հաշվառման մեջ ԼՂՀ Մարտակերտի շրջանի զինկոմիսարիատում»,- նշում է նա:

Թերթի միջոցով նա ակնկալում է հարցի շուտափույթ լուծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել