Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Վերջերս մայրաքաղաքում երեխաների առեւանգման փորձեր են կատարվում: Աչքիս առաջ երիտասարդ կինը խանութի հանդերձարանում զգեստ էր փորձում, երեխան էլ վարագույրից այն կողմ համբերատար սպասում էր մորը: Մի քանի րոպե անց կինը ճչալով դուրս վազեց խանութից, երբ տեսավ, որ երեխան անհետացել է: Նա անմիջապես զանգեց խանութից ոչ այնքան հեռու գտնվող սկեսրոջը: Վերջինս տեսնելով, որ իր 4 տարեկան թոռնիկին մի անծանոթ տղամարդ գրկած տանում է, անմիջապես վազեց նրա հետեւից ու երեխային գրկից վերցրեց: Տատիկն այնքան էր հուզվել, որ ոչ մի բառ չկարողացավ ասել այդ տղամարդուն, նա էլ ուղղակի «հանձնեց» երեխային ու հեռացավ: Երեխայի հարազատներն անգամ ոստիկանություն չդիմեցին:

Օրերս մի դեպք էլ հարազատիս հետ էր պատահել: Հայրը մտել էր խանութ՝ հաց գնելու, իսկ փոքրիկ երեխան սպասում էր մեքենայի մեջ: Երբ նա դուրս էր եկել խանութից՝ տեսել էր, որ երեխան մեքենայի մեջ չէ, երբ հուսահատված այսուայն կողմ էր վազել ու բղավել, շենքի պատշգամբից մի կին ասել էր, որ մի կին, երեխայի ձեռքը բռնած, գնում էր դիմացի փողոցով: Հայրը վազել էր այդ ուղղությամբ ու հասցրել խլել փոքրիկին այդ կնոջ ձեռքից: Կինը պատճառաբանել էր, որ երեխան լաց էր լինում, իսկ ինքն էլ օգնում էր, որպեսզի ծնողներին գտնի: Սակայն հայրը պատմում է, որ երեխայի դեմքին արցունքի ոչ մի կաթիլ չկար: Եվ այս դեպքում էլ երեխայի ծնողը հուզմունքից իրավապահ մարմիններին չէր դիմել, եւ այդ կինը անպատիժ հեռացել էր:

Մեկ ամսվա ընթացքում ականատես եղա 2-րդ դեպքին, երբ Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ տեղակայված խանութներից մեկի մոտից անծանոթը աննկատ քշեց- տարավ երեխայի սայլակը, մի քանի րոպե չանցած խանութից դուրս եկավ մի կին ու սլացավ այդ մարդու հետեւից: Անծանոթին մի լավ հարվածելուց հետո սայլակը վերցրեց նրա ձեռքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել