Երեկ Գյումրիի փողոցներում նման արտահայտություններով բողոքի ակցիա էին կազմակերպել դաշնակցականները:
Փարիզյան ու ամերիկյան բողոքի ակցիաներից հետո դաշնակցականները բողոքի ցույցեր են սկսել մարզերում: Երեկ ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակի ներկայացուցիչներն իրենց բողոքն արտահայտեցին՝ կազմակերպելով ավտոերթ ու Գյումրիով մեկ՝ թաղ առ թաղ, թռուցիկներ բաժանելով: Ցուցարարները տրամադրում էին նաեւ փարիզյան բողոքի ակցիաների DVD տարբերակները: Վաղ առավոտյան քաղաքն արդեն հեղեղած էր դաշնակցականների՝ «Ոչ» վերնագիրը կրող թռուցիկներով: Ակցիայի մասնակիցների խոսքերով, Շիրակի մարզպետարանի ու Տնտեսագիտական ինստիտուտի մոտակայքից «Սերժին քծնողները» ջանասիրաբար պատառոտել էին այդ պաստառները: Կուսակցության մարզային գրասենյակի պատասխանատուների ներկայացմամբ, երթի նպատակը հասարակությանը ճշմարտությունը ներկայացնելն է, ինչպես նաեւ վաղը Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում նախատեսված «ժողովրդական» հանդիպման ու հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի ունենալիք հանրաքվեի մասին իրազեկելը: Ըստ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արտակ Ավետիսյանի, արդեն իսկ տասնյակ մարդիկ՝ նույնիսկ Շիրակի մարզի ամենախուլ վայրերից, ներկայանում են իրենց գրասենյակ՝ ցանկություն հայտնելով մասնակցել հոկտեմբերի 9-ին նախագահի նստավայրի մոտ նախատեսված բողոքի ակցիային: «Մենք պատրաստ ենք բոլորին տեղափոխել մայրաքաղաք, որպեսզի իրենց «ոչ»-ն ասեն էս դավաճանական պայմանագրին»,- ասաց Ա. Ավետիսյանը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյունավե՞տ են նման ակցիաները եւ արդյոք դրանք ուշացած չեն.
«Ինչո՞ւ են ուշացած, ես կասեմ, որ ցանկացած քաղաքական սկիզբ՝ պիտի հասկանանք, որ էս երկրում սկսվում է մայրաքաղաքից: Երեւանում մենք հասկացանք, որ կա հասարակական պահանջ, ժողովուրդը մտածում է մեզ պես, ժողովուրդը էս հարցում գոնե իշխանությունների կողքին չէ եւ, բնականաբար, էս առումով մենք վստահ ենք, որ շարունակելիությունը մարզերում անհրաժեշտ ձեռնարկ է, որպեսզի էս շրջանների ժողովուրդը իրազեկվի կատարվողի մասին, որովհետեւ հեռուստատեսային բոլոր միջոցները արգելափակում են ճշմարիտ ինֆորմացիան: Իսկ ինչ մնում է արդյունք տալ-չտալուն, ես հուսով եմ, որ անպայման արդյունք կտա, որովհետեւ Դաշնակցությունը երբեք ոչինչ հենց այնպես չի անում»: Այսինքն, ՀՅԴ-ն հույս ունի, որ նախագահը, լսելով իրենց ձայնը, արձանագրությունները չի՞ ստորագրի՝ հարցին էլ նա պատասխանեց. «Կստորագրվեն, թե ոչ, սա կարեւոր չէ, որովհետեւ, եթե ժողովուրդը միանում է էս համաժողովրդական շարժմանը, կմնան ՍԵրժ Սարգսյանը՝ ինքն իր ստորագրությունը ու եղբայր թուրքերը»: Իսկ ինչ վերաբերում է դաշնակցականների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե նրանք հանդես են գալիս ամբողջ Սփյուռքի անունից, մինչդեռ ոչ բոլոր սփյուռքահայերն են դեմ Ս. Սարգսյանի գործողություններին, Ա. Ավետիսյանն ասաց. «Ես չէի ասի, թե Սփյուռքում բոլոր բողոքի ակցիաներ կազմակերպողները դաշնակցականներ են, որովհետեւ ավանդական մյուս կուսակցությունները՝ ՌԱԿ-ը ու ՍԴՀԿ-ն նույնպես միացել են մեր բողոքին, իսկ Սփյուռքը քաղաքականացված է, եւ ավանդաբար 3 մասի է բաժանված եղել, բայց էս ազգադավ ծրագրին բոլորը միասին են «ոչ» ասում: Նորից եմ կրկնում, որ մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերություններին, ասում ենք 3 հատ «այո», ասում ենք՝ «այո»՝ սահմանի բացմանը, թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, քաղաքակիրթ հարաբերություններին 21–րդ դարում, բայց ասում ենք «ոչ»՝ նախաստորագրված փաստաթղթերին, ցեղասպանության ուրացմանը, ազգուրացությանն ու ազգային խնդիրների հետնահանջին»: Թե ինչո՞ւ մարզերում էլ ստորագրահավաք չի կազմակերպում ՀՅԴ-ն, պարոն Ավետիսյանն ասաց. «Մենք ուզում ենք ավելի շեշտադրված ապացուցողական լինել եւ ասել, որ եթե 200 000 մարդ կամովին գալիս է Երեւան՝ հրապարակ, սա նաեւ որոշակի քննություն է, ես նստացույցի եւ հացադուլի ժամանակ Երեւանում տեսել եմ հազարավոր գյումրեցիներ, որոնք եկել են հատուկ իրենց «ոչ»-ը ասելու, ստորագրելու, մարդը ինքնակամ կտրում է հարյուրավոր կիլոմետրեր՝ կոնկրետ էս մի նպատակով»:
Ակցիայի ողջ ընթացքում ոստիկանները նրանց չխանգարեցին: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները չեն խոչընդոտում, ՀՅԴ Շիրակի մարզային պատասխանատուն ասաց. «Ոստիկաններն էլ հայ են ու ավելի ազգային, քան մյուսները»: