ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը երեկ ընդունել է Հունգարիայի մրցակցային մարմնի ղեկավար Նելդ Զոլտանին եւ նույն գերատեսչության գլխավոր քարտուղար Բելենի Անդրեային: Հանձնաժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, 2 երկրների մրցակցային մարմինների ղեկավարների զրույցից պարզվել է, որ երկու երկրներում էլ մրցակցության պաշտպանության բնագավառում նույնատիպ խնդիրներ են առկա. մասնավորեցումից հետո մեծ թվով շուկաներում մենաշնորհների առաջացում (պետական մենաշնորհները վերածվեցին մասնավոր մենաշնորհների), փոքր ձեռնարկությունների համար «մատչելի» դրամական ռեսուրսների դժվար հասանելիություն:
Ա. Շահնազարյանը եւ Ն. Զոլտանը փոխանակել են մրցակցության կարգավորման իրենց փորձը՝ պայմանավորվելով առավել արդյունավետ երկկողմ համագործակցության նպատակով համաձայնագրի ստորագրման մասին:
Տեղեկացնենք նաեւ, որ վաղը Երեւանում կմեկնարկի ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) հոբելյանական՝ 30-րդ նիստը: