Հոկտեմբերի 1-ից երթեւեկության կանոնները խախտող հետիոտները, այսինքն նրանք, ովքեր անցումներով անցնելու փոխարեն փողոցը կհատեն՝ որ մասով պատահի, կնախազգուշացվեն ոստիկանության տեսուչների կողմից, ապա բերման կենթարկվեն բաժին եւ կտուգանվեն 3000 դրամով:
Փոխանակ նպաստելու, որ հետիոտները հնարավորինս շուտ տեղեկանան օրենքի պահանջներին եւ աշխատեն կիրառել այն, ճանապարհային ոստիկաններից ոմանց համար սեփական «ես»-ը ցույց տալու մի նոր առիթ է բացվել: Մասնավորապես, մայրաքաղաքի Արաբկիր համայնքում շրջող ոստիկանները կարգազանց կամ նորարարությունից անտեղյակ մարդկանց նախազգուշացնելու փոխարեն՝ սրտաճաք են անում: Թեեւ անձամբ չափազանց լավ տեղեկացված եմ 2005-ին ընդունված, բայց միայն վերջերս ուշադրության արժանացած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին, սակայն երեկ, մոռանալով իրավապահների եւ իմ անձնական անվտանգության մասին, Կոմիտասի փողոցը հատեցի անմիջապես «Երեւան Սիթի» խանութի դիմացից: Ինձ միացան եւս 2 օրինախախտներ: Օրենքի աչալուրջ պահապանները պահը չկորցրին ճանապարհային ոստիկանությանը պատկանող ավտոմեքենայով մեզ մոտենալու եւ դիտողություն անելու համար: Թերեւս նրանց կողմից արված դիտողությունը մի փոքր հեռվում կանգնած մեկ այլ ոստիկանի այնքան էլ խիստ չթվաց, որն էլ վայրկենական տեղից պոկվելով, մեծ արագությամբ մեքենան քշեց մեզ վրա՝ հազիվ հասցնելով արգելակել կողքիցս քայլող կնոջ դիմաց, որը վախից քիչ էր մնում ուշագնաց լիներ: Իրեն օրենքի պահապան համարող ոստիկանը ձեռքը մեքենայից հանեց ու ինչքան ուժ ուներ՝ բղավեց. «Սրանց հետ սենց պետք ա խոսաս, որ հասկանան»: Բացի այն, որ իր անվայել պահվածքով ոստիկանը վախեցրեց, ոչ թե նախազգուշացրեց անցորդներին, նաեւ պատճառ դարձավ, որ ետեւից երթեւեկող մեքենաները ճանապարհի մեջտեղում կտրուկ արգելակեն՝ վթարից խուսափելու համար:
Ճիշտ է, մի քանի տարի ուշացումով, սակայն օրենքի կիրառության մասին հիշելը, անշուշտ, դրական քայլ է, բայց, բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով տեղեկացված չեն այս փոփոխությանը եւ զուտ ինտուիտիվ կամ չիմացության պատճառով օրինախախտ կդառնան՝ կարող են հանդիպել զայրացած ոստիկանների բղավոցներին ու «վրաերթերին»:
Ահա թե ինչպես են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նախազգուշական միջոցառումներ իրականացնում մայրաքաղաքի փողոցներում: