Ըստ ծխախոտի տեղական արտադրողի,Հայաստանում ծխախոտի համար գանձվող հարկերից իրենք տուժում են, ներմուծողներն էլ վստահեցնում են, որ ավելի շատ իրենք են տուժում:
Այսօր մեր երկրում, երբ օլիգարխը գնում է չափազանց թանկարժեք ծխախոտ՝ նույն հարկն է վճարում պետբյուջեին, ինչ խեղճուկրակ բանվորը, որը ծխում է «Չիբուխ»: Պատճառն այն է, որ Հայաստանում ծխախոտի արտադրանքը հարկվում է հաստատագրված վճարով, որն իր մեջ ներառում է ակցիզային հարկն ու ԱԱՀ-ն: Թե՛ ծխախոտի տեղական արտադրողը, թե՛ ներմուծողը վճարում են որոշակի ֆիքսված գումար, որը էժան ու թանկ սիգարետների դեպքում նույնն է: Ընդհանրապես մեր երկրում ծխախոտային արտադրանքի հարկումը մի շարք բացթողումներ ունի եւ վնասում է թե՛ տեղական արտադրողին, թե՛ ներմուծողին: Պետեկամուտների կոմիտեից «Առավոտին» տրամադրած տեղեկության համաձայն, ներկայումս Հայաստան ծխախոտ ներկրում է 16 ընկերություն: Ֆիլտրով ծխախոտ ներկրելու դեպքում այդ ընկերությունները 1000 հատիկի համար մեր երկրին վճարում են 6 500 դրամ, իսկ առանց ֆիլտրի ծխախոտի դեպքում՝ 3 250 դրամ: Տեղական արտադրողը ֆիլտրով 1000 հատ ծխախոտի համար վճարում է 4750 դրամ, առանց ֆիլտրով ծխախոտի համար՝ 1950 դրամ: Այսինքն, մեկ տուփ ֆիլտրով ծխախոտ ներմուծելու դեպքում վճարում են 130 դրամ, իսկ տեղական արտադրողը նույնքան ծխախոտի համար վճարում է 95 դրամ, տարբերությունը՝ ներմուծված եւ տեղական արտադրության ծխախոտի համար կազմում է 35 դրամ: Առաջին հայացքից ներմուծողի եւ արտադրողի մուծած հարկերի միջեւ զգալի տարբերություն կա, եւ երեւում է, որ մեր կառավարությունն ավելի շատ պաշտպանում է տեղական արտադրողի շահերը: Սակայն տեղական արտադրող ընկերության՝ «Գրանդ տոբակոյի», «Մասիս տաբակի» ներկայացուցիչների կարծիքով, դա միայն առաջին տպավորությունն է: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Գրանդ հոլդինգի» գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Սահակյանը՝ «Հայաստանում ներմուծված ծխախոտի գինն անհամեմատ բարձր է, քան տեղական արտադրության սիգարետինը, եւ ներմուծողն ավելի բարձր գնից պետք է ԱԱՀ վճարի, իսկ մենք՝ ավելի ցածր, ինչն անարդարացի է: Ներմուծողները նպաստավոր դաշտում են հայտնվում: Ներկայումս տեղական արտադրության ծխախոտների միջին գինը մեր շուկայում 220 դրամ է, ներմուծվածներինը՝ 350 դրամ»: Ըստ Ս. Սահակյանի, եթե տեղական սիգարետի գինը բարձրացնեն, պահանջարկի խնդիր կունենան. «Մենք արդեն մեր գնորդն ունենք, որ թանկացնենք մեր արտադրանքը՝ գնորդները կպակասեն: Իսկ հիմա մենք ունենք կայացած շուկա: Արդեն քանի տարի է՝ ծխախոտի շուկայի 50-55%-ը տեղական արտադրանքն է, մնացածը՝ ներմուծված»:
Եվրոպայի շատ երկրներում, ինչպես նաեւ ՌԴ-ում, ծխախոտի համար վճարվող ԱԱՀ-ն առանձնացված է ակցիզային հարկից, եւ տվյալ տեսակի ծխախոտի վաճառքի նվազագույն գինն էլ ֆիքսված է անմիջապես տուփի վրա: Հետեւաբար այդ պետությունները թանկ սիգարետից շատ հարկ են ստանում, էժանից՝ ավելի քիչ: «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչները մի քանի անգամ առաջարկել են կառավարությանը՝ հարեւան Ռուսաստանից օրինակ վերցնել ու ծխախոտային արտադրանքը հարկել նույն մեխանիզմով: Սակայն կառավարությունն առաջարկը չի ընդունել:
Ի տարբերություն տեղական արտադրողի, ներմուծողներն էլ գտնում են, որ ծխախոտի հարկումից Հայաստանում իրենք են ավելի շատ տուժած: Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե համաձա՞յն եք, որ մեր երկրում հաստատագրված հարկի պատճառով ներմուծողներն ավելի նպաստավոր դաշտում են աշխատում, քան տեղական արտադրողը, ծխախոտի խոշոր ներմուծող «Ֆիլիպ Մորիս» ընկերությունից պատասխանեցին. «Որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, Հայաստանը չպետք է խտրականություն դրսեւորի տեղական եւ ներմուծվող արտադրանքի միջեւ: Տեղական արտադրողին պաշտպանելու համար ՀՀ-ին թույլատրված ներմուծման առավելագույն մաքսատուրքը 15% է (սահմանային դրույքաչափ): Ներկայումս կառավարությունը փաստացի հարկում է ներմուծվող ծխախոտային արտադրանքը թույլատրելի ներմուծման առավելագույն մաքսատուրքից 50% ավելի եւ ի համեմատ տեղական սիգարետների, ներմուծվող սիգարետների համար վճարվում է շատ ավելի բարձր հարկ»:
Նշենք, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով՝ մեր երկիրը 2003-ից իսկապես այդպիսի պարտավորություն է ստանձնել, որ տեղական եւ ներմուծվող սիգարետների հարկերի դրույքաչափերի միջեւ տարբերությունը լինելու է առավելագույնը 15%: Մինչդեռ ներկայումս այդ տարբերությունը 1150 դրամի փոխարեն կազմում է 1750 դրամ: Այսինքն, «Ֆիլիպ Մորիսը», որն այսօր ներմուծած 1000 հատ ֆիլտրով սիգարետի համար վճարում է 6500 դրամ, պետք է իրականում ԱՀԿ-ի պահանջները կատարելու դեպքում վճարեր ամենաշատը 5900 դրամ, որպեսզի «Գրանդ հոլդինգի» վճարած 4750 դրամի համեմատությամբ տարբերությունը կազմեր 15%: Ստացվում է, որ հիմա մեր երկիրը, խախտելով ԱՀԿ-ի հետ կնքած համաձայնագիրը, պաշտպանում է մեր տեղական արտադրողին: «Ֆիլիպ Մորիսի» այն տեսակետը, որ ՀՀ-ն իրավունք չունի կիրառվող հարկերի առումով հովանավորել տեղական արտադրությանը, ամրագրված է նաեւ Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրով, ուստի մեր կառավարությունը, նույնիսկ միջազգային համաձայնագրերը հաշվի չառնելով, կիրառում է մի հարկատեսակ, որից դժգոհ է ե՛ւ մեր տնտեսվարողը, ե՛ւ ներմուծողը:
Մեր հարցին՝ եթե կառավարությունը որոշի ընդունել «Գրանդ հոլդինգի» առաջարկը եւ հաստատագրված վճարը հանի, յուրաքանչյուր ծխախոտի վրա ֆիքսվի վաճառքի նվազագույն գինն ու հարկը գանձվի այդ գնից ելնելով, դա ճիշտ ու արդա՞ր կլինի՝ «Ֆիլիպ Մորիսից» պատասխանեցին. «Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է ապահովի, որ ակցիզային համակարգը եւ հարկային դրույքաչափերը չդրդեն սպառողներին ավելի ցածր գնի ծխախոտային արտադրանքի անցնել եւ չխրախուսեն մաքսանենգությունը՝ ռիսկի տակ դնելով պետական բյուջեի եկամուտները: Եթե հաշվի առնվի վերը նշված պայմանը, «Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլը» կաջակցի կառավարության քայլերին՝ առանձնացնելու ներկայիս հաստատագրված հարկը: Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը կառավարության հետ՝ կենսունակ եւ հիմնավոր ակցիզային հարկի ներդրման պլան մշակելու համար»: