Հայ-թուրքական արձանագրությունները երեկ այրվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակով: Արձանագրությունների հետ մեկտեղ «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԼՂ պատերազմի առաջին զոհերից Էդիկ Տոռոզյանի մայրը՝ տիկին Փառանձեմը, այրեց նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Նկարն ամբողջությամբ չհասցրեց այրվել, ոստիկաններն այն խլեցին զոհվածի մոր ձեռքից, որն ավելի բորբոքեց բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք սկսեցին վանկարկել «Ամոթ», «Դավաճաններ»: Ոստիկանները սկսեցին հրել անշեջ կրակի շուրջ հավաքվածներին\’ նրանց կոչ անելով հեռանալ հուշահամալիրից: «Ամեն ինչ չափ ու սահման ունի: Ինչպե՞ս կարելի է խորանում, սրբավայրում երկրի նախագահի լուսանկարն այրել: Սա վանդալիզմ է, սրբապղծություն»,- զայրացած բղավում էր ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանը: Ուշադրություն չդարձնելով ոստիկանների պահանջներին՝ «Միացման» անդամները հուշահամալիրից հեռացան միայն արարողությունն ամբողջությամբ ավարտելուց հետո: «Սա նշանակում է, որ մենք դեմ ենք ոչ թե արձանագրության այս կամ այն կետին, այլ այն մերժում ենք ամբողջությամբ»,- արարողության իմաստը «Ա1+»-ին բացատրեց «Միացման» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: