Հայտարարություն հանցագործության մասին
Ողջունում եմ ս/թ հոկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 11-ից 13-ի սահմաններում Երեւանի Աբովյան փողոցի 22-ա շենքի դիմաց իմ մեքենան (Ջիփ Գրանդ Չերոքի, 1993 թ. արտադրություն, 19 ՍՕ 173 համարանիշ) տեխնիկական բարձր վարպետությամբ, արագ եւ որակով վթարավտանգ դարձրած հայրենակիցներիս:
Անկախ հասարակության մեջ նրանց ստանձնած դիրքից, դերից ու ձիրքից՝ նրանք լավագույնս են իրականացրել այդ ակցիան: Իրենց որեւէ վրիպման պատճառով չէ, որ մեքենան, կանգնած տեղից շարժվելուց քիչ անց՝ Թումանյան թանգարանի հարեւանությամբ, ժ.13.45-ի սահմաններում, անկառավարելի դառնալով, չի վթարվել՝ բախվել ծառի, շենքի պատի, այլ մեքենայի, եւ, որ «ամենավատն» է՝ ոչ մեկին վրաերթի չի ենթարկել:
Այստեղ դեր է ունեցել նախախնամության գործոնը, ինչը ո՛չ նրանց, ո՛չ էլ իմ կամքին ու իշխանությանը ենթակա չէ: Նախախնամությունը, հայտնի է, թե ում ձեռքին է:
Նույն պատճառով էլ նրանց հորդորում եմ մեղա գալ ու ապաշխարանքով ներկայանալ ուր որ հարկն է, այլ ոչ՝ ուր որ իրենք հարկ կհամարեն: Իրե՛նց համար եմ անհանգիստ, քանի որ չեն գիտակցել խեղճերը՝ ուր են մտել եւ ինչ հետեւանքներ են ճաշակելու:
Տեղեկացնում եմ, որ նրանց արհեստավարժ հմտության զույգ իրեղեն ապացույցը՝ մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը ռադիատորին կապող ռետինե, դանակով կիսակտրված մեկ խողովակ եւ մեքենայի հետեւի արգելակի յուղատար երկաթյա, զսպանակապատ, աքցանով կսմթած-պոկած մեկ խողովակ, պահում եմ ինձ մոտ: Եթե ակցիայի պատվիրատուն կասկածի հայրենակիցներիս մասնագիտական հմտությանը, կարող եմ իրեղեն ապացույցները, ծանոթանալու նպատակով, տրամադրել նրան:
Նրանց, ինչպես եւ ինձ ճանաչող, ինձանից տեղյակ հասարակայնությանը տեղեկացնում եմ, որ ակցիայից հետո լիովին ողջ-առողջ եմ: Բարոյական, նյարդային, հոգեբանական որեւէ փոխհատուցում չեմ ակնկալում, բացի վեր նշված (կամավոր) ապաշխարանքից: Մեքենային պատճառած նյութական վնասի՝ 130000 ՀՀ դրամին համարժեք փոխհատուցումը հայրենակիցներս, եթե կամենան՝ կարող են փոխանցել HSBC Հայաստան բանկի 217001-241611-001 հաշվեհամարով՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին:
Հնարավորության սահմաններում հետագա ակցիաների մասին խնդրում եմ նախապես տեղյակ պահել: Կաշխատենք օժանդակել: