Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼՈՒ ԵՆ ԶՈՒՍՊ ԼԻՆԵԼ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Սակայն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պնդում է. «Էլի՛ եմ անելու»

\"\"
Սեիդովը բողոքել է մի մեթոդի դեմ, որն անցած տարիներին կիրառում էին բացառապես Ադրբեջանի պատվիրակները:

Դեռ հոկտեմբերի 5-ին մենք փորձեցինք ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից ճշտել այն լուրի իսկությունը, թե իբր ինքը նկատողության է արժանացել ԵԽԽՎ բյուրոյից՝ այն պատճառով, որ մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի նիստերի դահլիճում բաժանել է քարոզչական նյութեր: Սակայն պրն Հարությունյանն այդ ժամանակ ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ հաշվի առնելով այն, որ բյուրոյի նիստերը դռնփակ են: Սակայն հոկտեմբերի 6-ին ադրբեջանական բազմաթիվ ԶԼՄ-ներ («Թրենդ», «Ազերթաջ», Bakililar.AZ, «Բակինսկի ռաբոչիյ» եւ այլն) հրապարակել էին նույն լուրը, որը նրանց հայտնել էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Ըստ նրա՝ ԵԽԽՎ բյուրոյի հոկտեմբերի 2-ի նիստում քննարկվել է իրենց պաշտոնական բողոքն այն կապակցությամբ, որ աշնանային այս նստաշրջանի ընթացքում հայերը, «որոնք բոլոր միջոցներով զրպարտում են մեր երկիրն ու ազգը՝ դիմեցին Ադրբեջանի դեմ ուղղված քարոզչական նյութերի օգնությանը, տարածելով սկավառակներ ու գրքեր, որոնք լեցուն են զրպարտությամբ ու ստով»: Հիշեցնենք, որ խոսքը Նաիրա Զոհրաբյանի կողմից բաժանված «Ադրբեջան. արմենոֆոբիայի քաղաքականություն» վերնագրով գրքույկի մասին է, որտեղ ի մի են բերված ադրբեջանցի պետական գործիչների հակահայկական հայտարարությունները՝ առանց մեկնաբանությունների, ու նաեւ ԼՂ հակամարտության մասին միջազգային մամուլի անդրադարձներով լեցուն «Հանցագործություն առանց պատժի» անվանումով մի DVD, որը պատրաստել է ԼՂՀ արտգործնախարարությունը։ Սամեդ Սեիդովը ադրբեջանցի լրագրողներին ասել է, որ ԵԽ կանոններն արգելում են այս կառույցում տարածել այլ երկրի դեմ ուղղված զրպարտչական նյութեր, եւ ամեն փաստաթղթի տարածումը թույլատրվում է ԵԽԽՎ քարտուղարությունում այն քննելուց հետո: «Հայերը կոպտորեն խախտել են Եվրոպայի խորհրդի ներքին կանոնները,- ասել է պրն Սեիդովը:- Մենք պաշտոնապես ԵԽԽՎ բյուրոյի ուշադրությունն ենք հրավիրում ադրբեջանական պատվիրակության վճռական բողոքի վրա՝ հայերի այդ արարքի դեմ»: Նա նաեւ պնդել է, թե բյուրոյի մեծամասնությունը դատապարտել է հայերի այդ գործողությունները, իսկ ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը «Հայաստանի պատվիրակության ղեկավարին կոչ է արել դադարեցնել զրպարտչական, քարոզչական բնույթի գործողությունները»:

Այս հրապարակումներից հետո միայն Դավիթ Հարությունյանը մեզ պարզաբանեց, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում՝ իրեն նկատողություն չի արվել, սակայն հարցն իրոք քննարկվել է ԵԽԽՎ բյուրոյի նիստում, ու «Առավոտին» տրամադրեց իր ելույթը: Նա հոկտեմբերի 2-ի քննարկման ընթացքում նախ երախտագիտություն էր հայտնել այս հարցն արծարծելու համար եւ արդարացի լինելու համար առաջարկել խնդիրը դիտարկել ավելի լայն համատեքստում. «Երեկ մենք նշում էինք Եվրոպայի խորհրդի 60-ամյակը: Ես առաջարկում եմ ձեզ վերհիշել այն իմաստուն խոսքերը, որոնք այս առիթով ասացին Եվրոպայի հարգարժան բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաեւ՝ Ձեր խոսքերը, պրն Նախագահ: Այդ իմաստուն խոսքերը համառոտ կարելի է ի մի բերել հանդուրժողականություն, հարգանք, վստահություն եւ մեր տարաձայնությունների խաղաղ կարգավորում բառերով: Իմ պատվիրակությունը ոչ միայն նախկինում լսել է այդ կոչերը, այլ դրանք նաեւ դիտարկել իբրեւ աշխատանքի միակ մեթոդ այս Վեհաժողովում: Այս Վեհաժողովի յուրաքանչյուր անդամի համար դժվար չի լինի վերհիշել, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զանազան քննարկումների ընթացքում «պարգեւատրվել են» բացասական կարծրատիպերի ամեն մի արտահայտությամբ այն անձանց կողմից, ովքեր տվյալ բողոքն այժմ ներկայացրել են ձեզ: Կիրառվել է քարոզչության ամեն մի մեթոդ՝ տպագիր նյութեր, տեսանյութեր, ելույթներ: Մենք մեղադրվել ենք ագրեսիայի, ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, միջուկային թափոններ թաղելու, շրջակա միջավայրն աղտոտելու, հրկիզումների, թմրադեղերի վաճառքի, մանկապղծության, կանանց նկատմամբ բռնությունների մեջ: Արդյոք այս ամենն ընդունելի՞ մեթոդ է վստահության, հանդուրժողականության եւ հարգանքի ամրապնդման համար: Արդյոք սա ներդրո՞ւմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորման գործում: Չկա՞ տարբերություն խոսքի ազատության եւ ատելության քարոզչության միջեւ: Պիտի՞ մենք հակադարձենք: Պիտի մենք է՞լ գործածենք նույն մեթոդները: Ի վերջո, մենք փաստեր ունենք: Սակայն, պրն Նախագահ, մեր պատվիրակության դիրքորոշումը եղել ու մնում է զսպվածություն ցուցաբերելը: Հենց այդ պատճառով, պրն Նախագահ, ես շատ ուրախ եմ, որ առաջ է եկել այս հարցը: Հնարավոր է, մենք այժմ կարող էինք միասնաբար դիմել մեր ազերի գործընկերներին ու նրանց այն համախոհներին, որոնք հակամարտությունը նախընտրում են երկխոսությունից, եւ նրանց, ովքեր անտեսում են այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով»: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ հարկ է նրանց ասել, որ իբրեւ ազգերի ընտրյալ ներկայացուցիչներ՝ պետք է պատասխանատու կեցվածք ունենալ ու չընկնել «պոպուլիստական քարոզչության թակարդը»: Եվ հույս է հայտնել, որ իր կոչին ունկնդիր կլինեն ու հակամարտության մեթոդներն այլեւս կբացառվեն:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը մեզ հայտնեց, թե ըստ ամենայնի՝ ԵԽԽՎ նախագահը նամակով կդիմի Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններին՝ զուսպ եւ հանդուրժող պահվածքի կոչ անելով:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում «Արմենոֆոբիա» գրքույկը տարածելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակումից հետո Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» փոխանցեցին հավելյալ նյութեր, որոնք մասնավորապես մեջբերումներ են Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հայտարարություններից: Այն բանից հետո, երբ Բուդապեշտում 2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը սա համարել էր «իրական հայրենասիրության մի օրինակ՝ ադրբեջանական երիտասարդության համար»:

Այնպես որ՝ ցանկության դեպքում կարելի է հրատարակել «Արմենոֆոբիա» գրքույկի երկրորդ մասը, ուղղակի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակներն այլեւս չեն կարող այն տարածել հենց Վեհաժողովի նիստերի դահլիճում: Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցի ընթացքում, սակայն, նշեց. «Քանի դեռ Ադրբեջանի պատվիրակությունը շարունակում է ստի եւ կեղծիքի քարոզչությունը, ես չե՛մ դադարելու նրանց հակադարձել՝ ներկայացնելով փաստեր եւ իրականությունը: Եվ նրանք պետք է անընդհա՛տ իրենց մաշկի վրա զգան բումերանգի ազդեցությունը: Անելո՛ւ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել