«Ժողովրդի՝ առայժմ մասսայականորեն չընդվզելը խոսում է նրա բարձր գիտակցության մասին: Նա հասկանում է, որ երկիրն իր համար վտանգավոր եւ կարեւորագույն որոշման փուլի մեջ է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը եւ վիրավորել իր արժանապատվությունը: Ուստի, մենք պահանջում եւ հորդորում ենք հայրենի իշխանություններին՝ չստեղծել այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդը ընդվզի: Հայտարարում ենք թե հայրենի եւ թե Սփյուռքի հայրենակիցներին, որ մենք դեմ ենք նախաստորագրված փաստաթղթերին եւ սատարելու ենք ժողովրդի ընդվզմանը»,- ասված է ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության երեկ տարածած հայտարարության մեջ։ «Ո՛չ նախագահին եւ ո՛չ էլ նրա ձեռնասուն ուժերին իրավունք չի տրված արժեզրկելու կամ առուծախի առարկա դարձնելու արյունով, ցավոտ կորուստներով ձեռք բերված հաղթանակները, ազգային արժեքները, մեր ազգի չամոքվող վերքը` ցեղասպանությունը, եւ հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը»,- կարծում են արցախյան պատերազմի վետերանները: