ՀՅԴ-ն խոստանում է հետագա քայլերը եւս համաձայնեցնել այլ ուժերի հետ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ 12 կուսակցություններ երեկ ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ: 12-ի մեջ բազմաթիվ են նախկին դաշնակցականների կողմից ղեկավարվող քաղաքական ուժերը, ինչպիսիք են՝ «Ժառանգությունը», «Նոր ժամանակները», ՀԱՍԿ-ը: Կան նաեւ ոչ հայտնի եւ մարդ-կուսակցություններ. վերջինիս կարկառուն ներկայացուցիչը թերեւս «Ազգային միասնության ուխտն» է: Սակայն իրենց համակիրների շարքերը ստվար ներկայացնելու համար նման մեթոդից չեն խորշում ո՛չ ընդդիմության այլ հատվածները, ո՛չ էլ իշխանությունը:
Ներկայացնելով հայտարարությունը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց. «Այն քաղաքական ուժերը, որոնք այս հայտարարության տակ ստորագրել են, սկիզբ են դնում այնպիսի մի միասնական ճակատի ձեւավորման, որը հնարավորություն կտա կանխել մեզ համար անցանկալի, կորստաբեր զարգացումները»:
Համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում ու մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե իբր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման»: Եվ մասնավորապես նշվում է, թե բավարարվում է Թուրքիայի «գլխավոր նախապայմաններից մեկը՝ այսօրվա սահմանների ճանաչումը», նաեւ հաջորդ պահանջը՝ «կասեցնել Ցեղասպանության ճանաչման՝ վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը»: Բացի այդ, ըստ հայտարարությունը ստորագրածների՝ «Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը՝ պահանջելով Հայաստանից ու միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»: Եվ այս համոզումն ունեցող քաղաքական ուժերը պահանջում են «չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ»:
Ուշագրավ էին մեկնաբանությունները, որոնք հետեւեցին հայտարարության հրապարակմանը: «Հայ ազգայնականների համախմբում» կազմակերպության անդամ Գեւորգ Յազըճյանն արձանագրություններն անվանեց ազգային դավաճանություն ու խոստացավ այդպես վերաբերվել նաեւ դրանք ստորագրողներին: Զուգահեռ տարավ, թե նման մի փաստաթուղթ 1983 թվականին Լիբանանում էլ են ստորագրել, բայց «Հզբոլլահ»-ի, ըստ նրա՝ «հայրենասեր տղաները աղբանոց նետեցին թե՛ փաստաթուղթը, թե՛ այն ստորագրողներին: Հիմա մեզ մոտ էլ նույնն է լինելու»: «Հայ արիական միաբանության» ղեկավար Արմեն Ավետիսյանը, որը վերջում միացավ հայտարարությանը՝ խոստացավ. «Ովքեր որ այս քայլերն արեցին՝ միայն դավաճանի կոչումով չեն ավարտելու: Մեր պատմությունն ունի վրիժառության գեղեցիկ դեպքեր, եւ այդ դեպքերը ժամանակին վրա են հասնում»: Իսկ «Գոյամարտ» կուսակցության նախագահ Սերգեյ Ղազարյանը հայտարարեց, թե իշխանությունը Նժդեհի նկարի ներքո զբաղվում է ազգադավությամբ. «Իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե իշխանություն ենք, լա՛վ ենք անում՝ ինչ անում ենք: Երեք նախագահ եք թաղել, ուզում եք չորրորդին է՞լ թաղեք»:
Հնչած այս սպառնալիքների կապակցությամբ «Առավոտը» հիշեցրեց Փարիզում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը. «Եթե որեւէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա հավանաբար շատ միամիտ է»: Ի պատասխան Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց համաձայնությունը տվյալ հայտարարության շուրջ է. «Եկեք գտնվենք այս շրջանակների մեջ: Իհարկե, ամեն մի կուսակցություն իր մոտեցումներն ասելու ազատություն ունի՝ դա իր իրավունքն է: Բայց մեր համաձայնեցված տեսակետը սա է՝ այս հայտարարությունը, եւ պիտի առաջնորդվենք սրանով: Մնացած բոլոր քայլերը, որոնք հետագայում անհրաժեշտություն կունենանք միասին կատարելու՝ կրկին համաձայնեցնելու կարիք ունեն»:
Հ. Գ. Հարցին, թե առաջարկվե՞լ է արդյոք ՀԱԿ-ին միանալ այս հայտարարությանը՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք ՀԱԿ-ին՝ որպես ամբողջություն, չենք դիմել, բայց ՀԱԿ-ի մեջ առկա որոշ կուսակցությունների հետ խոսել ենք: Իրենք նույնպես մտահոգություններ արտահայտել են, բայց երեւի քաղաքական խնդիրներից ելնելով՝ այս կամ այն պատճառաբանությամբ չեն միացել այս հայտարարությանը»: