Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՅՐՈՒԹԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ՉԷ

Հոկտեմբեր 07,2009 00:00

Լիբանանահայերի բողոքի ակցիաներն ավելի զուսպ էին

Բեյրութի օդանավակայանում, ի հեճուկս որոշ կանխատեսումների, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են քաղաքակիրթ: «Օդանավակայանում որեւէ բան չեղավ, որեւէ միջադեպ չգրանցվեց»,- երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ներկայացնելով այցի մանրամասները՝ ասաց Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այստեղ բողոքի ակցիաները մեկնարկել էին դեռ նախորդ օրվանից: Լիբանանում Հայաստանի դեսպանատան առջեւ տեղի է ունեցել բողոքի կարճատեւ նստացույց, այնուհետեւ՝ մոմավառություն: Այս ակցիաների հիմնական մասնակիցները եղել են ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի շրջակայքում, բողոքի ակցիաներ են անցկացրել լիբանանահայ երիտասարդական միությունները, ապա համայնքի ներկայացուցիչները նստացույց են արել «Հաբթուր» հյուրանոցի շրջակայքում, որտեղ իջեւանել է Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Երեւանի ժամանակով 19.30-ին սկսված նախագահի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ ու դրան հետեւած ճաշկերույթը ձգվել են մինչեւ ուշ գիշեր: Հանդիպմանը հրավիրված են եղել ավանդական կուսակցությունների պատասխանատուներ, երկրում գործող հայ ներկա եւ նախկին պաշտոնյաներ ու օրենսդիրներ, տարբեր միությունների ղեկավարներ, հոգեւոր այրեր, համայնքում դեր եւ կշիռ ունեցող մտավորականներ եւ գործարարներ:

Այդ ողջ ընթացքում լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել դրսում. «Թելադրված է կարգապահ, խաղաղ, հանգիստ նստացույց՝ իբրեւ տեսակետ եւ բողոք արտահայտելու քաղաքակիրթ միջոց: Երբեմն մարդիկ դուրս կգան իրենց զսպվածությունից, այդպիսի ժողովրդային ելույթների մեջ միշտ էլ ավելի ծայրահեղականներ կլինեն, բացառված չէ նաեւ, որ պրովոկատորներ էլ լինեն, բայց մեր փափագն այն է, որ այդ ցույցերը հնարավորինս քաղաքավարության սահմաններու մեջ լինեն, որովհետեւ այստեղ Հայաստան չէ, կա օտար հանրային կարծիք, օտար մամուլ եւ տելեվիզիոն: Նրանք պետք է գիտնան, որ հայ ժողովուրդն իր բողոքը կարող է քաղաքավարությամբ արտահայտել»:

Պարոն Ջերեջյանը «Առավոտին» նաեւ տեղեկացրեց, որ համայնքի մեծ մասը դժգոհ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններից: Իսկ դժգոհությունը բխում է նրանից, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների նման կարգավորումը կարող է հասցնել Ցեղասպանության հանդեպ մեր պահանջատիրության թուլացմանը, ինչպես նաեւ Ղարաբաղի մեր դատի, մեր հետագա դիվանագիտական, քաղաքական պայքարի թուլացմանը»: Չնայած այս ամենին, մեր զրուցակիցը համարում է, որ հայկական մեծ գաղութներ ունեցող երկրներ ՀՀ նախագահի այցելությունը եւ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները «տեղին նախաձեռնություն էր եւ խիզախ քայլ»: Ըստ նրա, այդպես են մտածում նաեւ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք իրենց հայտարարություններում բավականին խիստ, նույնիսկ կոպիտ քննադատության են ենթարկել նախաստորագրված արձանագրությունները: «Ես, անշուշտ, բաժանում եմ եղած մտահոգությունները, բայց, միաժամանակ, կողմ եմ բազմակարծության: Իր վարած քաղաքականության հետ ես անձնական տարակարծություններ ունեմ, բայց պետք է հարգենք Հայաստանի նախագահին եւ տարակարծություններն առանց անձնական արժանապատվությունների վիրավորման եւ քաղաքավարության սահմաններու մեջ արտահայտել»,- ասում է Եղիա Ջերեջյանը: Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նախագահի այցելությունն ուշացած բնույթ ունի եւ խորհրդակցությունները պետք է մինչեւ արձանագրությունների նախաստորագրումը տեղի ունենային, մեր զրուցակիցը նկատում է. «Նախագահը շատ համարձակ ձեւով ներկայացնում է իր մոտեցումները, միաժամանակ վստահ եմ, որ մեր մտահոգությունների մի մեծ մասը տակավին մնալու է՝ սպասելով ապագային, որ մարդիկ համոզվեն, թե իրապես այս փաստաթուղթերը Ցեղասպանության ճանաչման պայքարը պիտի չթուլացնեն: Իմ անձնական սկզբունքն է՝ ենթադրություններով չառաջնորդվել: Իրականությունն այդ է, որ փաստաթղթերում նման բան արձանագրված չկա, բայց արդյո՞ք մարդիկ թաքցնում են. դա ես չեմ կարող ասել, պատմությունը կապացուցի: Չգիտեմ, նախագահի ասած խոսքերին ինչքան պիտի հավատամ, ինչքան՝ ոչ»:

Թեեւ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ, նախօրեին համատեղ ժողովում արդեն արձանագրել են իրենց բացասական դիրքորոշումը արձանագրությունների վերաբերյալ եւ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են մտահոգությունները, մեր զրուցակիցը միաժամանակ նկատեց, որ համայնքում կան կազմակերպություններ, որոնք, այդուհանդերձ, դրական վերաբերմունք ունեն հարցի նկատմամբ:

Հ. Գ. Ուշ երեկոյան tert.am-ը հաղորդել է, որ Բեյրութում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ամբողջ ընթացքում Habtoor հյուրանոցի մոտ էին կանգնած տարբեր կազմակերպություններ ներկայացնող հայեր, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում՝ դժգոհելով հայ-թուրքական արձանագրություններից: Տեղի ժամանակով ժամը 19:00-ի մոտ ցուցարարներին է դիմել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը՝ հայտարարելով, որ «Կիլիկիո կաթողիկոսությունը պահանջատեր պիտի մնա»: Մոտ մեկ ժամ անց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Ավո Կիտանյանը դիմել է ցուցարարներին եւ պատմել, թե ինչ կեցվածք են ընդունել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ «Ազդակ»-ի հաղորդմամբ՝ Ավո Կիտանյանը կոչ է արել ցուցարարներին ցույցը վերջ տալ, եւ հազարավոր մարդիկ սկսել են «խաղաղությամբ ցրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել