Զգուշացրեցին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը
Խորհրդարանական հայտարարությունների ժամին քաղաքական ուժերը բաժանվեցին երկու մասի՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսողների եւ հօգուտ դրանց արտահայտվողների: ԱԺ Կանոնակարգի համաձայն, հայտարարությունների առաջնահերթությունը տրվեց ընդդիմադիր ուժերին, որոնք էլ միայն մեկ բանից խոսեցին՝ չի կարելի ստորագրել արձանագրությունները այդ տեսքով, նշելով դրանից ծագող վտանգները: Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում՝ Լոս Անջելեսից մինչեւ Բոստոն, ապա՝ Չիկագո եւ Մայամի անցկացված հարցումների մասին, որոնց մասնակցել է 100 հազար հայ տուն, եւ հարցման մասնակիցների 90 տոկոսը դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին: Դաշնակցական Լիլիթ Գալստյանը ահազանգեց Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի մասին: «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը զգուշացրեց, որ պատմության խարանին կարժանանա այն մարդը, որ կստորագրի կամ կողմ կլինի այս արձանագրությունների ստորագրմանը: Լարիսա Ալավերդյանը կոչ արեց ՀՀ նախագահին եւ նրան սատարող քաղաքական ուժերին. «Վերջ տալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը, խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը Արցախի՝ որպես երկրորդ հայկական պետության եւ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի նկատմամբ: Հիմք ընդունելով ԼՂՀ կայացման օրինականությունը եւ համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի՝ ԼՂՀ-ի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի հետ հաստատել երկկողմանի միջպետական պայմանագրային հարաբերություններ: Ճանաչել ԼՂՀ-ն եւ օժանդակել նրա միջազգային ճանաչմանը»:
«Ժառանգության» մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանը, հայտարարեց, որ արձանագրությունները ստորագրելու իր մտադրությամբ նախագահը փորձում է լուծել իր ներքին լեգիտիմության խնդիրը: Կոչ արեց՝ քաղաքացի եւ շինական, լիբերալ եւ բանվոր պետք է դառնան մեկ բռունցք եւ պայքարեն այս արձանագրությունների դեմ: Իշխանական ուժերից առաջինը հայտարարություն արեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը. «Հայ-թուրքական հարաբերությունների հարցի քննարկումները դուրս են գալիս թույլատրելիի սահմանից,- ասաց նա եւ հավելեց,- բնակլիմայական բարենպաստ պայմաններում անծանոթ, մոռացված մոլախոտեր են դուրս գալիս»՝ ակնարկելով, հավանաբար, Լոս Անջելեսի մերձարեւադարձային կլիմայական գոտին: Մինչ նա կասեր այս բառերը, Դաշնակցություն խմբակցության անդամները մեկ մարդու պես լքեցին խորհրդարանի դահլիճը՝ մի տեսակ դեմարշի տպավորություն ստեղծելով: Իսկ Սուքիաս Ավետիսյանը շարունակում էր խոսել. «Չեմ կարծում, որ հայտնի եւ անհայտ գործիչներ, չակերտավոր հայրենասերներ փորձելու են վիժեցնել հայ-թուրքական հարցերը»: Նորաթուխ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սարգսյանը ներկաներին բացատրեց, որ այս արձանագրությունների ստորագրման դեպքում «Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական տանդեմը քանդվում է»: Ասաց նաեւ, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման արդյունքում «կնվազի մեր երկրի կախվածությունը Վրաստանից եւ Իրանից»: Հնաբնակ հանրապետականները նորաթուխի այս ելույթից հետո սեղմեցին նրա ձեռքը: ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը իր խոսքը սկսեց Ավետիք Իսահակյանով՝ «Հայերը դժոխքը տեսան երկրի վրա», եւ շարունակեց Պարույր Սեւակով. «Զուլում էր, զուլում, լաո, թրի դեմ, հրի, սրի», հասավ մինչեւ այն տողը, որում ասվում է. «Աշխարհում ով մոռանա, զույգ աչքով թող կուրանա»: Նորմալ համարեց, որ այս հարցերը «Սփյուռքը զգում է սրտով, զգուշավոր, բաց նյարդերով»: Գովեց Սերժ Սարգսյանի քայլը՝ գնալ եւ խորհրդակցել Սփյուռքի հետ: Մեկ այլ նորաթուխ պատգամավոր՝ ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը, անդավաճան իր սեփական բանաստեղծական ոգուն, հայտարարեց. «Հիմա ամեն մի հայ մարդ պիտի գիտակցի, որ այսօրվա ներկան նույնպես պատերազմ է»: Ասաց նաեւ, որ «ռազմական հաղթանակներ տարած մեր երկրին պետք չեն պարտված խոսքեր»: Կոչ արեց. «Չկա դիմադիր կամ ընդդիմադիր հայ մարդ, հարկավոր է լինել միասնական՝ պետության կողքին»: Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, եւ սա գուցե պայմանավորված է իր վարչապետության շրջանում ինչ-ինչ պայմանավորվածություններով: