ԳՈՐԾԱԴՈՒԼԱՅԻՆ ԱԼԻՔ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ
Ռումինիայում հազարավոր ուսուցիչներ, ոստիկաններ, բժիշկներ եւ այլ պետծառայողներ երեկ գործադուլ են սկսել՝ այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ռումինական կառավարությանը տված խորհուրդների՝ «գոտիները ձգելու» քաղաքականություն վարելու առնչությամբ, որով պայմանավորվել է հիմնադրամի կողմից Ռումինիային 20 մլրդ եվրոյի հասնող հակաճգնաժամային վարկի վերջին տրանշի հատկացումը:
Հիշեցնենք, որ այդ քաղաքականության շրջանակներում ԱՄՀ-ը ռումինական կառավարությանը խորհուրդ է տվել բարեփոխել երկրի ֆինանսական համակարգն ու պետական հատվածում կրճատել ծառայողների թիվը: Բողոքի ակցիայի մասնակիցները սպառնում են չորեքշաբթի օրը նաեւ փողոցային ակցիաներ սկսել: Ռումինական «Ռեալիտատիա» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ արհմիությունների տվյալներով գործադուլներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել մոտավորապես 800 հազար պետծառայող: Մինչ այդ երկրի դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, պետական բժշկական շատ հիմնարկներում բժիշկները հրաժարվում են անգամ առաջին օգնություն ցուցաբերել, իսկ ոստիկանները թեեւ աշխատանքի են դուրս եկել, բայց ի նշան գործադուլավորների հետ համերաշխության, իրենց թեւերին կրում են սպիտակ ժապավեններ:
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻՑ 200 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
200 մարդ զոհվել եւ մոտ մեկ միլիոնը դարձել են անօթեւան՝ Հնդկաստանի Կարնատակա եւ Անդհրա-Պրադեշ նահանգներում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Կարնատակայում տեղի ունեցած ջրհեղեղը ամենաավերիչն է եղել վերջին տասնամյակի ընթացքում: Իրենց ափերից դուրս եկած Կրիշնա եւ Տունգաբհադրա գետերն ու ջրամբարների ջրերը ողողել են նահանգի 12 շրջանները՝ ոչնչացնելով ամբողջ գյուղմթերքն ու ավերելով 40 հազար բնակելի տուն: Տարերային աղետի հասցրած տնտեսական վնասը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարի: Ջրհեղեղի հետեւանքների վերացման նպատակով Հնդկաստանի կառավարությունը պետական հատուկ միջոցներից Կարնատակա նահանգին ֆինանսական օգնություն է տրամադրել: Փրկարարական աշխատանքները կատարվում են երկրի զինվորական ստորաբաժանումների եւ ռազմական ուղղաթիռների ուժերով:
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ՀՐԵԱԿԱՆ ԾԱԳՈ՞ՒՄ ՈՒՆԻ
Անցած շաբաթ օրը Բրիտանական The Daily Telegraph թերթում հրապարակված հոդվածի համաձայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հրեական արմատներ ունի: Լրագրողների վկայությամբ, այդ փաստի հիմնավորող ապացույցը Իրանի նախագահի ձեռքին եղած նրա անձնագիրն է, որը պատկերված է 2008թ. մարտին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արված լուսանկարում: Հրապարակման մեջ պնդում կա, թե Ահմադինեջադի անձնագրում երեւում է նրա իսկական ազգանունը՝ Սաբուրիջիան, որը Արադան բնակավայրում ապրող իրանցի հրեաների շրջանում հայտնի ազգանուն է, այն ֆարսերեն նշանակում է հրեական աղոթքի ծածկոց՝ թալիտ: Հրապարակման համաձայն, Իրանի նախագահը ծնվել է հենց այդ բնակավայրում: Բրիտանական պարբերականի տվյալներով, Ահմադինեջադի հարազատները իսլամն ընդունել եւ իրենց ազգանունը փոխել են Ահմադինեջադի ծնվելուց առժամանակ հետո: Արաբական եւ իրանական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ալի Նուրիզադեի կարծիքով, ի հայտ եկած նոր տվյալները բացատրում են Ահմադինեջադի վարքը՝ Իսրայելի եւ հրեաների նկատմամբ: «Չէ՞ որ շատերը, ովքեր փոխել են իրենց կրոնը, ատելությամբ են վերաբերվում իրենց նախկին կրոնակիցներին»,- ասել է փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ Իրանի նախագահն իր հակասեմիտիզմությամբ փորձում է իսլամի առաջ քավել իր մեղքը՝ հրեական ծագման համար: Լոնդոնում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչ Ռոն Գիդորը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը, բայց պարբերաբար շեշտում է, որ Ահմադինեջադը չի հերքել, որ իր ընտանիքը 1950-ականներին Թեհրան տեղափոխվելուց հետո փոխել է ազգանունը՝ միաժամանակ չհստակեցնելով իր իսկական ազգանունը: Այդուհանդերձ, Իրանի նախագահի անձնագրի՝ խոշոր պլանով արած լուսանկարում բավականին հստակ կարդացվում է Սաբուրիջիան ազգանունը, որը նա կրել է պատանեկության ընթացքում:
ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ
Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը եւ Քաթարը համաձայնության են եկել նոր՝ ընդհանուր դրամական միավորի ստեղծման շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «News.am»-ը՝ շեշտելով, որ, ամենայն հավանականությամբ, դրամական նոր միավորը կկոչվի «դինար» կամ «ռիալ», թեեւ չորս երկրների բնակչությունն էլ կողմ է արտահայտվել «դինար» անվանմանը: Հիշեցնենք, որ Պարսից ծոցի այդ չորս երկրները ստորագրել էին միասնական արժույթի ստեղծման համաձայնագիր: Ներդրամական միավորի անվանումն ընտրելու համար երկրների կառավարությունները հարցումներ են անցկացնում բնակչության շրջանում: Համաձայնագրով նախատեսված է մինչեւ տարեվերջ արժութային խորհրդի ստեղծում, որի գործունեության գլխավոր նպատակը կլինի այս երկրների միջեւ արժութային հարաբերությունների կարգավորումը եւ վերահսկողությունը: Նախատեսվում է նաեւ, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ Ռիադում կստեղծվի Պարսից ծոցի Կենտրոնական բանկ: