Անցյալ տարեվերջին Ռուսաստանը որոշում էր ընդունել Բելառուսին 2 մլրդ դոլարի վարկ տրամադրել, որից 1,5 միլիարդն արդեն տրամադրվել է այդ երկրին: Վարկի վերջին տրանշը՝ 500 մլն դոլարի չափով, Ռուսաստանը որոշել է չտրամադրել: ՌԴ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ անհրաժեշտ է մանրամասնորեն քննարկել այդ միջոցները հեռանկարում վերադարձնելու հնարավորության հարցը: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ՌԴ կողմից վարկի 500 մլն դոլարի վերջին տրանշի տխրահռչակ հարցը դարձել էր քաղաքական սակարկությունների առարկա, եւ այն տրամադրելու դիմաց Ռուսաստանը Բելառուսից ակնկալել էր Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը:
Միաժամանակ ֆինանսների նախարար Կուդրինը երեկ հայտարարել է, որ ՌԴ-ն չի տրամադրի նաեւ Ուկրաինայի խնդրած 5 մլրդ դոլարի վարկը՝ միաժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը կպաշտպանի այդ երկու երկրների շահերը միջազգային ֆինանսական ինստիտուտներում՝ Միջազգային արժութային հիմնադրամում եւ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամում: Փոխարենը, Կուդրինի ասելով, ՌԴ-ն պատրաստ է 1 մլրդ դոլարի վարկ տրամադրել Սերբիային, նաեւ քննարկում է «Բելենե» ԱԷԿ-ի կառուցման համար Բուլղարիային 3,8 մլն եվրոյի չափով վարկ տրամադրելու հնարավորության հարցը: