Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉԿՈՐՑՆԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Հոկտեմբեր 06,2009 00:00

«Դեղատոմսը»՝ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմում

\"\"Հոկտեմբերի 1-ից, երեք ամիս շարունակ, «Մոսկվա» կինոթատրոնում Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ցուցադրելու են վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը: Դրանց թվում է նաեւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը՝ ըստ Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի:

Նշենք, որ Ս. Բաբայանը հայտնի է «Չեզոք իրավիճակ», «Արարման ութերորդ օրը», «Ֆրունզե Դովլաթյան», «Խենթ հրեշտակը», «Հետգրություն», «Ժանո» եւ այլ ֆիլմերով:

Ինչ վերաբերում է նրա «Մի նայիր հայելուն» աշխատանքին, որով վերջերս փակվել է մոսկովյան վերջին կինոֆորումը, փաստենք, որ նկարի հայաստանյան պրեմիերան էլ հաջողությամբ կայացավ: Ֆիլմը դիտելու եւ տաղանդավոր ռեժիսորին շնորհավորելու էին եկել ոչ միայն մշակութային ճանաչված գործիչներ, այլեւ հասարակական-քաղաքական ոլորտի դեմքեր: Ռեժիսորը այս ֆիլմը նկարահանել է հայ կինոյում դեռեւս չնկարահանված մի ժանրում՝ տրագիֆարսում. այստեղ ողբերգականը ներկայացվում է հեգնական տարրերով:

«Մի նայիր հայելուն» ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է Ժան-Պիեր Նշանյանը, մյուս դերերում՝ Ռաֆայել Քոթանջյանը, Ռոբերտ Հարությունյանը, Երվանդ Մանարյանը, Տիգրան Ներսիսյանը, Մարիամ Դավթյանը եւ այլք: Ֆիլմը յուրօրինակ ինքնախոստովանություն է, ինքնամաքրման, նաեւ կինոհանդիսատեսի հետ խաթարված արժեհամակարգի, հոգեկան ու մնացյալ կորուստների մասին խոսելու փորձ:

Ֆիլմի Հերոս անունով հերոսը մի օր արթնանում ու իրեն չի գտնում… Փաստորեն, չկա մարդը… ֆիզիկապես կա, գոյություն ունի, բայց կորցրել է դեմքը՝ ցոփ ու շվայտ ապրելակերպի պատճառով: Սիրուհիներ, հարբեցողություն, սրբապատկերների ու տոհմական մասունքների վաճառք, խաբեությունների շարան, դավաճանություն եւ ինքնադավաճանություն, սրբությունների հայհոյում եւ ուրացում՝ այսպես է ապրում Հերոս Աստվածատրյանը, որը հայելու մեջ նայելով՝ ամեն անգամ իր արտացոլանքի փոխարեն ուրիշներին է տեսնում: Ու հասկանում է, որ բոլորն էլ ինքն է. անգամ հայելիներից մեկի մեջ երեւացող վավաշոտ կինը: Նա էլ Հերոսի Եսի մասնիկներից է: Ի՞նչ անել, ինչպե՞ս վերագտնել ինքդ քեզ, ում այսքանից հետո անչափ կարոտել ես… Բայց խեղճ Հերոսը միակը չէ՝ ողջ Հայաստանը լցված է իր նմաններով: Ու այդ «հիվանդությունը» չի սպառնում միայն նրանց, ովքեր անհատականություն են: Ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին նման Հերոսներ են պետք՝ իրենց կորցրած, անդեմ, անկերպար՝ այդպես ավելի հեշտ է խաչիկներ «ստանալը», ու երկիրը տարատեսակ «շպիոններով» լցնելը:

Հավելենք, որ «Մի նայիր հայելուն» ֆիլմը գեղեցիկ է նկարված, պլյուս՝ հատուկ էֆեկտներն ու ճիշտ ընտրված երաժշտությունը: Իսկ գլխավոր հերոս Հերոսի կլոր, կարմիր եզրերով մեծ ակնոցն ասես նրա համար է, որ կինոհանդիսատեսին խոշորացույցով ցույց տա, թե ինչպիսին է իրականությունը եւ ինչպես պետք է ապրել՝ մարդկային նկարագիրը չկորցնելու համար:

Ֆիլմի վերջում Հերոսի մեջ ապրող բոլոր մարդիկ հաշտվում են միմյանց եւ ամենակարեւորը՝ Հերոսի հետ, սակայն մեկ՝ այս աշխարհը լքելու պայմանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել