Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2009 00:00

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՈՆԸ՝ «ՓՅՈՒՆԻԿ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

\"\"Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան նախաձեռնությամբ «Փյունիկ» ակումբի խաղադաշտում անցկացվեց Գերմանիայի վերամիավորման 20-րդ տարեդարձին նվիրված ֆուտբոլի ավանդական ութերորդ մրցաշարը:

Այս անգամ միջոցառմանը մասնակցեցին Գերմանիայի դեսպանատան, Հայաստանի արտգործնախարարության թիմերը, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի հավաքականը, ինչպես նաեւ «Ավերս Վեստ» ընկերության թիմը:

\"\"Նախնական հանդիպումների ավարտից հետո մրցաշարային աղյուսակում ստեղծվել էր մի այնպիսի վիճակ, որ հաղթողը որոշվելու էր վերջին օրը՝ «Ավերս Վեստ»-Դիվանագիտական կորպուս եւ Գերմանիայի դեսպանատուն- ՀՀ արտգործնախարարություն հանդիպումներից հետո միայն: Առաջին զույգի հանդիպումը, սակայն, չկայացավ՝ տարբեր դեսպանատների աշխատակիցներից կազմված հավաքականի չներկայանալու պատճառով, ինչի համար նրան 0:3 հաշվով պարտություն գրանցվեց: Իսկ ահա երկրորդ խաղն անցավ արտգործնախարարության անվիճելի առավելությամբ: «Գերմանացիներին» հաղթող դառնալու համար բավարարում էր անգամ ոչ-ոքին: Սակայն մրցակիցը հանդիպմանն ավելի վճռական էր տրամադրվել եւ, հաղթելով 4:1 հաշվով, դարձավ մրցաշարի հաղթող ու արժանացավ գավաթին: Գնդակների լավագույն տարբերությամբ երկրորդ տեղն զբաղեցրեց «Ավերս Վեստը», իսկ կազմակերպիչ թիմն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալներով:

Գերմանիայի դեսպանատունը ֆուտբոլային այս միջոցառումն ամեն տարի կազմակերպում է ոչ միայն իր եւ Հայաստանում գործող դիվանագիտական մյուս կազմակերպությունների աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու, այլեւ բարեգործական նպատակներով՝ ամեն անգամ մասնակցության համար հավաքագրվող եւ հովանավորչական գումարները տրամադրելով այս կամ այն մանկատանը կամ կրթօջախին: Այս անգամ գոյացած 1,5 միլիոն դրամով կահավորվելու է Ուջանի մանկապարտեզը, որի նորոգումը ժամանակին ստանձնել եւ իրականացնում է նույն Գերմանիայի դեսպանատունը:

Մրցաշարի ավարտին Հայաստանում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտը գավաթն ու մեդալները հաղթող եւ մրցանակակիր թիմերին հանձնելիս ասաց, որ ինքը, չնայած նոր է ժամանել Հայաստան, բայց արդեն տեղյակ է, որ այստեղ սպորտը սիրում են: Դեսպանն իր ոգեւորությունը հայտնեց, որ իրենց թիմում դեսպանատան աշխատակիցների կողքին հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք ժամանակին խաղացել են Հայաստանի ճանաչված ակումբներում՝ նրանց կոչելով «հայ գերմանացիներ»: Դեսպանը խոստացավ, որ անպայման ներկա կգտնվի հոկտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Իսպանիա ազգային հավաքականների խաղին ու հաջողություն մաղթեց մերոնց՝ նշելով նաեւ, որ Եվրոպայի ու աշխարհի լավագույն հավաքականներից մեկի հետ հանդիպումը հայերի համար հեշտ չի լինելու:

Պարոն Հանս Յոհան Շմիդտը նաեւ մի հաճելի անակնկալ մատուցեց՝ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Հայաստանի աղջիկների երեք ֆուտբոլային թիմերի մարզահագուստ նվիրելով:

Դեսպանի հետ զրույցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ նա իր նախորդների նման սիրում է սպորտը եւ դեմ չէ հնարավորության սահմաններում աջակցել իրագործելի նոր նախաձեռնությունների, առաջարկեցինք «Առավոտի» հետ միասին կազմակերպել դիվանագետների եւ լրագրողների միջեւ բոուլինգի մրցում, ինչին պարոն Շմիդտը սիրով համաձայնեց:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել