Հարցազրույց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ
– Այսօր, երբ գրքի նկատմամբ նվազել է հետաքրքրությունը, ինչի հետեւանքով էլ գրադարանները կորցրել են մեծ թվով ընթերցողներ, արդյոք, Գրադարանի օր տոնը ձեւական բնույթ չի՞ կրում:
– Այս տարի հինգերորդ անգամ հոկտեմբերի 7-ին կտոնվի Գրադարանավարի օրը, եւ վստահ եմ, որ դարձյալ յուրաքանչյուր գրադարան սուսուփուս կփորձի յուրովի նշել: Իսկ թե ինչու հայաստանյան շուրջ 5000 գրադարանավարների պրոֆեսիոնալ տոնը այդպես էլ չի ստանում հնչեղություն, դժվարանում եմ ասել: Եթե հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում այսօր հայտնվել են մեր խոշոր գրադարանները՝ Ազգային, Խնկո-Ապոր եւ երաժշտագիտական, որտեղ ամենաբարձր մակարդակով տարբեր խնդիրներ են լուծվում, ինչն արվում է հաջորդ տարի գրատպության 500-ամյակին ընդառաջ, ուրեմն թող համայնքային ղեկավարներն էլ (թաղապետ, գյուղապետ եւ այլք) զբաղվեն իրենց ենթակայության տակ գտնվող գրադարաններով կամ պարզապես հետեւեն նախագահի օրինակին: Խոսում ենք գրադարանավարի օրն արժեւորելու մասին, ուրեմն եկեք բարձրաձայնենք, որ չկա նորմալ պետական հոգածություն, գրադարանները չեն նորոգվում, տեխնիկական վերազինման չեն ենթարկվում… …
– Գիտենք, որ նվազել են գիրք ձեռք բերելու հնարավորությունները, ի՞նչ միջոցներով եք հարստացնում գրադարանային ֆոնդը:
– Մեր 75-ամյա, ավանդույթներ ունեցող գրադարանը բաց աշխատող մշակութային օջախ է եւ բոլոր իր ռեսուրսային հնարավորություններով ծառայում է հանրությանը: Այսօր էլ շարունակվում են համալրման աշխատանքները, եւ այս խնդիրները կարողանում ենք լուծել ոչ միայն պետական ֆինանսավորման միջոցով, այլեւ, օրինակ, համագործակցելով Հայաստանում այլ երկրների դեսպանատների հետ (Իսահակյանի անվան գրադարանում գործում է բրիտանական եւ ամերիկյան անկյուն): Օրեր առաջ լուրջ դրամաշնորհային հայտ ենք ներկայացրել մեր գրադարանի 13 մասնաճյուղերի եւ բաժինների ներքին թվայնացման ցանցի ստեղծման համար: Այն, որ բացի գրքից, ժամանակակից տեխնիկայի միջոցով արդեն կարողանում ենք ընթերցողներին տրամադրել տարաբնույթ տեղեկատվություն, ինտերնետային անվճար ծառայություն, համացանցային բազաների օգտագործում եւ էլեկտրոնային կրիչներ (CD, DVD եւ այլն), միանշանակ, առաջխաղացում է: Նշեմ, որ ֆոնդային լուրջ համալրում էլ է կատարվում՝ նվիրատվությունների ակցիաների կազմակերպմամբ: Նման վերջին միջոցառումը Լոռու տարածաշրջանի գյուղական դպրոցների եւ գրադարանների համար մեզ մոտ կազմակերպված ակցիան էր:
– Շատ է խոսվում, որ գրքերի թվայնացումը, ի վերջո, կարող է գրադարան հասկացությունը աստիճանաբար դուրս մղել մեր կենցաղից: Ի՞նչ հեռանկար է սպասվում մեր գրադարաններին:
– Այն, որ կենդանի գիրքը մշտապես լինելու է, դա կասկածից վեր է: Դրա մասին են վկայում աշխարհի խոշորագույն գրադարանները՝ Նյու Յորքի՝ Հանրային, Վաշինգտոնի՝ Կոնգրեսի, Ալեքսանդրիայի եւ այլ խոշոր գրադարանային կենտրոնները: Թվայնացմանը զուգահեռ, պահպանվում է գիրքը որպես մարդկային համաշխարհային մշակույթի պատմական արժեք: Վերջերս Էջմիածնում անցկացվեց առաջին Միջազգային հայկական գրադարանային համաժողովը, որտեղ, հայաստանյան գրադարանների աշխատակիցներից բացի, հրավիրված էին նաեւ հյուրեր աշխարհի խոշոր հայագիտական կենտրոններից: Շփումը եւ համագործակցությունը Սփյուռքի մեր գործընկերների հետ՝ հիանալի առիթ էր փորձի փոխանակման եւ պրոֆեսիոնալ այլ հարցեր քննարկելու համար: Գրադարանը երբեք չի փոխվի, գրադարանի ձեւն է փոխվում, իսկ էությունն ու բովանդակությունը մնում են նույնը: