«Ոչ թե գիտելիքն է ուժ, այլ գիտելիքի փոխանակումը»,- երեկ ԵՊՀ-ում մեկնարկած «Որակի բարելավում. փորձը, խնդիրներն ու հեռանկարները Հայաստանի բարձրագույն կրթության համար» երկօրյա գիտաժողովի ժամանակ հայտարարեց Լոնդոնի «Միդլսեքս» համալսարանի ներկայացուցիչ Էլլի Ջիորջիադուն: Գիտաժողովն իրականացվում է «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են հայաստանյան եւ արտասահմանյան բուհեր: ՌԴ-ից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից ժամանած փորձագետները եկել էին խելք խելքի տալու եւ որոշելու՝ ինչպե՞ս կարելի է օգտագործելով մեկը մյուսի փորձը, հաջողության հասնել կրթության որակի բարելավման հարցում: Գիտաժողովի ընթացքում կհնչի մոտ 30 զեկուցում, որոնք կտպագրվեն առանձին գրքույկում:
Ծրագրի իրականացման արդյունքում ԵՊՀ-ում եւ ՀՊՃՀ-ում ստեղծվել են որակի ապահովման կենտրոններ, որոնք զբաղվում են ներքին որակի ապահովման խնդիրներով: Երեկվա գիտաժողովին ԵՊՀ-ի եւ ՀՊՃՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորները ներկայացրին, թե իրենք որակի ապահովման ինչ մեխանիզմներ են ներդրել, մասնավորապես՝ կրթական ծրագրերի բովանդակային եւ կառուցվածքային թարմացումները, պրոֆեսորադասախոսական կազմի բարելավումը եւ այլն: Իսկ «ՏԵՄՊՈՒՍ»-ի հայաստանյան գրասենյակի կոորդինատոր Լանա Կարլովան նկատեց. «Երբեմն ականատես ենք լինում այն փաստին, որ բուհերի դասախոսական կազմի որակական հատկանիշները չեն համապատասխանում կրթության ներկայիս պահանջներին: Ուստի անհրաժեշտ են նոր մոտեցումներ, Հայաստանին կրթության լավ կազմակերպիչներ, մենեջերներ են պետք»: