Թափոններից՝ արվեստի գործեր
«Հայ Ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնի շրջանակներում այս տարի նոր ծրագրեր են նախատեսվել, այդ թվում՝ «Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում», որը գործում է Բաց հասարակության հիմնադրամի արվեստի եւ մշակույթի ցանցային ծրագրի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ից սկսած տասը օր շարունակ Տիկնիկային թատրոնում գործելու է բեմանկարների ցուցահանդեսը: Մի քանի տասնյակի հասնող աշխատանքների հեղինակները Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնի ուսանողներն են: Աշխատանքներից շատերը ուսանողների արդեն բեմադրած գործերն էին՝ ներկայացված էսքիզների տեսքով: Ցուցահանդեսից բացի, այս տարի առաջին անգամ նույն թատրոնի բակում ուսանողներն անպետք իրերից թատերական կերպարներ ու դեկորացիաներ կներկայացնեն: «Այս նախաձեռնության իմաստն այն է, որ մարդիկ մեկ այլ հայացքով դիտեն իրերն ու առարկաները, այսինքն՝ հասարակ թափոններից ինչպիսի փոխակերպում կարող ենք ստանալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ծրագրի համադրող Նելլի Բարսեղյանը: Վերոնշյալ միջոցառումներից բացի, Տիկնիկային թատրոնում տասը օր փառատոնի մասնակիցների եւ ուսանողների համար կդասախոսեն Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից ու Չեխիայից ժամանած աշխարհահռչակ փորձագետներ՝ Նոյել Վիփսը եւ Փիթ Բրուքսը Լոնդոնի արվեստների համալսարանից, Դեյվիդ Բուրմանը՝ Սանկտ-Պետերբուրգի «Կուկարտ» փառատոնի տնօրենը եւ Յանա Պրեկովան՝ Պրահայի թատերանկարչության եւ բեմանկարչության Կվադրինալից:
Դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաեւ ՌԴ-ից, Վրաստանից, Պարսկաստանից եւ Ղազախստանից: Ն. Բարսեղյանը, որ մասնակցում է այդ դասընթացներին, ասաց, որ վարպետության դասերը ոչ միայն հետաքրքիր, այլեւ գործնական բնույթ ունեն. «Դասախոսները մեզ ներկայացնում են իրենց գործերը եւ մենք քննարկում եւ ուսումնասիրում ենք: Երեկվա դասը հետաքրքիր էր նրանով, որ Լոնդոնի օրինակով ներկայացվեցին արվեստի զարգացման միտումները՝ արտերկրում: Հիմա ավելի ընդունված է բնական ու պարզ ստեղծագործելը, օրինակ, եթե արյուն է հարկավոր, արվեստագետը կներկայացնի իրենը, այլ ոչ թե կենդանու արյուն»: Ն. Բարսեղյանի խոսքով, վարպետության դասերը արտասահմանյան փորձին ծանոթանալու լավ հնարավորություն են, ինչի արդյունքում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը բավականին զիջում է արտասահմանյան երկրներին ե՛ւ տեխնիկական հնարավորություններով, ե՛ւ մասնագիտական հմտություններով. «Արտասահմանում հիմա շատ տարածված են լուսային էֆեկտներ ապահովող ժամանակակից սարքերը, իսկ մեզ մոտ փաստ է, որ երբեմն բացակայում են ոչ միայն նման սարքերը, այլեւ արհեստավարժ լուսային նկարիչները»: Ն. Բարսեղյանը, կարեւորելով նման դասերը, ասաց, որ գնալով մասնակիցների թիվն ու հետաքրքրությունն ավելանում է:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ