Դասագրքերի հեղինակը դպրոցականներին հորդորում է անհասկանալի խնդիրներից ողբերգություն չապրել, իսկ ծնողներին խորհուրդ է տալիս
առաջադրանքների մեջ շատ չխորանալ:
Այն դասագրքերը, որոնցով այսօր դասավանդում են մեր դպրոցներում, հեռու են կատարյալ լինելուց: Հանրահաշվի ու երկրաչափության դասագրքերի մեջ այնպիսի սխալ առաջադրանքներ կան, որոնք չեն կարողանում լուծել անգամ ուսուցիչները, հայոց լեզվի դասագրքում կան քերականական ու ոճական սխալներ, անգլերեն դասագրքում կան խիստ վիճելի թարգմանություններ եւ այլն:
Չնայած դրանց, երբ որեւէ դասագրքի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, գրքի հեղինակները ցանկացած դիտողություն այնքան ցավագին են ընդունում, որ պատրաստ են երեխային «դեբիլ հանել», որ չի հասկանում առաջադրանքը, ուսուցչին որակել տգետ, որ ճիշտ չի կարողանում աշակերտներին դասը մատուցել, իսկ ծնողներին՝ անկիրթ, որ չեն կարողանում իրենց երեխային օգնել՝ տնային հանձնարարությունը ճիշտ ընկալելու եւ կատարելու:
2-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված «Մայրենի լեզու» դասագրքում այսպիսի հանելուկ-առաջադրանք են տվել. «Այն ի՞նչն է, ի՞նչը, շան առջեւում է, փոշու՝ մեջ»: Այն լուծելու համար բարեկամիս երեխան ոտքի էր հանել իր ազգուտակի բոլոր բարձրագույն կրթություն ունեցողներին: Որքան էլ վերջիններս փորձեցին տակից դուրս գալ, պատասխանելով՝ ոսկորը, շան բունը, շան քիթը եւ այլն, որեւէ ճշգրիտ պատասխան հնարավոր չեղավ գտնել: Ի վերջո, պարզվեց, որ պատասխանը «շ» տառն է: Մեկ այլ առաջադրանքում ասվում է՝ «Մտնում ես դասարան, առաջինը նրան ես տեսնում, ո՞րն է»: Պատասխանը «դ» տառն է: Որքան հիշում եմ, երբեք դասարան մտնելիս ոչ առաջինը, ոչ էլ վերջինը «դ» տառը չէի տեսնում:
Բազմաթիվ ծնողներ «Առավոտին» իրենց դժգոհությունն են հայտնել, որ իրենք, ունենալով բարձրագույն կրթություն, հաճախ չեն կարողանում լուծել իրենց երկրորդ, երրորդ դասարանի երեխաների առաջադրանքներն ու ամոթով են մնում: Դպրոցում ուսուցիչը նախատում է երեխային՝ առաջադրանքը սխալ կատարելու համար, եւ ծնողի վարկը երեխայի մոտ ընկնում է: Ըստ ծնողների, հաճախ առաջադրանքները այդ տարիքի երեխաների համար բարդ են ու անհասկանալի:
1-ին դասարանից 2-րդ փոխադրվող երեխաներին դպրոցում «Ամառային ղողանջներ» կոչվող աշխատանքային տետր են տալիս՝ ամառային արձակուրդների ընթացքում մաթեմատիկային, հայոց լեզվին առնչվող հանձնարարությունները կատարելու համար: Շատ դեպքերում այդ տետրի առաջադրանքների պահանջից ոչինչ չի հասկացվում: Օրինակ, 56-րդ առաջադրանքում պատկերված են արեւ, շիշ, ոզնի, տանձ, գնդակ, նավ, աստղ, խնձոր, ամպ, նուռ, ուղտ ու թիթեռ եւ ասվում է՝ Արան գաղտնագրել է մի նախադասություն՝ վերծանիր ու գրիր: Երկար-բարակ մտատանջվելուց հետո, թե ինչ պետք է դուրս գա ոզնուց, թիթեռից ու շշից, պարզվում է՝ «Աշոտ, գնա խանութ»:
6-րդ առաջադրանքում իբրեւ թե գնացք է նկարած մեկ՝ վերեւից, մեկ՝ կողքից, ու երեխայից պահանջվում է գտնել, թե ո՞ր նկարն է նկարել մորեխիկը, որը՝ ճնճղուկը: Առաջադրանքի պատասխանն այն է, որ մորեխը գետնի վրա է լինում, հետեւաբար կողքից պիտի նկարած լիներ գնացքը, իսկ ճնճղուկը, որ թռչում է՝ վերեւից: Մինչդեռ, ծնողների պատմելով, այս առաջադրանքը կարդալով՝ երեխաներն առաջին հերթին հարցնում են՝ «մա՛մ, մորեխը նկարե՞լ գիտի»:
10-րդ առաջադրանքում տարբեր չափերի տուփեր են նկարված եւ ասվում է՝ «Ներկիր տուփերը եւ լրացրու նախադասությունն ըստ նմուշի. սեւ տուփը կշռում է 2 կգ»: Երեխաները ստիպված են անկապ լրացնել բաց թողնված տողերը՝ նշելով, որ կապույտը կշռում է իբրեւ թե 5 կգ, կանաչը՝ 3 կգ, մանուշակագույնը՝ 8 կգ, մինչդեռ իրականում ոչ ոք չի կարող ասել, թե որքան կկշռեն տուփերը, քանի որ, ըստ ծավալի, սխալ է երեխային հարցնել դրա քաշի մասին: Արդեն 4-րդ դասարանում նրանց պիտի հրամցնեն մեկ այլ դասագիրք, որտեղ նույն օրինակի վրա նշված է, որ կարող է մեծ տուփի մեջ բամբակ է եւ այն կկշռի 1 կգ, մեկ ուրիշ՝ ավելի փոքր տուփի մեջ երկաթ է եւ այն կկշռի 15 կգ:
Ինչպես երկրորդ դասարանի «Մայրենի լեզու» դասագրքի, այնպես էլ «Ամառային ղողանջների» հեղինակը գրող եւ լրագրող Վաչագան Սարգսյանն է: «Առավոտի» հետ զրույցում վերը նշված առաջադրանքների հետ կապված նա պարզաբանեց, որ դրանք նպատակաուղղված են երեխաների ոչ ստանդարտ մտածողությունը զարգացնելուն. «Հնարավոր է, որ հրատարակչական առումով ինչ-որ բաներ կատարյալ չեն ներկայացված, նկարչի աշխատանքը սխալ է, հնարավոր է գնացքն ավելի պարզ էլ կարելի էր նկարել, բայց ես համոզված եմ, որ այս դասագրքերով սովորած եւ ավարտած երեխան արդեն 4-րդ դասարանում կլինի շատ լավ զրուցակից, համով-հոտով խոսող, խելացի ու չարաճճի, եթե, իհարկե, ուսուցիչները կարողանան դասագրքերում եղածը ճիշտ տալ երեխային»: Մեր հարցին՝ բարդ չէ՞ առաջին դասարանցուն հարցնել այնպիսի երկրաչափական մարմնի մասին, ինչպիսին է հնգանկյունը, Վ. Սարգսյանն այսպիսի պատասխան տվեց. «Երեխայի մեջ անջատիչներ կան, որոնք եթե այս տարիքում մենք չմիացնենք, ողջ կյանքի ընթացքում կարող է դրանք այդպես էլ չմիանան. տարածական պատկերացումները դրանցից մեկն են: Երեխաները, որոնք արդեն դառնում են 6-րդ, 7-րդ դասարանցի, երկրաչափությունից սկսում են դժվարանալ, որովհետեւ տարրական դասարաններում մենք իրենց այդ պատկերացումները չէինք միացրել անջատիչներով, ուստի այդ առաջադրանքները շատ կարեւոր են»: Առաջադրանքներից մեկում երեխային հարցնում են, թե որն է սուտասանի «ընկերը»: Որքան էլ ծնողները փորձում են գուշակել, որ պատասխանը «սուտը» պետք է լինի, ճիշտ պատասխանը, պարզվում է, «խաբեբան» է: Վ. Սարգսյանի համոզմամբ, եթե ուսուցիչը նորմալ դասավանդած լիներ երեխաներին, նրանք այդ առաջադրանքը կատարելիս չէին դժվարանա. «Ընկեր ասելով՝ մենք նկատի ունենք հոմանիշը, իսկ հակառակորդ ասելիս՝ հականիշը»: Ինչ վերաբերում է այն առաջադրանքին, որ երեխայից պահանջում են ծավալով որոշել առարկայի քաշը, Վ. Սարգսյանը ծնողներին խորհուրդ տվեց «այդքան չխորանալ». «Դրանով ուզում ենք երեխայի աչքաչափը որոշել, այդքան բան»:
Կրթության ազգային ինստիտուտի նախադպրոցական եւ տարրական կրթության բաժնի վարիչ Կարինե Թորոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ տարածական պատկերացումների զարգացումը երեխայի համար ծրագրային պահանջ է. «Նրանք ամբողջ տարի այդ մասին անցել են, ուստի կերպարվեստից էլ այդ պատկերացումները պետք է ունենային, բայց եթե կլինեն երեխաներ, որոնք կդժվարանան այդ առաջադրանքները լուծել, դա էլ է օրինաչափ: Պարտադիր չէ, որ բոլորը կատարեն, թող երեխան մտածի: Ուսուցողական նպատակ հետապնդող առաջադրանք է, երեխան ստուգողական չի գրում, որ ասես՝ չի անցել, ինչո՞ւ ես ստուգում: Թող փորձի ու չլուծի, դրանից աշխարհը չի ավերվի»:
Դասագրքերում բազմաթիվ բարդ առածներ կան, որոնք երեխան պետք է գտնի ու իմանա: Սակայն, ըստ դասագրքի հեղինակի, ծնողները չպետք է ողբերգություն ապրեն, եթե երեխան չյուրացնի այդ բարդ առածները. «Եթե երեխան չի հասկանում առածը, ոչինչ, կմեծանա՝ կհասկանա»: