Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՆԱԵՎ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՉԷ

Հոկտեմբեր 06,2009 00:00

\"\"Կարծում է բազմամյա փորձով հաղորդավար Սուսաննա Շահինյանը

Շուրջ 35 տարի Հանրայինի եթերում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որ վարում է ճանաչված հաղորդավար Սուսաննա Շահինյանը: Հաղորդաշարը վստահվել է լավագույն մասնագետների (Դալյա Վարդապետյան, Էդուարդ Մելիքյան, Աշոտ Հախինյան, Ռուբեն Շահնազարով, Յուրի Գզոյան, Սուրեն Ռշտունի եւ այլք): Շաբաթական 5 օր, ամեն առավոտ հաղորդումը «հյուրընկալվում» է յուրաքանչյուրիս տանը: Օրերս խմբագրություն էր եկել «փոստարկղի» տիրուհին, որը մեզ ծանոթացրեց նամակների հերթական խմբաքանակին՝ պատասխանելով «Առավոտի» այն հարցին՝ մի՞թե ինտերնետի եւ էլեկտրոնային նամակների դարում դեռ ստանում են ծրարված նամակներ: Տիկին Շահինյանի համոզմամբ, «Երաժշտական փոստարկղի» երկարակեցության գաղտնիքը հենց ավանդական ձեւը պահպանելով է պայմանավորված: Տիկին Սուսաննայի բերած նամակներում, ինչպես նախկինում, հիմա էլ, երաժշտական պատվերից բացի, կան ընտանեկան պատմություններ ու լուսանկարներ, հիշողություններ, բանաստեղծություններ՝ սիրելի հաղորդաշարին ուղղված: Նամակները ոչ միայն Երեւանից են, այլեւ մարզերից, ԱՊՀ երկներից ու Եվրոպայից, ընդ որում՝ մարզաբնակներն ավելի շատ են գրում «Երաժշտական փոստարկղին», քան երեւանցիները: Ս. Շահինյանը ժպտալով պատմեց, որ հաճախ հասցեն սխալ են գրում, բայց նամակները դարձյալ տեղ են հասնում, օրինակ՝ ռուսաստանցի մեր հայրենակիցներից մեկը Ալեք Մանուկյան փողոցի փոխարեն գրել էր Օլեգ Մանուկյան, չնայած այդպիսի փողոց չկա, բայց նամակը գտել էր հասցեատիրոջը: Ս. Շահինյանը հավաստիացրեց իր սիրելի նամակագիրներին, որ բոլոր նամակներին ու երաժշտական պատվերներին իրենք կանդրադառնան՝ թեկուզ ուշացումով, ուղղակի իրենց եթերաժամը սահմանափակ է, եւ որոշ պատվերներ երբեմն ստիպված են լինում փոխարինել այլ կատարումներով, եթե տվյալ տեսագրությունը Հանրայինի սեփականությունը չէ: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց. «Եթե չլինեին մեր նամակագիրները, հաղորդաշարն էլ չէր գոյատեւի»:

Շուրջ 40 տարի հեռուստատեսությունում աշխատող Ս. Շահինյանը համաձայնեց մեր այդ դիտարկմանը, որ այժմ եթերում ոչ բոլոր հաղորդավարների շուրթերից է գեղեցիկ հայերեն հնչում, ու ոչ բոլորն են համապատասխան արտաքինով: Նաեւ հավելեց, որ երբ ինքն ու իր սերնդի մյուս հաղորդավարներն են ոտք դրել հեռուստատեսություն, իրենց միանգամից մեծ հաղորդումներ չեն վստահվել, իրենք անցել են նախապատրաստական հզոր դպրոց՝ Նառա Շլեպչյանի ղեկավարությամբ: Նրա համոզմամբ, լավ կլիներ, որ ներկայիս հաղորդավարները 2-3 տարի աշխատելուց հետո մի քանի ամիս վերապատրաստում անցնեին՝ միշտ լավ «մարզավիճակում» գտնվելու համար, եւ «ոչ միայն ցուցադրվելու գաղափարը հետապնդեին, այլեւ խոսք ասելու»: Մեր զրուցակիցը փաստեց, որ եթերային թերությունները գալիս են նաեւ նրանից, որ հաղորդավարն ու լրագրողը նույնացվել են, մինչդեռ դրանք տարբեր մասնագիտություններ են: Ուրիշ խնդիր էլ կա՝ գուցե լրագրողական ֆակուլտետներում հաղորդավարական կարճատեւ պարապմունքներ են լինում, եւ ոչ միշտ է համապատասխան դասընթացն անցած երիտասարդը պատրաստ հաղորդավար աշխատելու: Նա պատմեց, որ նախկինում հաղորդավարների ընտրությանը մասնակցում էր անգամ քաղաքի գլխավոր ճարտարապետը, օպերային թատրոնից՝ ձայնի մասնագետ, հայոց լեզվի մասնագետ եւ հեռուստատեսության տնօրինությունը, 70 դիմողից էլ 2-3 հոգի էր ընտրվում: «Ընտրելիս հաշվի էր առնվում հեռուստատեսությամբ տվյալ հաղորդավարի դիմագծերի արտացոլումը, ազգային կեցվածքը… Ես անհարմար չեմ զգում այդ բառը կրկնելուց: Ժամանակին 15 հանրապետությունների հաղորդավարներին դիտելիս՝ անմիջապես տարբերում էիր հային: Ինչ վերաբերում է հագուստին կամ հեռուստատեսային շպարին, պիտի անել այնպես, որ ընդունելի լինի: Նառա Շլեպչյանը միշտ ասում էր՝ հագեք այնպիսի զգեստ, որով կարողանաք հյուր գնալ, որ տարանջատող էկրանը չզգացվի: Մտածեք, որ հյուր եք գնացել հարյուր հազարավոր ճաշակով ու գիտակից մարդկանց»,- պատմեց մեր զրուցակիցը:

Տիկին Շահինյանը չթաքցրեց վիրավորանքը իր սերնդի հաղորդավարների հետ ոչ ճիշտ վարվելու առումով. «Մեզ, որ երկաթյա դպրոց էինք անցել, թրատեցին, նետեցին աջուձախ, ասացին՝ հնոտի ենք ու ժամանակակից չենք…»: Ս. Շահինյանը, որ երկար տարիներ աշխատել է Հոլանդիայում՝ ավարտած լինելով տեղի ֆիլմ-հեռուստատեսային ակադեմիան, փաստեց, որ Հոլանդիայի հեռուստատեսության հաղորդավարները ընդամենը պարզունակ հաղորդում վարողներ են. «Հոլանդիայում եւ յուրաքանչյուր երկրում շատ ավելի լավ են վերաբերվում մանավանդ տարիքով հաղորդավարներին, քան մեզ մոտ: Իրենք կա՛ն, իրենց հարգում են, իրենք մեծ գումարներ են վաստակում եւ արժանավոր են: Հների կողքին նաեւ երիտասարդներն են աշխատում, որոնք հիմնականում մասսայական ժամանցային հաղորդումներում են զբաղված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել