Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Հոկտեմբեր 06,2009 00:00

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ին հրապարակեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով որոշումը, մասնակիորեն բավարարելով «ՀԺ» հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը: Դատարանը մասնակիորեն բեկանել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ հունիսի 5-ին կայացրած վճիռը: Այն է՝ մերժել է Լ. Քոչարյանի պահանջը՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից որպես հայցվորին հասցված նյութական վնաս 3 մլն 620 հազար դրամ բռնագանձելու մասին, մնացած մասով վճիռը մնացել է անփոփոխ: Հիշեցնենք, որ Լ. Քոչարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում պահանջել էր պարտավորեցնել թերթին հերքել իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունները եւ հատուցել տեղեկատվության հրապարակմամբ հայցվորին պատճառված նյութական եւ բարոյական վնասը՝ 16 120 000 ՀՀ դրամի չափով: Հայցը վերաբերում էր «Ռոբերտիչի արկածները Դուբայում» հրապարակմանը, որտեղ խոսք էր գնացել հարբած վիճակում Լեւոն Քոչարյանի կատարած անկարգությունների եւ 4 օր Դուբայի ոստիկանությունում պահվելու մասին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի վճռով Լ. Քոչարյանի հայցը բավարարվել էր մասնակիորեն. որոշվել էր պարտավորեցնել թերթին հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, դատարանը նաեւ որոշել էր հօգուտ Լ. Քոչարյանի բռնագանձել 3620000 ՀՀ դրամի նյութական վնասի հատուցման գումարը (փաստաբանի վճարը), իսկ որպես հայցվորին պատճառված 12500000 դրամի չափով բարոյական վնասը բռնագանձելու պահանջը մերժվել էր: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Լ. Քոչարյանից հօգուտ ՀՀ պետբյուջեի կբռնագանձվի 268600 դրամ, իսկ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ 94000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել