Կայացավ ՍԴ-ների եւ խորհրդարանների գործակցության խորհրդաժողովը
«Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում ՍԴ-ների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով երեւանյան միջազգային 14-րդ խորհրդաժողովը հոկտեմբերի 2-3-ին ԱԺ-ում էր համախմբել ԱՊՀ եւ եվրոպական երկրների սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների ներկայացուցիչներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ, Հայաստանում առկա Սահմանադրության արժեքային ողջ համակարգը ներկայումս խարսխված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման, մեր երկրում ժողովրդաիշխանության հաստատման, իշխանությունների բաժանման ու հավասարակշռման եւ սահմանադրական այլ հիմնարար սկզբունքների իրականացման վրա: «Սահմանադրության գերակայության ապահովումը՝ որպես իրավական պետությունում սահմանադրական կայունության հիմնական երաշխիք» թեմայով զեկույցում Բելգիայի Սենատի նախագահ Արման Դը Դեկերը՝ նշեց. «Տարիների ընթացքում մենք ստեղծել ենք իրավական նորմերի վերահսկողության երկակի ձեւեր: Մեկը ոչ այդքան հստակ վերահսկողության ձեւն է, ինչի ավարտը կարող է լինել որոշակի նորմերի չընդունումը, մյուս վերահսկողության ձեւը կենտրոնական վերահսկողությունն է, ինչն էլ Բելգիայի Սահմանադրական դատարանի մենաշնորհն է: Բելգիայի Սահմանադրության մեջ չկա սկզբունք, որով դատարաններին արգելվում է վերահսկել Սահմանադրական դատարանին: 1941 թվականից դատական իշխանությունները իրավունք չունեն ընդունել սահմանադրությանն առնչվող օրենքներ, նորմեր, դա վերապահված է միայն օրենսդիր մարմնին»:
Վրաստանի ՍԴ նախագահ Գեորգ Պապուաշվիլին իր զեկույցում ներկայացրեց իրենց երկրում սահմանադրական կայունության միտումները՝ նշելով, որ Վրաստանն արդեն իրականացրել է 18 բարեփոխում՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Անփոփոխ են մնացել սահմանադրական այն նորմերը, որոնք մարդու իրավունքների պաշտպանությանն են առնչվում: Վրաստանի ՍԴ նախագահն ասաց. «Մեծ ձեռքբերում էր նոր քաղաքական հավասարակշռության ապահովումը, որն էլ կարգավորեց եւ որոշակիացրեց սահմանադրության հստակ բարեփոխումներ, դրանցից մի քանիսը վերաբերում էին պետական կառավարման մոդելին»: Այսինքն, ամերիկյան նախագահական ձեւից անցում են կատարել նոր՝ կիսանախագահականին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, պալատի նախագահ Ժոզեֆ Կասադեւան ասաց. «Այս կամ այն օրենքի՝ ազգային դատարանի մակարդակով ընդունումը կամ ներքին դատարանների դատավարությունները չպետք է վերջնական արդյունքում նորից լսվեն Ստրասբուրգում, բայց մենք գիտենք, որ Եվրոպական դատարանը հետագայում լրացրեց դժգոհությունները, եթե դժգոհությունն առնչվում է ազգային դատարանի փաստարկումներին, որոնք այս կամ այն չափով պարունակում են սահմանադրական անհամապատասխանություն որոշակի կոնվենցիաների նկատմամբ»:
ՀՀ ՍԴ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարծիքով էլ, այս խորհրդաժողովն առանձնանում է նրանով, որ սա Եվրոպայում առաջին փորձն է ՍԴ-ների եւ խորհրդարանների համատեղ հանդիպում-քննարկումների: Գ. Հարությունյանի մեկնաբանմամբ, մեր երկրում ոլորտի որոշ խնդիրներ արդեն լուծվել են. խորհրդարանը օպերատիվ կերպով արձագանքում է ՍԴ-ի որոշումներին. «Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը ընդամենը 1 տարվա ընթացքում խորհրդարան է ներկայացրել 10 օրենսդրական նախաձեռնություն եւ ՍԴ իրավական դիրքորոշումներն իրացնելու ուղղությամբ հրավիրվել է 2 արտահերթ նիստ»: